Հայերը Սիրիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերը Սիրիայում, Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային փոքրամասնություններից մեկը, հայկական սփյուռքի մաս։

Հայերը Սիրիայի տարածքում բնակվել են վաղնջական ժամանակներից։ Սիրիայի և Հայաստանի միջև կապեր են սկսել զարգանալ Տիգրան Մեծի կողմից Սիրիան գրավելուց և առաջին անգամ արաբներին Սիրիա տեղափոխելուց հետո։ Առաջին տեղեկությունները հայ բնակչության գաղթի մասին դեպի Սիրիա վերաբերում են 6-րդ դարին։ 700-862 թվականներին Հայաստանն ընդգրկվել է Արաբական Խալիֆայության կազմի մեջ, որով նոր էջ է բացվել հայ-սիրիական հետագա կապերի զարգացման պատմության մեջ։ 9-15-րդ դարերում Սիրիայում հայերի թվաքանակը բավականին աճել է՝ հյուսիսային Սիրիա հայերին գաղթեցնելու բյուզանդական քաղաքականության, ինչպես նաև Բագրատունյաց և Կիլիկյան հայկական թագավորությունների անկման և սելջուկ թուրքերի ասպատակությունների հետևանքով։

Սիրիահայ ժամանակակից համայնքը ձևավորվել է հիմնականում 1915-1920 թվականներին` Հայոց Ցեղասպանության արդյունքում սկսված զանգվածային բռնագաղթի հետևանքով։ 1918 թվականին սիրիահայության թիվը եղել է շուրջ 142 հազար, որից 60 հազարը բնակվել է Հալեպում։ Հետագայում հայերն աստիճանաբար արտագաղթել են Լիբանան, Եվրոպական երկրներ, Կանադա, ԱՄՆ և Հայաստան (1946-1948 թվականներ, 1964-1966 թվականներ)։ Սիրիայում բնակվում է շուրջ 150 հազար հայ, մեծ մասը կենտրոնացած է Հալեպում (շուրջ 70 հազար), մնացյալը` Կամիշլիում (շուրջ 10 հազար), Դամասկոսում (շուրջ 8 հազար), Լաթակիայի, Հոմսի, Ռակկայի, Հասաքեի, Դեյր Զորի նահանգներում (ավելի քան 30 հազար)։ Գործում են հայ ավանդական երեք կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի տեղական մարմինները, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ երիտասարդաց ընկերակցության, Թեքեյան մշակութային միության, «Նոր սերունդ» մշակութային միության, ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի մասնաճյուղերը, Կրթասիրաց մշակութային միությունը, Գերմանիկ-Վասպուրական մշակութային միությունը, Ազգային մշակութային միությունը, Ուրֆայի Վերածնունդ մշակութային միությունը, Կիլիկյան մշակութային միությունը և հայրենասիրական ու մշակութային այլ միություններ։ Այս տվյալները վերաբերում են մինչև 2012թվականն ընկած ժամանակահատվածին։

Բարեսիրական շրջանակներում գործում են ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի (Սիրիայի Հայ օգնության խաչ՝ ՍՕԽ), «Հովարդ Կարագյոզյան» հաստատության, Ջինիշյան հիշատակի ծրագրի տեղական մարմինները, Հալեպի թեմի Ընկերային ծառայության խորհուրդը, եկեղեցիների Աղքատախնամ մարմինները, հայկական «Ալթունյան», «Մազլումյան», «Աստուրյան» հիվանդանոցները, «Ջեբեջյան» ակնաբուժարանը և «Կյուլպենկյան» ծննդատունը։

Սիրիայում գործում են՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Դամասկոսի թեմը (առաջնորդանիստը՝ Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցի, առաջնորդը՝ Արմաշ եպս. Նալբանդյան) և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Հալեպի թեմը (առաջնորդանիստը՝ Հալեպի Քառասուն Մանկունք եկեղեցի, առաջնորդը՝ Շահան եպս. Սարգիսյան) և Ջեզիրեի թեմը, Հայ Կաթողիկե եկեղեցու Բերիո, Դամասկոսի և Կամիշլիի թեմերը։ Գործում են նաև Հայ Ավետարանական եկեղեցիներ։

Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների, հայկական բարեգործական, կրթական և մշակութային կազմակերպությունների հովանու ներքո գործում են հայկական դպրոցներ, թատերական ու երաժշտական խմբեր, արվեստի «Սարյան ակադեմիա», «Արշիլ Գորկի» (համազգայինի հովանու ներքո) և «Արմիս» դպրոցները։ Սիրիայում Հալեպի թեմի առաջնորդարանի հովանավորությամբ գործում է Սիրիահայ գրողների միությունը։

Հալեպում լույս է տեսնում Ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հալեպի հայ համայնքը ոգևորությամբ է ընդունել կառավարական զորքերի առաջխաղաղումը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]