Դեմոսթենես
Դեմոսթենես (մ.թ.ա..384–322 թթ.), Աթենքի և Հին Հունաստանի նշանավոր հռետոր, աթենական պետական գործիչ: Հետևողականորեն հանդես էր գալիս Հունաստանի քաղաք-պետությունների նկատմամբ հզորացող Մակեդոնիայի գերիշխանության հաստատման դեմ: Իր մի շարք ճառերում քննադատել է Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II նվաճողական քաղաքականությունը, դատափետել Աթենքի ներսում մակեդոնամետ հոսանքի գործիչներին, նպաստել Մակեդոնիայի դեմ հունական քաղաքների համախմբմանը և միասնական ճակատով հանդես գալուն:
Մ.թ.ա 338թ. մակեդոնական զորքերը ջախջախում են Աթենքի և նրա դաշնակիցների մասնական ուժերը Քերոնեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, ինչի հետևանքով Հունաստանն անցնում է Մակեդոնիայի փաստացի գերիշխանության տակ: Փիլիպոսի որդին Ալեքսանդր Մակեդոնացին իր ուշադրությունը կենտրոնացնում է Աքեմենյան Պարսկաստանի նվաճման վրա, ինչը թույլ է տալիս Դեմոսթենեսին մնալ Աթենքում և շարունակել իր հակամակեդոնական գործունեությունը:
Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Աթենքը նորից ընդվզում է, սակայն մ.թ.ա. 322թ. Կրանոնի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հակամակեդոնական կոալիցիայի զորքերը ջավջախվում են մակեդոնական զորավար Անտիպատրոսի կողմից, որը պահանջում է Աթենքից իրեն փոխանցել դիմադրությա առաջնորդներին, այդ թբվում նաև Դեմոսթենեսին: Հռետորը սկզբում փախնում է քաղաքից, բայց տեսնելով Անտիպատրոսի կողմից իրեն հետապնդման համար ուղարկված մարդկանց ինքնասպան է լինում:
Դեմոսթենեսի անվան տակ մեզ է հասել 61 քաղաքական և դատական ճառ, որոնցից առավել նշանավորներն են` Երեք օլիմփոսյան ճառերը, Փիլիպոս արքայի դեմ ուղղված երեք ճառերը, «Պսակի մասին» ճառը: Ճառերը արտահայտիչ են, գրված են պարզ լեզվով, ձևը ենթարկվում է բովանդակությանը, փաստարկները տրամաբանված են, զգացմունքները հուժկու: Կիկերոնն ու Քվինտիլիանոսը ճանաչում էին նրան որպես առաջին և մեծագույն հույն հռետոր: Դեմոսթենեսի ճառերը մեծ ժողովրդականություն էին վայելում Բյուզանդիայում, Վերածննդի դարաշրջանում և Նոր -ամանակների Եվրոպայում, դրանց ոճը նմանակում էին Բոսյուեն, Ֆենելոնը, Մոնտեսքյոն և Միրաբոն:
Աղբյուրներ[խմբագրել]
- Античные писатели, словарь, СПб., 1999