Հայերը Հունաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-հունական հարաբերություններ
Հայաստան և Հունաստան

Հայաստան

Հունաստան

Հայերը Հունաստանում զանգվածային բնակություն են հաստատել V-VI դարերից։ Հայկական պետականության անկման և պարսկա-բյուզանդական պատերազմների պատճառով շատ հայեր ապաստանել են Հունաստանում։ Բյուզանդական կայսրության (որի մասն էր կազմում Հունաստանը) կայսրերը պետության սահմաններն ապահովելու նպատակով VI-VII դդ. բազմաթիվ հայերի (շուրջ 30 հզ.) գաղթեցրել և բնակեցրել են Թրակիայում ու Մակեդոնիայում։ VIII-IX դդ. բռնի Թրակիա են գաղթեցվել նաև բազմահազար պավլիկյաններ, որոնք պավլիկյան ուսմունքի տարածողները եղան Հունաստանում և, ընդհանրապես, Բալկաններում։ Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում (IV-XV դդ. 1-ին կես) պետության գերակշռող տարրից՝ հույներից հետո մեծ կշիռ ունեին հայերը։ Նրանք կարևոր դեր են խաղացել Բյուզանդիայի հասարակական, ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ Բազմաթիվ հայեր եղել են VII դ․ ստեղծված բյուզանդական ռազմական շրջանների բանակաթեմերի զորավարներ։ Վաղ միջնադարում Բյուզանդիայի մշակութային կենտրոններում (Աթենք, Կոստանդնուպոլիս, Ալեքսանդրիա, Անտիոք, Տրապիզոն) կրթվել են հայ երիտասարդներ։ Հայ մտավորականներից շատերը նպաստել են Բյուզանդիայի հոգևոր կյանքի զարգացմանը։ 858-867-ին և 877-886-ին Կոստանդնուպոլսի պատրիարքությունը վարել է նշանավոր գիտնական, հայազգի Փոտը։ Բյուզանդական մշակույթի հայտնի գործիչներից էր կայսր Կոստանդին VII Ծիրանածինը։ Հայ-բյուզանդական մշակութային փոխազդեցություններն առկա են նաև ճարտարապետության մեջ ու արվեստում։ Կիլիկիայում հայկական պետականության ստեղծումից հետո, XI-XII դդ. բազմաթիվ հունահայեր գաղթել են Կիլիկիա, որի հետևանքով համայնքը նվազել է, կրկին բազմամարդ է դարձել XVII-XVIII դդ., թուրքական բռնատիրությունից խուսափած հայերի հաշվին։ Հունաստանի անկախության ձեռքբերումը (1829) նպաստել է հայերի մեծ հոսքին Հունաստան։ Համայնքը սկսել է ստվարանալ XIX դ. վերջից և շարունակվել Մեծ Եղեռնից ու հատկապես 1919-1922-ին հույն-թուրքական պատերազմներից հետո։ Տարբեր տարիներ (1924-1929, 1932-1933, 1946-1947-ին) Հունաստանից հայրենադարձվել են հազարավոր հայեր։ Հունաստանում բնակվում է 35-40 հազար հայ (2010), որոնք կենտրոնացած են Աթենքի և Պիրեայի շրջաններում, Սալոնիկում, Թրակիայում, Կրետե կղզում, Հռոդոսում։ Զբաղվում են արհեստագործությամբ (ոսկերիչներ, կոշկակարներ, կահույքագործներ) և առևտրով։ Կան նաև հայտնի գործարանատերեր, մեծ ընկերությունների տնօրեններ։ Համայնքը ղեկավարում է Ազգային վարչությունը (որին ենթակա են տնտեսական և ուսումնական խորհուրդները)։ Գործում են 10 առաքելական (70-ամյա պատմություն ունի Աթենքի արվարձան Ֆիքսի Ս․Կարապետ եկեղեցին), 2 կաթոլիկ, 2 ավետարանական եկեղեցիներ, 4 ամենօրյա (Սոֆի և Լևոն Հակոբյան, Ա․ և Ժ․ Ճենազյան, Զավարյան) և կիրակնօրյա դպրոցներ, հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, ՀԲԸՄ, ՀՄԸՄ, Հայ կապույտ խաչ, Հայ գթության խաչ, Հովարդ Կարագյոզյան հաստատության Հունաստանի մասնաճյուղը, երիտասարդական և պատանեկան միություններ, Համազգային մշակութային, Հաճնի հայրենակցական, «Արաքս», «Արարատ» միությունները, Հայ դատի հանձնախումբը։ 1996-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը։ 1890-ին Աթենքում լույս է տեսել Հունաստանում առաջին հայերեն պարբերականը՝ «Ասպարեզ»-ը։ Առայսօր Հունաստանում հրատարակվել են 67 անուն պարբերականներ։ Ներկայումս լույս են տեսնում «Ազատ օր» (1945-ից), «Նոր աշխարհ» (1969-ից), «Ժողովրդային պայքար» (1982-ից), «Դրոշակ», «Բռունցք» (1991-ից), «Երիտասարդական կանչ» (1995-ից) պարբերականները։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին և մինչև այժմ եղբայրական հարաբերություններ ունեն ։

Արտաքին հղումներ[խմբագրել]