Հայերը Լեհաստանում
| Լեհաստան և Հայաստան | |
Լեհաստան |
Հայաստան |
Տակավին 14-15-րդ դարերում Լեհաստանում ապաստան են գտել մեծ թվով հայ գաղթականներ, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրել են տեղի բնակչության հետ: Լեհաստանի հայ գաղութը ստվարացել է հատկապես Բագրատունյաց մայրաքաղաք Անիի կործանումից հետո : Նրանց մեջ եղել են հմուտ արհեստավորներ, երկրագործներ, առևտրականներ, որոնք ըստ ամենայնի նպաստել են լեհական պետության զարգացմանը, հարկ եղած դեպքում զենքով պաշտպանել երկրի անվտանգությունը: Արևելքում Լեհական դիվանագիտության ռահվիրաններն էին Յան Սոբեսկին, Սեֆեր Մուրատովիչը, Շիմոն Պետրովիչը, Ռոմաշկևիչը և ուրիշներ: Դրա շնորհիվ էլ լեհ թագավորները հովանավորել են հայերին՝ նրանց ընձեռելով զանազան արտոնություններ, շնորհել ազգային սովորույթների և կրոնի պահպանության իրավունք: Լեհահայերը կառուցել են եկեղեցիներ (կաթոլիկ), հիմնել դպրոցներ, հիվանդանոցներ: 17-րդ դարում նրանք ունեին տպարան և թատրոն: Լեհահայերը տվել են նշանավոր գիտնականներ (Մելխիոր Ստեֆանովիչ, Սահակովիչ Կասյան, Շիմոն Պետրոսովիչ, Յակոբ Առաքելովիչ, Ստեփանոս Ռոշքա, Գոգոժ Փիրամովիչ և ուրիշներ), պատմիչներ (Հովհաննես Կամենեցացի, Սիմեոն Լեհացի, Յան Տոմաշ Յուզեֆովիչ), բանաստեղծներ ու երաժիշտներ (Շիմոն Շիմոնովիչ, Տոմաչ Նարգիլևիչ, Յոզեֆ Դիոնեզի Մինասովիչ, Կայեթան Աբգարովիչ, Ադոլֆ Աբրահամովիչ, Յուզեֆ Նիկորովիչ, Կարոլ Միկուլին և ուրիշներ): Նրանք հիմնականում ապրել են Լվովում, Կամենեց-Պոդոլսկում, Լուցկում, Վոլինում, Ռաշկովում, Կրակովում, Պոզնանում, Վրոցլավում, Լյուբլինում և Վարշավայում: 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին մասնատված լեհական հողերում մնացել են փոքրաթիվ, հիմնականում կաթոլիկ հայեր, որոնք աստիճանաբար ձուլվել են: Ներկայումս Լեհաստանում բնակվում է 92.000 հայ, որոնց մեծ մասը Հայաստանից արտագաղթել են վերջին 10-15 տարիների ընթացքում: Նրանց մի մասը լեհ հասարակության մեջ որոշակի դիրքի է հասել. զբաղված են պետական կառույցներում, գիտության ու մշակույթի բնագավառներում: 1980 թ.-ից Կրակովում գործում են Հայ մշակույթի համակիրների շրջանակը (ընկերություն), 1985 թ.-ից՝ Հայ մշակութային ընկերությունը , որոնց նպատակն է համախմբել լեհահայությանը, վերականգնել նրանց մշակութային ավանդություններն ու կապեր հաստատել Հայաստանի հետ: Գործում է Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցին Գլիվիցում, միակ առաքելական Սուրբ Վասիլ եկեղեցին Վարշավայում :
|
|||||||||||||||||||||||