ՆԱՏՕ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՆԱՏՕ-ի դրոշը[1]
ՆԱՏՕ-ի անդամներ կանաչով։

ՆԱՏՕ-ն կամ Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծվել է 1949թ ապրիլի 4-ին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Պայմանագիրը ստորագրեցին 12 երկիր։ 1952 թվականին ՆԱՏՕ-ի անդամ դարձան Թուրքիան և Հունաստանը, 1955 թվականին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը, 1982 թվականին Իսպանիան, 1999 թվականին Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան, 2004 թվականին Բուլղարիան, Սլովենիան, Ռումինիան, Սլովակիան, Էստոնիան, Լատվիան և Լիտվան, 2009 թվականին Ալբանիան և Խորվաթիան։

Ստեղծվել է 1949 թ ապրիլի 4
Անդամ երկրներ 28 անդամ երկիր. ՀՀ-ն համագործակցում է “Խաղաղության համագործակցության” շրջանակներում
Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսեն (Դանիա)
Խոսնակ Ջեյմս Ապաթուրայ
Նստավայր Բրյուսել, Բելգիա
Պաշտոնական լեզուներ Անգլերեն, ֆրանսերեն

ՆԱՏՕ-ի անդամները[խմբագրել]

Երկիրը Անդամագրման թիվը
Բելգիա Բելգիա 1949թ. ապրիլի 4
{{{2}}} ՄԹ 1949թ.ապրիլի 4
{{{2}}} Դանիա 1949թ. ապրիլի 4
{{{2}}} Իսլանդիա 1949թ. ապրիլի 4
{{{2}}} Իտալիա 1949թ. ապրիլի 4
Flag of Canada.svg Կանադա 1949թ. ապրիլի 4
{{{2}}} Լյուքսեմբուրգ 1949թ. ապրիլի 4
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ 1949թ. ապրիլի 4
{{{2}}} Նորվեգիա 1949թ. ապրիլի 4
{{{2}}} Պորտուգալիա 1949թ. ապրիլի 4
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 1949թ. ապրիլի 4
{{{2}}} Ֆրանսիա 1949թ. ապրիլի 4
{{{2}}} Հունաստան 1952թ. փետրվարի 18
{{{2}}} Թուրքիա 1952թ. փետրվարի 18
{{{2}}} Գերմանիա 1955թ. մայիսի 9
{{{2}}} Իսպանիա 1982թ. մայիսի 30
{{{2}}} Հունգարիա 1999թ. մարտի 12
Flag of Poland.svg Լեհաստան 1999թ. մարտի 12
Flag of the Czech Republic.svg Չեխիա 1999թ. մարտի 12
Flag of Bulgaria.svg Բուլղարիա 2004թ. մարտի 24
{{{2}}} Լատվիա 2004թ. մարտի 24
{{{2}}} Լիտվա 2004թ. մարտի 24
{{{2}}} Ռումինիա 2004թ. մարտի 24
Flag of Slovakia.svg Սլովակիա 2004թ. մարտի 24
Flag of Slovenia.svg Սլովենիա 2004թ. մարտի 24
{{{2}}} Էստոնիա 2004թ. մարտի 24
{{{2}}} Ալբանիա 2009թ. ապրիլի1
{{{2}}} Խորվաթիա 2009թ. ապրիլի 1

Հետագայում ՆԱՏՕ-ն ընդլայնվեց և համալրվեց նոր անդամներով։ Ներկայումս նրանց թիվը քսանութն է։

Երկրորդ աշխարհամարտի ավարտից և սառը պատերազմի մեկնարկից հետո Արևմտյան Եվրոպայի և Կանադայի ու ԱՄՆ-ի միջև ստեղծվեց Հյուսիսատլանտյան դաշինքը, որի նպատակն էր անվտանգության երաշխիքներ ապահովել Խորհրդային Միությունից եկող սպառնալիքների դեմ։ ԱՄՆ-ն և իր դաշնակից պետությունները փորձում էին խուսափել ԽՍՀՄ-ի ագրեսիայից և այդ իսկ պատճառով ստեղծվեց այս ռազմաքաղաքական կառույցը։

Պաշտպանական այս կառույցի նպատակները, նախորդ դարից ի վեր, որոշակիորեն վերաձևակերպվել են։ Դաշինքի համար բեկումնային էր մասնավորապես սառը պատերազմի ավարտը, երբ հակառակորդ գլխավոր ուժի՝ Վարշավյան պայմանագրի կազմակերպության փլուզումը զարկ տվեց Հյուսիսատլանտյան դաշինքի մինչև օրս շարունակվող ընդլայնմանը։ 21-րդ դարում ՆԱՏՕ-ի գլխավոր մարտահրավեր է սահմանված ահաբեկչությունը։ Այժմ միջկառավարական այս կազմակերպությունում ներգրավված է 28 երկիր։

Երբ 1949 թ.-ին ՆԱՏՕ-ն հիմնադրվեց, դրա հիմնական նպատակն էր դիմակայել Եվրոպայի բաժանմանը և մի նոր սպառնալիքի, որը Խորհրդային Միության աճող ուժն

Որոշումները կառույցում ընդունվում են համընդհանուր համաձայնությամբ՝ կոնսենսուսով։ Դաշինքի որոշումներ կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան Խորհուրդն է, որը գործում է երեք մակարդակներով՝ մշտական ներկայացուցիչների, արտգործնախարարների կամ պաշտպանության նախարարների, պետությունների ղեկավարների։ Երեք մակարդակում էլ Խորհուրդը որոշումներ կայացնելու նույն լիազորվածությունն ունի։ Որոշումները համարժեք են՝ կարգավիճակով և իրավական ուժով։ Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումները վարում է կազմակերպության գլխավոր քարտուղարը, այժմ՝ Անդերս Ֆոգ Ռասմուսեն։

ՆԱՏՕ-ի ռազմական հիմնական մարմինը Զինվորական կոմիտեն է՝ կազմված անդամ-երկրների զինված ուժերի ներկայացուցիչներից։ Կոմիտեն պարտավոր է հանձնարարականներ ներկայացնել կազմակերպության քաղաքական կառույցներին պաշտպանության բնագավառում անհրաժեշտ միջոցառումների շուրջ։ Պաշտպանության ծրագրավորման կոմիտեում 1966 թվականից ներկայացված չէ Ֆրանսիան։ Սակայն Ֆրանսիայի վերջին նախագահական ընտրությունների ժամանակ դեռ նախագահի թեկնածու և ներկայիս Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ, եթե նա ընտրվի Ֆրանսիայի նախագահ, ապա Ֆրանսիան կվերադառնա ՆԱՏՕ՝ որպես լիիրավ անդամ և այդպես էլ եղավ. 2009 թվականին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում , որն անցնում էր Ստրասբուրգում, Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ «Ֆրանսիան ՆԱՏՕ-ի ընտանիքի անդամ է»։

Կառույցն ունի նաև խորհրդարանական վեհաժողով. այս ձևաչափում կազմակերպության անդամ-երկրների պատգամավորները հնարավորություն ունեն քննարկել անվտանգության խնդիրներ։

ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները ղեկավարվում են զինվորական կոմիտեի նախագահի կողմից և իրականացվում են ռազմավարական երկու՝ Ատլանտյան ու Եվրոպական հրամանատարությունների միջոցով. վերջինները գործում են Միացյալ Նահանգների բարձրագույն պաշտոնյայի հրամանատարությամբ։

Եվրոատլանտյան գործընկերության խորհուրդը ՆԱՏՕ-ի անդամներին ու գործընկերներին(ներկայումս 46 երկիր), միավորում է բազմակողմ մի համաժողովում, որի նպատակը քաղաքական ու անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ երկխոսություն ու քննարկումներ անցկացնելն է։

Այն նաև քաղաքական շրջանակ է ծառայում ՆԱՏՕ-ի և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից երկրների միջև հաստատված երկկողմ հարաբերությունների համար։

EAPC-ն ստեղծելու մասին 1997-ի որոշումն արտացոլում էր Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդի ձեռքբերումներով չբավարարվելու ցանկությունը, որպեսզի հիմնադրվեր ավելի կատարյալ ու կենսունակ գործընկերություն ապահովող մի անվտանգության ֆորում, որը կհամապատասխաներ գործընկերների հետ գնալով ավելի ու ավելի բաղադրյալ դարձող հարաբերություններին՝ ինչպես ԳՀԽ-ի շրջանակներում, այնպես էլ շնորհիվ Բոսնիայում ու Հերցեգովինայում ծավալված խաղաղարար գործողության, որտեղ 1996-ին դաշնակիցների հետ կողք-կողքի ծառայելու համար տեղակայվեցին 14 գործընկեր երկրների զորախմբերը։ Զուգահեռաբար նախաձեռնված այդ լրացուցիչ քայլերը կոչված էին մեծացնելու «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի դերը՝ գործընկերության աշխատանքների ողջ ծավալով որոշումների կայացմանն ու ծրագրմանը գործընկեր երկրների մասնակցության ընդլայնման միջոցով։ EAPC-ի ստեղծումը նաև ընդլայնեց սկզբնապես միայն նախկին Վարշավյան համաձայնագրի երկրների ներգրավման համար նախատեսված գործընկերության շրջանակները՝ ներառելու համար չեզոք արևմտաեվրոպական երկրներին ևս։ EAPC-ում, բացի քաղաքական ու անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ կարճաժամկետ խորհրդակցություններից, նաև երկարաժամկետ խորհրդակցություններ ու համագործակցություն է ծավալվում մի շարք ոլորտների շուրջը։ Ի թիվս այլոց, այդպիսիների թվում են ճգնաժամերի հաղթահարման ու խաղաղարար գործողությունները, տարածաշրջանային խնդիրները, սպառազինությունների նկատմամբ հսկողության ու զանգվածային ոչնչացման, զենքերի տարածմանն առնչվող խնդիրները, միջազգային ահաբեկչությունը, պաշտպանության ոլորտի խնդիրները, ծրագրում բյուջեի ձևավորում, քաղաքացիական պաշտպանության ծրագրում ու աղետներին պատրաստվածություն, սպառազինությունների ոլորտում համագործակցություն, միջուկային անվտանգություն, օդային երթևեկության կառավարման քաղաքացիական ու ռազմական համակարգում և գիտական համագործակցություն։ EAPC-ն իր տրամադրության տակ ունի մի շարք տարբերակներ՝ կախված քննարկման առարկայից, ինչը թույլ է տալիս հանդիպումներ ունենալ՝ ինչպես բոլոր դաշնակիցների ու գործընկերների մասնակցությամբ, այնպես էլ ավելի փոքր, սակայն մասնակիցների չսահմանափակված քանակով աշխատանքային խմբերով։ Նման ճկունությունը նրա հաջողության գրավականն է։ Գործընկեր երկրների մեծ մասը դիվանագիտական առաքելություններ են հիմնել Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ինչը նպաստում է ընթացիկ շփումներին ու հնարավոր դարձնում խորհրդակցություն կազմակերպել անհրաժեշտությունն առաջանալուն պես։ EAPC-ի նիստերը լինում են ամենամսյա՝ դեսպանների մակարդակով, տարեկան՝ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների և պաշտպանության կառույցների ղեկավարների մակարդակով, ինչպես նաև ըստ կարիքի՝ գագաթաժողովի մակարդակով։ 2005 թ. դրությամբ, EAPC-ի նոր, բարձր մակարդակի Անվտանգության ֆորումը կգումարվի ամեն տարի՝ քննարկելու անվտանգության կարևոր խնդիրներ և դիտարկելու ՆԱՏՕ-ի ու Գործընկեր երկրների կողմից դրանց համատեղ լուծման լավագույն եղանակները։

Ի սկզբանե ՆԱՏՕ-ի ստեղծման նպատակն էր դիմակայել ԽՍՀՄ-ի կողմից եկող սպառնալիքին։ Սառը պատերազմի տարիներին ամիջապես ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն չեն բախվել միմյանց հետ, սակայն սառը պատերազմի տարիներին տեղի ունեցած Կորեական պատերազմի, Վիետնամական պատերազմի, Աֆղանական պատերազմի ժամանակ երկու թշնամիներ զինում էին հակամարտող պետություններին՝ ընդդեմ միմյանց՝ինչպես Կորեական պատերազմի ժամանակ, որը սկսեց 1950 հունիսի 25-ին և ավարտվեց 1953 հուլիսի 27-ին։ Պատերազմը ընթանում էր Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև։ Հյուսիսային Կորեային իր աջակցությունն էին ցույց տալիս ԽՍՀՄ, ՉԺՀ-ն, իսկ Հարավային Կորեային ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, որոնցից ամենաակտիվը, իհարկե, ԱՄՆ-ն էր։ Պատերազմի ընթացքում ԽՍՀՄ-ը և ՉԺՀ-ն հայտարարեցին, որ պատերազմի մեջ չեն մտնում, սակայն դա այդպես չէր. և’ ԽՍՀՄ-ը և’ ՉԺՀ-ն մեծ աջակցություն էին ցույց տալիս Հյուսիսային Կորեային։ ԽՍՀՄ-ը իր վրա վերցրել էր հիմնականում ֆինանսավորելու, հակաօդային պաշտպանության և ռազմական խորհրդատուներ մատակարարելու գործը, իսկ ՉԺՀ-ն զինվորականներ էր տրամադրում։ Նույնը տեղի ունեցավ Վիետնամի պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ն պատերազմական գործողություններ էր իրականացնում Վիետնամում, ԽՍՀՄ-ը օգնում էր Վիետնամին, մասնավորապես 1965 թվականին, երբ ԱՄՆ-ն հայտարարեց պատերազմի մեջ մտնելու մասին, հենց նույն թվականին ԽՍՀՄ-ը պաշտոնապես հայտարարեց, որ մտադիր է օգնություն տրամադրել Վիետնամին և այդպեսել եղավ. հենց նուն թվականից սկսած մինչ պատերազմի ավարտը ԽՍՀՄ-ը խոշոր ռազմական և նյութական օժանդակություն սկսեց ցույց տալ Վիետնամին։ Այս երկու պատերազմների մեջ մտել էր նաև ՆԱՏՕ-ն։ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծ օգնություն էր ցույց տալիս ԱՄՆ-ին. որը հիմնական ռազմական գործողություններն էր իրականացնում։ Սակայն, եթե Կորեայում ԱՄՆ-ն և իր դաշնակիցները(ՆԱՏՕ-ն) կարողացան հասնել հաջողության՝ համենայն դեպս կասեցրեցին Հյուսիսային Կորեայի այն միտումները, որով նա ցանկանում էր ամբողջ կզղին իր ձեռքը վերցնել, նունը չկարողացավ անել Վիետնամում. այստեղ , արդեն, պետք է նշել Վիետնամի և նրա կողքը կանգնած պետությունների՝ մասնավորապես ԽՍՀՄ-ի փայլուն հաղթանակի մասին։ Քիչ այլ պատկեր ստացավ Աֆղանական պատերազմը ։1979 թվականին բարդ իրավիճակ ստեղծվեց Աֆղանստանում, երկիրը կանգնեց քաղաքացիական պատերազմի եզրին, մոջահեդները գլուխ բարձրացնելով փորձեցին իշխանությունը իրենց ձեռքը վերցնել։ ԽՍՀՄ-ը նպատակ ունենալով օգնել Աֆղանստանի կառավարական զորքերին՝ զորքեր մտցրեց Աֆղանստան , այստեղ արդեն ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պաշտոնապես չմտնելով պատերազմի մեջ մեծ նյութական և ռազմական օժանդակություն էիր ցույց տալիս մոջահեդներին։ Աֆղանական պատերազմի ժամանակ մոջահեդներին պատրաստում էին Իսրայելում, տեղի հատուկ ծառայության ուժերը ԱՄՆ-ի հովանավորության ներքո.այդպիսի ճամբարներ կային նաև Պակիստանում։

Սառը պատերազմի տարիներին կոնֆլիկտ առաջացավ ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների մեջ։ 1974թ հունիսի 20-ին որպես պատասխան հունական «սև գնդապետների» կողմից Կիպրոսում նոր ծայրահեղական ղեկավար նշանակելուն, Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Կիպրոսի դեմ և գրավեց Կիպրոսի ողջ հյուսիսը այնտեղ ստեղծելով Կիպրոսի թուրքական պետություն, որը մինչ այսօր չի ճանաչվել ոչ մի պոտության կողմից բացառությամբ Թուրքիայի։ Այդ տարիների Հունաստանը չմասնակցեծ ՆԱՏՕ-ի ոչ մի գործողությունների և նույնիսկ կոնֆերանսներին։

Կիպրոսը չի մտնում ՆԱՏՕ-ի բլոկի մեջ, թե’ այն ժամանակ թե’ ներկայումս։

ՆԱՏՕ-ն այսօր[խմբագրել]

1989-ի նոյեմբերը նշանավորվեց Բեռլինի պատի անկմամբ, ինչը դարձավ Սառը պատերազմի ավարտի ազդանշանը։ Կարճ ժամանակ անց Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող փոփոխությունների արագ ընթացքը ՆԱՏՕ-ին կանգնեցրեց անվտանգության նոր ու բնույթով լրիվ այլ խնդիրների առաջ։ Քաղաքական դաշտի փոփոխությունների աննախադեպ ծավալն իր հետ բերեց Եվրոպայում անվտանգության մեծացման լայն հնարավորություններ, բայց և, միաժամանակ, ծնունդ տվեց նոր անորոշ ու անկայուն վիճակների հավանականությանը։ Դաշինքի անդամ երկրների ղեկավարները, Լոնդոնում 1990-ի հուլիսին տեղի ունեցած իրենց համաժողովում արձագանքեցին հին արևմուտք-արևելք ջրբաժանի վրայով՝ բարեկամության ձեռք մեկնելով Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի բոլոր երկրների հետ՝ նոր համագործակցային հարաբերություններ առաջարկելով։ Ամեն ինչ պատրաստ էր, որպեսզի 1991 թ. դեկտեմբերին ստեղծվեր Հյուսիսատլանտյան Համագործակցության Խորհուրդը (NACC). մի ֆորում, որն ի մի կբերեր ՆԱՏՕ-ն ու նրա նոր գործընկեր երկրները՝ ընդհանուր մտահոգության խնդիրներ քննարկելու համար։ (Այդպիսին էր Եվրոպայում տեղի ունեցող փոփոխությունների ընթացքն այն ժամանակ, երբ NACC-ի առաջին նիստն ինքնին արդեն նշանավորվեց պատմական իրադարձությամբ։ Մինչ համաձայնություն էր կայացվում վերջնական կոմյունիկեի վերաբերյալ, ԽՍՀՄ-ի դեսպանը նիստի ընթացքում հայտարարեց, որ Խորհրդային Միությունը կազմալուծվել է, և ինքն այսուհետև ներկայացնում է միայն Ռուսաստանի Դաշնությունը։) Մոտեցումների այս փոփոխությունը մարմնավորվեց Դաշինքի նոր՝ 1991-ի նոյեմբերին հրապարակված ռազմավարական սկզբունքում, որով անվտանգության ավելի լայն հայեցակետ էր ներկայացվում։ Քաղաքական միջոցներով Դաշինքի նպատակները կենսագործելու հնարավորություններն ավելի մեծ էին, քան երբևէ։ Մինչ պաշտպանության ոլորտը մնում էր անձեռնմխելի, այժմ կարելի էր ավելի մեծ նշանակություն տալ տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրներին՝ որպես եվրոատլանտյան գոտում կայունություն ու անվտանգություն հաստատելու միջոց։ Երկխոսությունն ու համագործակցությունն էին լինելու Դաշինքի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ մոտեցման հիմնաքարերը։ Սառը պատերազմն ավարտվել էր, և այժմ գլխավոր նպատակը թյուրիմացաբար կամ կանխամտածված ընդհարումների վտանգը նվազեցնելն ու Դաշնակիցների անվտանգությանը սպառնացող ճգնաժամերի առավել արդյունավետ հաղթահարումն էր, բոլոր եվրոպական պետությունների միջև փոխըմբռնման մեծացումը և անվտանգության ընդհանուր խնդիրների լուծման գործում ճշմարիտ գործընկերության հնարավորությունների ընդլայնումը։

Սառը պատերազմից անմիջապես հետո NACC-ի շրջանակներում տեղի ունեցող քննարկումների առարկան սառը պատերազմից մնացած անվտանգության խնդիրներն էին, օրինակ՝ Մերձբալթյան պետություններից խորհրդային զորքերի դուրս բերումը։ Անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջը նաև քաղաքական համագործակցություն ծավալվեց։ NACC-ն նոր հորիզոններ բացեց շատ առումներով։ Այնուհանդերձ, նրա ուշադրության կենտրոնում բազմակողմանի քաղաքական երկխոսությունն էր, սակայն չկար հնարավորություն, որպեսզի յուրաքանչյուր Գործընկեր անհատական համագործակցություն զարգացներ ՆԱՏՕ-ի հետ։ Դա փոխվեց 1994-ին՝ ՆԱՏՕ-ի և առանձին Գործընկեր երկրների միջև գործնական երկկողմ համագործակցության՝ Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրի նախաձեռնմամբ, ինչը կարևոր առաջընթաց քայլ էր համագործակցության գործընթացում։ Իսկ 1997-ին արդեն ստեղծվեց Եվրոատլանտյան գործընկերության խորհուրդը (EAPC)՝ NACC-ին փոխարինելու և իր սեփական ձեռքբերումներն ունենալու համար, որպեսզի ուղի հարթվի ավելի կատարյալ ու աշխատունակ Գործընկերության համար։

ՆԱՏՕ-ն պարբերաբար խորհրդակցում է Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի (EAPC) իր Գործընկերների հետ, ինչը և ընդհանուր քաղաքական շրջանակ է ստեղծում Գործընկերների հետ հարաբերությունների համար։ Յուրաքանչյուր Գործընկեր նաև ունակ է անհատական հարաբերություններ հաստատելու Դաշինքի հետ՝ Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրի միջոցով, որը ներառում է այնպիսի գործնական աշխատանքներ, որոնց միջոցով Գործընկերները կարող են ընտրել համագործակցության՝ իրենց համար առաջնահերթ հանդիսացող ասպարեզներ։ Գործընկերության այդ երկու կարևոր մեխանիզմներն առանցքային են դարձել եվրոատլանտյան անվտանգության կառույցի համար։ Կատարվել են քայլեր, որպեսզի է՛լ ավելի խորացվի Դաշնակիցների ու Գործընկերների համագործակցությունը՝ Մադրիդի (1997), Վաշինգտոնի (1999), Պրահայի (2002) և Ստամբուլի (2004) գագաթաժողովներում։ Այդ նախաձեռնությունները հիմնված էին համագործակցության ընդհանուր արժեքների ու սկզբունքների վրա և ի ցույց էին դնում Գործընկերության հիմնական նպատակին՝ եվրոատլանտյան գոտում և այլուր խաղաղության ու կայունության ամրապնդման ու տարածման հասնելու շարունակական միտումը։

ՆԱՏՕ-Ն ՌԻԳԱՅԻՑ ՀԵՏՈ[խմբագրել]

Ռիգայի Գագաթաժողովը, որը տեղի ունեցավ 2006 թ. Նոյեմբերի 28-ին և 29-ին, նշանակալի իրադարձություն էր ՆԱՏՕ-ի համար։ Սառը պատերազմի ավարտից հետո՝ դա ՆԱՏՕ-ի անդամ 26 պետությունների և կառավարությունների ղեկավարների ութերորդ հանդիպումն էր և առաջինը, որը գումարվում էր ՆԱՏՕ-ի նորահայտ անդամների վերջին խմբի երկրներից մեկի մայրաքաղաքում։ Ինչպես նշեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յապ դը Հուպ Սխեֆերը, «ոչինչ ավելի հստակ չէր ցուցադրի, թե որքան է Եվրոպան փոխվել դեպի լավը, քան այն փաստը, որ Գագաթաժողովը տեղի է ունենում այստեղ՝ այն Լատվիայում, որը ժողովրդավարական է, այն Լատվիայում, որն ազատ է»։ Լատվիայի մայրաքաղաքում Դաշինքի անդամ երկրների ղեկավարներն ամրապնդեցին իրենց հանձնառությունն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը և միջազգային հանրությանն ավելի լայն մասնակցության կոչ արեցին։ Նրանք ՆԱՏՕ-ի ռազմական կարողությունների ամրապնդման միջոցառումներ ձեռնարկեցին և գործընկերների հետ հարաբերությունները խորացնելու և ընդարձակելու նախաձեռնություններ ամրագրեցին։ Այսպիսով, Դաշինքն ապացուցեց, որ պատրաստ է դիմակայել 21-րդ դարում անվտանգության նոր սպառնալիքներին։ ՆԱՏՕ-ի ղեկավարները Ռիգայում հաստատեցին «Համապարփակ քաղաքական ուղեցույցը»՝ հիմնարար մի քաղաքական փաստաթուղթ, որում շարադրված են Դաշինքի հնարավորություններին, գործողությունների ծրագրմանը և հետախուզությանն առնչվող բոլոր խնդիրների առաջնահերթությունները՝ գալիք տասը և ավելի տարիների կտրվածքով։ Ուղեցույցը, որը հիմնված է Դաշինքի 1999 թ. Ռազմավարական հայեցակարգի վրա, արձանագրում է, որ մոտ ապագայում Դաշինքին ուղղված հիմնական սպառնալիքներ են հանդիսանալու միջազգային ահաբեկչությունը և զանգվածային ոչնչացման զենքերի ու դրանց կրման միջոցների տարածումը, ինչպես նաև փլուզված կամ փլուզվող պետությունների պատճառով առաջացած անկայունությունը, տարածաշրջանային ճգնաժամերը, նոր տեխնոլոգիաների չարաշահումը և կենսաապահովման պաշարների հոսքի խաթարումը։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ Ուղեցույցը սահմանում է, թե ինչ տիպի գործողություններ պետք է Դաշինքն ի վիճակի լինի իրականացնել և ինչ տիպի կարողությունների կարիք կունենա։ ՆԱՏՕ-ի ուժերը պետք է շարունակեն մնալ հավասարակշռված, ճկուն ու արագաշարժ՝ ի զորու իրականացնելու ցանկացած բարդության առաքելություն։ Ուղեցույցը շեշտում է նաև, որ հավանաբար ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է լինելու իրականացնել համեմատաբար ավելի մեծ թվով և ավելի բազմատեսակ փոքրածավալ գործողություններ։ Ռիգայի Գագաթաժողովի օրերին Դաշինքը երեք աշխարհամասերում մասնակցում էր վեց առաքելության ու գործողության։ Դրանք են՝ Միջազգային անվտանգությանն աջակցող ուժերը՝ Աֆղանստանում, Կոսովոյի ուժերը (KFOR), «Ակտիվ ջանք» գործողությունը (Operation Active Endeavour)՝ Միջերկրական ծովում, ՆԱՏՕ-ի շտաբը՝ Սարաևոյում, ՆԱՏՕ-ի ուսուցողական առաքելությունը՝ Իրաքում և աջակցությունը Աֆրիկյան Միության առաքելությանը՝ Սուդանում։

Աֆղանստանի տևական կայունության համար՝ վերակառուցման ու զարգացման կարևորությունն ըմբռնելով, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները միջազգային հանրությանը կոչ արեցին քաղաքական, ռազմական և տնտեսական ավելի լայն մասնակցություն և բազմակողմանի օժանդակություն տրամադրել։ «Աֆղանստանում անհնար է անվտանգություն՝ առանց զարգացման, և զարգացում՝ առանց անվտանգության»,- հայտարարեցին նրանք Գագաթաժողովի հռչակագրում։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները ողջունեցին այնպիսի Շփման խմբի ստեղծման առաջարկները, որը կհամախմբեր շահագրգիռ հիմնական կողմերին՝ կարևոր ռազմավարական խնդիրները քննարկելու և դրանց վերաբերյալ համաձայնության գալու նպատակով։ Գլխավոր քարտուղարին հանձնարարվեց ընթացք տալ առաջարկին։ Դաշինքի երկրների ղեկավարները քննարկեցին նաև ՆԱՏՕ-ի կողմից առաջնորդվող՝ Կոսովոյի ուժերի խնդիրը (KFOR), հաստատելով Դաշինքի՝ Կոսովոյի կարգավիճակի կայացմանն ուղղված միջոցառումների մասը կազմող անվտանգության դրույթներն իրագործելու իրենց պատրաստակամությունը։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հստակեցրեցին, որ, ինչպես Աֆղանստանում, այնպես էլ Կոսովոյում, հաջողությունը կախված է ջանքերի համախմբվածությունից։ Հետևաբար, անվտանգ միջավայր ապահովելու ոլորտում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողությունները կշարունակեն համակարգվել ՄԱԿ-ի, Եվրոպական Միության ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ կառավարման համակարգի ստեղծմանն ու բարեփոխումներին աջակցելուն ուղղված գործողությունների հետ։ Դաշնակից երկրների ղեկավարները Ռիգայում հայտարարեցին, որ ՆԱՏՕ-ի Արձագանքման ուժերը (NRF) հասել են լիակատար մարտունակության մակարդակի։ Տեխնոլոգիապես առաջավոր այս ուժերը բաղկացած են ցամաքային, օդային, ծովային և հատուկ նշանակության ուժերից, որոնք, անհրաժեշտության դեպքում, Դաշինքը կարող է արագորեն տեղակայել։ Դրանք ի վիճակի են աշխարհի ցանկացած կետում ցանկացած տեսակի գործողություն իրականացնել, այդ թվում՝ տարահանումներ, աղետի հետևանքների վերացում, հակաահաբեկչական միջոցառումներ, ինչպես նաև ճանապարհ բաց անել ժամանող ավելի մեծաքանակ ուժերի համար։ Այդ ուժերում կարող է ընդգրկվել մինչև 25 000 զինվորական։ Ծանուցումից հինգ օր անց նրանք կարող են սկսել առաքելությունը և ինքնուրույն գործողություններ իրականացնել 30 օր շարունակ, իսկ վերամատակարարման դեպքում՝ ավելի երկար։ Գլխավոր քարտուղարը NRF-ի լիակատար մարտունակության հասնելը որակեց «խոշոր նվաճում, քանզի այն Եվրոատլանտյան հանրությանն աննախադեպ հնարավորություններ է տալիս»։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Ռիգայում համաձայնության եկան NRF-ի շտապ տեղակայումների համատեղ ֆինանսավորման վերաբերյալ. համաձայնություն, որը երկրներին շահագրգռելու է մասնակցել ուժերի հետագա կազմափոխումներին։ Համաձայնագիրը հատուկ անդրադառնում է օդային փոխադրմանը, ամենածախսատար մասին»՝ ըստ Գլխավոր քարտուղարի։

Գագաթաժողովի ընթացքում, Ռիգայի օդանավակայանում ցուցադրված էր «Բոինգ C-17 օդանավ: ՆԱՏՕ-ի անդամ տասնչորս երկիր և Շվեդիան մտադիր են ՆԱՏՕ-ի Ռազմավարական օդային փոխադրումների շրջանակներում համատեղ ձեռք բերել և շահագործել երեք կամ չորս C-17, ինչը կհամալրի արդեն իսկ ռուսական և ուկրաինական «Անտոնով» An-124 օդանավերով գործող «Ռազմավարական օդային փոխադրումների միջանկյալ լուծում» ձեռնարկումը։ Մեկ այլ նախաձեռնությամբ, նախատեսվում է համադրել աջակցությունն ապագայի A400M օդային փոխադրողի ստեղծմանը։ ՆԱՏՕ-ի Արձագանքման ուժերը և Դաշինքի կողմից տեղակայված այլ ուժեր ապագայում պաշտպանված կլինեն ՆԱՏՕ-ի Ռազմական թատերաբեմի ակտիվ բալիստիկ հակահրթիռային պաշտպանության համակարգով։ Ռիգայում, ՆԱՏՕ-ի և այդ ծրագիրն իրագործող արդյունաբերական խմբի առաջատար «Սայընս Էփլիքեյշնզ Ինթերնեյշնըլ Քորփորեյշնի» (Science Applications International Corporation – SAIC) միջև ստորագրվեց այդ համակարգի մշակման և ներդրման 75 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր։ Դա նախատեսում է, որ ՆԱՏՕ-ի Ռազմական թատերաբեմի հակահրթիռային պաշտպանությունն իր սկզբնական հնարավորություններով կարող է գործել 2010 թ.։ Ռիգայում, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները գործարկեցին հատուկ գործողությունների իրականացման ուժերի փոխակերպման նախաձեռնություն, կոչված համատեղ վարժանքների ընդլայնմանը և դոկտրինի մշակմանը, հանդերձանքի կատարելագործմանն ու փոխգործակցության բարելավմանը։ Դաշնակիցները նաև հետագա աշխատանքներ նախանշեցին արդի գործողությունների համար կենսական նշանակություն ունեցող մի շարք այլ ոլորտներում, ներառյալ օդային դիտարկումները, մատակարարումները և հետախուզական տվյալների փոխանակումը։ Սրանք և ՆԱՏՕ-ի փոխակերպման ընթացքի գործնական պատկերը ցույց տվող այլ քայլերի մի լայն ցանկ Գագաթաժողովի օրերին ի ցույց էր դրված Փոխակերպման ցուցահանդեսում։ 5 Փոխակերպումը ծախսատար է։ Ռիգայի Գագաթաժողովի հռչակագիրն ամրագրեց Դաշնակիցների հանձնառությունը՝ անհատապես ու խմբովին շարունակել ապահովել ՆԱՏՕ-ին առաջադրված խնդիրների լուծման համար պահանջվող միջոցները։ Այդ պատճառով, նրանք կոչ արեցին այն անդամ պետություններին, որոնց պաշտպանական ծախսերը նվազում են, մեծացնել փաստացի ծախսերը։

Ռիգայում, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները համաձայնեցին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդին միանալու հրավիրել ևս երեք երկիր՝ Բոսնիային և Հերցեգովինային, Մոնտենեգրոյին և Սերբիային։ Գլխավոր քարտուղարը նշեց, որ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին անդամակցելը կօգնի այդ

երկրներին դառնալ «եվրոատլանտյան ընտանիքի ավելի լիարժեք անդամ», միաժամանակ շեշտելով նախկին Հարավսլավիայի գործերով Միջազգային քրեական դատարանին լիովին օժանդակելու չնվազող հրատապությունը։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները տվեցին այն, ինչը Գլխավոր քարտուղարն անվանեց Անդամությանը պատրաստվելու գործողությունների ծրագրում ընդգրկված երկրներին՝ Ալբանիային, Խորվաթիային և Մակեդոնիայի* նախկին հարավսլավական հանրապետությանն ուղղված «հստակ ազդանշան» այն մասին, որ «Դաշինքը մտադիր է հետագա հրավերներ հղել այն երկրներին, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի կատարողական չափորոշիչներին և ի վիճակի են նպաստել Եվրոատլանտյան անվտանգությանն ու կայունությանը» ՆԱՏՕ-ի հաջորդ՝ 2008 թ. Գագաթաժողովում։ Դաշնակից երկրների ղեկավարները Ռիգայում ընթացող աշխատանքներն ուղղորդեցին դեպի ՆԱՏՕ-ի գործընկերային կառույցների քաղաքական ու գործնական ներուժի, ինչպես նաև Շփվող երկրների, օրինակ՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ու Ճապոնիայի հետ Դաշինքի հարաբերությունների լիակատար զարգացումը։ Սա կներառի միջոցառումներ, որոնց շնորհիվ խորհրդակցությունները կդառնան ավելի առարկայական, հանդիպումների ձևաչափերն՝ ավելի ճկուն, ինչպես նաև թույլ կտա կայացած գործընկերության միջոցներն ավելի մատչելի դարձնել և՛ նորահայտ գործընկերներին, ինչպիսիք են Միջերկրածովյան երկխոսության գործընթացում և Ստամբուլի Համագործակցության նախաձեռնությունում ներգրավվածները, և՛ Շփվող երկրներին։ Ռիգայում, Դաշինքի անդամ երկրների ղեկավարները սկիզբ դրեցին ՆԱՏՕ-ի Ուսուցողական նախաձեռնությանը, որի նպատակն է օժանդակել Միջերկրածովյան երկխոսության և Ստամբուլի Համագործակցության նախաձեռնության գործընկերների զինված ուժերի ուսուցմանը։ Դա կիրագործվի փուլ առ փուլ՝ նախ ընդլայնելով նրանց մասնակցությունը ՆԱՏՕ-ի արդեն իսկ գործող վարժական ու կրթական ծրագրերին ու գործընկերային միջոցառումներին և Հռոմում ՆԱՏՕ-ի Պաշտպանության քոլեջում Մերձավոր Արևելքի բաժանմունք հիմնելով։ Երկրորդ փուլում ՆԱՏՕ-ն կարող է աջակցել Մերձավոր Արևելքում առանձին ուսումնական հաստատության ստեղծմանը։ Եվ վերջապես, Ռիգայի Գագաթաժողովը Դաշինքի անդամ երկրների ղեկավարներին հնարավորություն տվեց ողջունելու Վրաստանի հետ Խորացված երկխոսության սկիզբը՝ վերջինիս անդամակցելու ցանկությանն առնչվող խնդիրների վերաբերյալ։ Նրանք նաև վերահավաստեցին ՆԱՏՕ-Ուկրաինա Հատուկ գործընկերության կարևորությունն ու ողջունեցին դրա շրջանակներում ընթացող Խորացված երկխոսության հարցում տեղի ունեցած առաջընթացը։ Դաշնակիցները շեշտեցին ՆԱՏՕ-Ռուսաստան գործընկերությունը շարունակելու և ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի ողջ ներուժն օգտագործելու իրենց վճռականությունը։ Նրանք նաև կոչ արեցին ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության միջև ավելի աշխույժ ու խորը համագործակցություն հաստատել։ Գլխավոր քարտուղարը հիշատակեց Աֆղանստանն ու Կոսովոն՝ որպես «երկու ասպարեզ, որտեղ դա, անշուշտ, խիստ անհրաժեշտ է»։ Լատվիայում, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները վերահավաստեցին Հյուսիսային Ամերիկայի ու Եվրոպայի միջև անքակտելի կապի գոյությունն ու ընդգծեցին Դաշինքի փոխակերպման գործին իրենց հանձնառությունը։ Գագաթաժողովի հռչակագիրն ամփոփում է՝ «Որոշումները, որոնք կայացրել ենք համատեղ՝ մեր ղեկավարած աշխատանքներին զուգահեռ, ցույց են տալիս, որ Դաշինքը հարմարվում է 21-րդ դարի անվտանգության միջավայրին՝ իր գործողությունների, փոխակերպված պաշտպանական հնարավորությունների, Եվրոատլանտյան գոտում և դրանից դուրս գտնվող երկրներում ավելի լայն ներգրավման, ինչպես նաև անընդհատ ներքին բարեփոխումների շնորհիվ: Այդ ջանքերը կամրապնդեն Աֆղանստանում մեր առաքելությունն ու Դաշինքի կարողությունը՝ ապագա մարտահրավերներին դիմակայելու համար: Հաջորդ անգամ, մենք կհանդիպենք 2008-ի գարնանը, որպեսզի գնահատենք ձեռքբերումներն ու հետագա ուղղություններ նախանշենք ՆԱՏՕ-ի ընթացող փոխակերպման, այդ թվում՝ նաև մեր ընդլայնման գործընթացի համար»։

Գործընկերության սկզբունքը ներառելով իր անվտանգության հիմքերի շարքում՝ Հայաստանը շարունակում է արդյունավետ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ։ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիը (ԱՀԳԾ) Հայաստանին տրամադրում է լայն հնարավորություն անվտանգության բաղադրիչները զարգացնելու և ամրապնդելու հարցում։ Այս առումով, ԱՀԳԾ գործողությունների շարքում կառանձնացնեինք 2 ոլորտ, որոնք այսօր թեպետ գտնվում է Հայաստանի քաղաքական օրակարգում, սակայն առավել ուշադրության կարիք ունեն։ Առաջինը զինված ուժերի հանրային վերահսկողության ուժեղացումն է, երկրորդը՝ ճգնաժամերի կառավարման և ճգնաժային պատրաստակամության ուժեղացումը։ Այս երկու ոլորտներն ունեն մեկ ընդհանրություն՝ համագործակցության գաղափարը։ Թեպետ ավելի դյուրին կլինի ասել համագործակցության պակասն է այսօր միավորում այս երկու ոլորտները։

Համագործակցություն և ներդաշնակություն ազգային անվտանգություն իրագործողների, ինչպես նաև հանրային վերահսկողության միջև Թեպետ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հավանության է արժանացել անվտանգության խորհրդի կողմից և ուղենիշ է հանդիսանում հետագա անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար, պետք է նշել, որ դրանով այդպես էլ չի իրագործվել ԱՀԳԾ-ով ամրագրված Հայաստանի պատրաստակամությունը «սահմանելու այնպիսի ռազմավարություն և Պաշտպանական հայեցակարգ, որոնք կսահմանեն Զինված ուժերի և անվտանգության այլ կառույցների դերն ու առաքելությունը»։ Ցավալի է, որ այսօր Հայաստանում անվտանգության միասնական ռազմավարության առկայության պայմաններում չկա անվտանգության համակարգերի և տարբեր օղակների միջև լիարժեք փոխլրացում և ներդաշնակություն։ Տեղին է նշել միայն այն հանգամանքը, որ ազգային անվտանգության մարմինների մասին ՀՀ օրենքը յուրովի է մեկնաբանում ազգային անվտանգությունը և այն իրագործելու մեխանիզմները։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. «The official Emblem of NATO»։ NATO։ Արխիվացված օրիգինալից 2012-05-27-ին։ https://archive.is/WTY4։ Վերցված է փետրվարի 20 2008։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]