Անտիկիթերայի սարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտիկիթերայի սարքի ամենամեծ բեկորը

Անտիկիթերայի սարք (հուն.՝ Μηχανισμός των Αντικυθήρων), անտիկ ժամանակաշրջանի անալոգային հաշվիչ մեքենա։ Հայտնաբերվել է Անտիկիթերա կղզու մոտ գտնվող հնադարյան նավերի գերեզմանոցում, դեռևս 1901 թ.։ Սակայն, վատ պահպանված լինելու և այլ բնօրինակներ չլինելու պատճառով, սարքի նշանակությունը հասկացվել է միայն մեկ դար անց։ Սարքի ստեղծման ժամանակը թվագրվում է մ.թ.ա. 1-ին դարի առաջին քառորդում։ Պահպանվում է Աթենքի հնագիտական թանգարանում [1]։

Սարքի պատրաստման որակը թույլ է տալիս ենթադրել, որ այն հասցված է եղել արտադրական մակարդակի և, հավանաբար, ունեցել է նախատիպեր։ Այդ է վկայում նաև սարքի վրա արված գրառումների լեզուն՝ ընդհանուր հունարենը (κοινή ελληνικά), որն օգտագործվում էր համահունական շփումների ժամանակ։

Անտիկիթերայի սարքի աշխատանքը հիմնված է իր ժամանակի աստղագիտական և մաթեմատիկական տեսությունների վրա և նախատեսված է երկնակամարի անշարժ աստղերի նկատմամբ արևային համակարգի մարմինների (արևի, լուսնի և այն ժամանակ հայտնի հինգ մոլորակների) դիրքերը հաշվարկելու համար։

Անտիկիթերայի սարքը բաղկացած է բրոնզե ատամնանիվներից (քանակը՝ 37) ու լիսեռներից և ամփոփված է եղել փայտե արկղի մեջ (չափսերը՝ 33x18x10 սմ), որը առջևի և հետևի պատերին ունեցել է դռնակներ։ Հետևի դռնակի վրա, ըստ երևույթին, գրված է եղել սարքի օգտագործման եղանակը։ Հետևի և առջևի պատերին ունի երեք ցուցավահանակներ (մեկը առջևի և երկուսը հետևի պատերին) և սլաքներ (7 առջևի և 3 հետևի վահանակներին)։ Վահանակների վրա նշված են ամիսների և տարիների անվանումները, կատարված են նշումներ, որոնք սլաքների դիրքերից ելնելով, ցույց են տալիս արևի և լուսնի խավարումները, լուսնի փուլերը, մոլորակների դիրքը։ Սարքը աշխատեցվում էր սկզբնական տվյալները (տարեթիվը) մուտք անելու և հիմնական (արևի) ատամնանիվը որոշակի անկյունով պտտելու միջոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել]