Հայկական (Մակեդոնական) հարստություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակեդոնական (Հայկական) հարստություն, բյուզանդական կայսերական հարստություն, նստել է Բյուզանդական գահին 867-1056 թթ.

Բարսեղ Ա Մակեդոնացին, նրա որդի Կոստանդիանոսը և երկրորդ կինը՝ Եվդոկիա Ինգերինան

Բովանդակություն

Հարստության անունը [խմբագրել]

Իր անունը Մակեդոնական (Հայկական) հարստությունը ստացել է հարստության հիմնադիր՝ Բարսեղ Ա-ի ծննդավար՝ Մակեդոնիա բյուզանդական վարչական թեմի անունից:

Ռուսական (խորհրդային) պատմական դպրոցի ներկայացուցիչների երկերում 867-1056 թթ բյուզանդական կայսրերի նկատմամբ օգտագործվում է Մակեդոնական հարստություն եզրույթը: Օտարազգի պատմաբանների մեծամասնությունը ևս օգտագործում են «Մակեդոնական հարստություն» անվանումը (անգլերեն՝ Macedonian dynasty): Սակայն ոչ ռուսալեզու և այդ թվում՝ հայ պատմագրության մեջ կիրառվում է այլընտրանքային՝ «Հայկական հարստություն» անվանումը: «Հայկական հարստություն» (անգլերեն՝ Armenian dynasty) եզրույթի կիրառման կողմնակիցները գտնում են, որ այն ավելի ճշգրիտ է, քան «Մակեդոնական հարստություն» եզրույթը, քանի որ տվյալ հարստության օրոք մի շարք բյուզանդական կայսրեր, ռազմական ընտրանիի և չինովնիկության բազմաթիվ ներկայացուցիչներ հայկական ծագում ունեին:

Հարստության ծագումը [խմբագրել]

Պատմաբանների մեծամասնությունը, հիմք ընդունելով հայկական և բյուզանդական աղբյուրները, գտնում է, որ հարստության հիմնադիր Բարսեղ Ա–ն հայ վերաբնակիչների սերնդից է: Բարսեղ Ա նախնիների մասին առավել մանրամասն պատմությունը պարունակում է այսպես կոչված «Թեոփանեսի շարունակող»-ի տարեգրությունը: Բարսեղ Ա մասին պատմող գլխի հեղինակ Կոստանդիանոս Է Ծիրանածինը, որը նրա թոռն էր, գրում է, որ Բարսեղի նախնիները փախել են Հայաստանից Բյուզանդիա 5-րդ դարի երկրորդ կեսին և բնակություն են հաստատել Ադրիանապոլիս քաղաքի մոտակայքում: Ըստ պատմիչի՝ Բարսեղի տոհմը սերվում է Արշակունիներից:

Հարստության սկզբնավորումը [խմբագրել]

Մեկնելով Պոլիս և դառնալով Միքայել Գ կայսրի ֆավորիտը, որը նրան ամուսնացնում է իր սիրուհի՝ Եվդոկիա Ինգերինայի հետ, Բարսեղը վերացնում է կայսրի ազդեցիկ հորեղբորը՝ Վարդին, դառնալով կեսար, իսկ շուտով նաև՝ գահակից: 867 թ կազմակերպում է կայսրի սպանությունը և միանձնա զբաղեցնելով գահը, հիմնադրում է Մակեդոնական (Հայկական) հարստությունը:

Մակեդոնական Վերածնունդ (867—1057) [խմբագրել]

Մակեդոնական (Հայկական) հարստության օրոք Բյուզանդական կայսրությունը քաղաքական և մշակութային վերելք է ապրում: Բարսեղ Ա հետնորդների մեջ հանդես են գալիս բավականին կիրթ գործիչներ, որոնք բարեհամբույր էին տրամադրված անտիկ մշակույթի հանդեպ: Այսպես, Կոստանդիանոս Է Ծիրանածինը (գահակալության տարիները՝ 913-959) գրքերի մոլի սիրահար էր, գրական տաղանդով օժտված անձնավորություն, ստեղծել է մի շարք բժշկական, պատմական և գյուղատնտեսական երկասիրություններ, իսկ Լևոն Զ՝ աստվածաբան ու պոետ էր:

Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը զարմացնում էր իր հեքիաթային շքեղությամբ և պերճանքով: Նրա տաճարների և աշխարհիկ կառույցների վայելչությունն ու փայլը հմայիչ տպավորություն էր թողնում մեծ քաղաքի հյուրերի վրա: Զարգանում էր ոսկերչությունը, կիրառական արվեստը: Աճում էր եկեղեցիների և վանքերի թիվը:

Հարստության վերջին ներկայացուցիչները [խմբագրել]

Հայկական հարստության տիրակալների ժամանակաշրջանում իր առավելագույն հզորությանը Բյուզանդիան հասավ Բարսեղ Բ օրոք (958 —1025): Հարստության վերջին ներկայացուցիչը կայսրուհի Թեոդորան էր (հունարեն՝ Θεοδώρα) (984—1056, գահակալել է 1055 հունվարի 11-ից առ 1056 թ օգոստոսի 31-ը):

Մակեդոնական (Հայկական) հարստության կայսրերի ցանկը [խմբագրել]

  • Վասիլ Ա Մակեդոնացի (հունարեն՝ Βασίλειος Α΄ο Μακεδών, շուրջ 811— 886, օգոստոսի 29)
  • Լևոն Զ Իմաստասեր կամ Փիլիսոփա (հունարեն՝ Λέων ΣΤ' ο Σοφός, Leōn VI, 866, սեպտեմբերի 19 — 912, մայիսի 11)
  • Ալեքսանդր (греч. Αλέξανδρος) (շուրջ 870—6 հունիս 913) — կայսր՝ 912 մայիսի 11-ից
  • Կոստանդիանոս Է Ծիրանածին (հունարեն՝ Κωνσταντίνος Ζ' ο Πορφυρογέννητος, 17/18 մայիս 905—9 նոյեմբերի 959) — անվանապես գահակալել է 913 թվականից, իրապես՝ 945 թվականից
  • Ռոմանոս Ա Լեկապենոս (հունարեն՝ Ρωμανός Α΄ Λακαπήνος, շուրջ 870—15 հունիսի 948) — կայսր 920 առ 944
  • Ռոմանոս Բ Կրտսեր (հունարեն՝ Ρωμανός Β΄, 938—963) — կայսր 9 նոյեմբեր 959 առ 963
  • Նիկեփորոս Բ Փոկաս (հունարեն՝ Νικηφόρος Β΄ Φωκάς, շուրջ 912—969) — զորավար, այնուհետև կայսր 963 առ 969
  • Հովհաննես Ա Չմշկիկ (տոհմային անունը՝ Կուրկուաս, հունարեն՝ Ιωάννης «Τσιμισκής» Κουρκούας, շուրջ 925—10 հունվարի 976) — կայսր 969 առ 976
  • Բարսեղ Բ Բուլղարասպան (հունարեն՝ Βασίλειος B' Βουλγαροκτόνος, 958 կամ 956—1025) — կայսր 976 թ հունվարից
  • Կոստանդիանոս Ը (հունարեն՝ Κωνσταντίνος Η΄, 960—15 նոյեմբերի 1028) — կայսր (որպես գահակից՝ մանկության տարիներից), իրապես՝ 1025—1028
  • Զոյե (հունարեն՝ Ζωή) (շուրջ 978—1050) — գահակից 1028 նոյեմբերի 15-ից առ 1050, կայսրուհի 1042 թ ապրիլի 19-ից առ հուլիսի 11-ը
  • Ռոմանոս Գ Արգիր (հունարեն՝ Ρωμανός Γ΄ Αργυρός, 968—11 ապրիլի 1034) — կայսր 1028-1034
  • Միքայել Դ Պաֆլագոնացի (հունարեն՝ Μιχαήλ Δ΄ Παφλαγών, 1010—10 դեկտեմբեր 1041)
  • Միքայել Ե Կալափատ (հունարեն՝ Μιχαήλ Ε΄ Καλαφάτης, 1015—24 օգոստոսի 1042) — գահակալել է չորս ամիս 1042 թ
  • Թեոդորա (հունարեն՝ Θεοδώρα, 984—31 օգոստոսի, 1056) — գահակից (1028—1030), կայսրուհի 11 հունվարի 1055 առ 31 օգոստոսի 1056
  • Կոստանդիանոս Թ Մոնոմախ (հունարեն՝ Κωνσταντίνος Θ΄ Μονομάχος, շուրջ 1000—11 հունվարի 1055) — կայսր 11 հունիս 1042 առ 11 հունվար 1055