Հայերը Քուվեյթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-քուվեյթական հարաբերություններ

Քուվեյթ

Հայաստան

Հայերը Քուվեյթում (արաբ․՝ الأرمن في الكويت‎‎), Քուվեյթում բնակվող հայազգի մարդիկ։ 2013 թվականի դրությամբ երկրում հայ բնակչությունը զգալիորեն աճել է[1]։ Մինչ Պարսից ծոցի պատերազմը հայ բնակչությունը հասել է իր գագաթնակետին՝ 12000[2]։ Բայց Իրաքի ներխուժումից հետո Քուվեյթում բնակվող հայերի թիվը զգալիորեն կրճատվել է՝ հասնելով 500-ի[2]։ Պատերազմի պատճառով հայերը զանգվածաբար հեռացել են Քուվեյթից։

Հայերը Քուվեյթում հաստատվել են 1950-ական թվականներից՝ այստեղ գալով Իրաքից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Պաղեստինից ու Հորդանանից։ Համայնքը ձևավորվել է 1954 թվականից, երբ հայերի թիվն անցել է 1000-ը, ստեղծվել է առաջին համայնքային կառույցը՝ Ազգային վարչությունը։ 1956 թվականից համայնքն անցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո և 1961 թվականից ունի մնայուն հոգևոր հովիվ։ 1963 թվականին կառուցվել է եկեղեցի-հանդիսասրահ։ 1982 թվականին Էնտուզ Էլ Քուվեյթում ստեղծվել է Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմ։

1958 թվականից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, 1961 թվականից՝ Հայ ազգային վարժարանը, որն ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ։ Գործել են ֆուտբոլի խումբ, «Սեպումյան» թատերախումբը, երկսեռ երգչախմբեր և այլն։ Հայերի գերակշիռ մասն ապրում է մայրաքաղաքում։ Առավելապես արհեստավորներ են ու մանր առևտրականներ, կան նաև պետական ծառայողներ ու մտավորականներ։ Գործում են Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցին, վարժարան՝ նախակրթական, միջնակարգ և երկրորդական բաժիններով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի առաջին հայտնի գաղթը դեպի Քուվեյթ սկսվել է 1890-1900 թվականների վերջին (դարի սկզբին)[3]։ Առաջին հայկական ընտանիքները ստեղծվել են 1947 թվականին (Պողոս Հովակիմյանը կնոջ՝ Արուսյակի հետ, որդին՝ Հովակը ծնվել է 1952 թվականին, Քուվեյթի ամերիկյան հիվանդանոցում ծնված առաջին հայը, Միհրան Զաքարյանը և իր ընտանիքը)։ Այն ժամանակ երկրում ապրել է 40-ից պակաս չամուսնացած հայ տղամարդ։ Նրանց թվում են եղել Իրանից գաղթած Ներսես Շահզոյանը, Աշոտ Բաբկենը, Սամուել Գալուստյանը (1950-ականների սկզբին) և Հրայր Հակոբյանը (1950-ականների վերջ)։ Հայերի ամենահայտնի գաղթը Քուվեյթ տեղի է ունեցել 1950-1960-ական թվականներին Սիրիայում և Եգիպտոսում արաբական ազգայնականության աճից անմիջապես հետո։

Հայոց ցեղասպանության հետևանքով շատ վերապրածներ ստիպված են եղել նախ բնակություն հաստատել Լևանտում, այդ թվում՝ Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում և Իրաքում։ 1958 թվականին արաբական ազգայնականության առաջին ալիքը տարածվել է Սիրիայում և Եգիպտոսում։ Սա հարիր չի եղել այդ երկրների հայաշատ համայնքներին։ Արաբական Միացյալ Հանրապետության ստեղծումը հրահրել է հայերի զանգվածային գաղթ դեպի Լիբանան (Սիրիայից), ինչպես նաև Կանադա և ԱՄՆ (Եգիպտոսից)։ Որոշ սիրիահայեր ներգաղթել են Քուվեյթ, երբ այն դեռ բրիտանական մանդատի տակ է գտնվել։

Քուվեյթ հայ ներգաղթյալների առաջին ալիքը մարդիկ էին, ովքեր փորձել են փախչել արաբական այլ երկրներում տեղի ունեցած անկարգություններից։ Նրանք հիմնականում ինժեներներ և կապալառուներ էին Իրանից, ինչպես նաև հմուտ արհեստավորներ Հալեպից, ովքեր աշխատանք են գտել Քուվեյթի թեթև արդյունաբերության, մեքենաների վերանորոգման, մեքենաների թափքի վերանորոգման, սանտեխնիկայի, էլեկտրականության և սպասարկման ոլորտներում։

Հայ երիտասարդների նոր հոսքը հարկադրել է Քուվեյթում բացել հայկական դպրոց, որը ղեկավարել է Վիգեն Շահզոն (նույն ինքը՝ Վիգեն Շահզոյան)։ 1960 թվականին Վիգեն Շահզոն և նրա եղբայրը՝ Արշավիր Շահզոն, հայ համայնքի այլ նշանավոր ներկայացուցիչների աջակցությամբ Քուվեյթում հիմնել են առաջին հայկական դպրոցը և Հայ Առաքելական Եկեղեցին։

1980-ականների կեսերին Քուվեյթի հայ բնակչությունը հասել է իր գագաթնակետին՝ 12000-ի։ «Փոթորիկ անապատում» գործողության ընթացքում և դրանից հետո բնակչության թիվը պակասել է, քանի որ հայերը ներգաղթեցին Հյուսիսային Ամերիկա։ 2013 թվականի տվյալներով Քուվեյթում ապրել է մոտ 6000 հայ։

Հայերն իրաքյան ներխուժման ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի օգոստոսին Իրաքը պատերազմ է հայտարարել Քուվեյթին և ներխուժել նրա տարածք։ Այդ ընթացքում բազմաթիվ քուվեյթահայեր մեկնել են արաբական հարևան երկրներ՝ Սիրիա, Լիբանան և Պարսից ծոցի երկրներ։ Մնացած հայերը մեքենաներով փախել են Բաղդադ, ապա՝ Սիրիա։

Երկրում մնացած հայերը հիմնականում բանվորներ են եղել, որոնք փախչելու տեղ չեն ունեցել։ Արշավանքի ժամանակ հայկական դպրոցն ու եկեղեցին փակվել են և հսկվել, որպեսզի կողոպտիչները չհարձակվեն դրանց վրա։ Դրանք անվնաս են մնացել պատերազմի ժամանակ։ Այն բանից հետո, երբ իրաքցիները կոալիցիոն ուժերի կողմից վտարվել են Քուվեյթից, հայ համայնքը զգալիորեն կրճատվել է մինչև 500 հայ։ Պատերազմը նաև պատճառ է դարձել քուվեյթահայերի զանգվածային գաղթի դեպի հյուսիսամերիկյան երկրներ, ինչպիսիք են Կանադան և ԱՄՆ-ը։

Քուվեյթի հայ համայնքի վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուվեյթի հայ բնակչությունը Պարսից ծոցի առաջին պատերազմի ավարտից հետո դանդաղ է աճել։ Հայերի թիվը 2013 թվականին կազմել է մոտ 2500-6000 մարդ։ Մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան երեխաները սովորում են Քուվեյթի հայկական դպրոցում։ Դպրոցը միակ օտարերկրյա հաստատությունն է, որը թույլ է տվել կրոնը ներառել իր ուսումնական ծրագրում, ուն նաև հայազգի ուսուցիչներ։ Հայերի թիվը 2013 թվականին ավելի քիչ է եղել նախապատերազմյան մակարդակի համեմատ, երբ սովորողների թիվը հասել է 700 աշակերտի։ Հայ համայնքը կամաց-կամաց վերականգնվում է և ձգտում հասնել 1980-ականների կեսերի թվին։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուվեյթի հայ առաքելական եկեղեցին

Հայ բնակչության մեծ մասը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն և գտնվում է Կիլիկիայի Սուրբ Աթոռի ենթակայության ներքո։ Քուվեյթը մտնում է Քուվեյթի պրելատի և Պարսից ծոցի Առաջնորդարանի կազմի մեջ, որը հիմնադրվել է Կիլիկիայի Սուրբ Աթոռի կողմից (հայտնի է նաև որպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն) Քուվեյթում գտնվող իր կենտրոնական գրասենյակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «We have around 6,000 Armenians in Kuwait, says ambassador» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին.
  2. 2,0 2,1 «The Armenians of Kuwait: Rebuilding after the Gulf War». 28.09.2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. Alghanim, Salwa The Reign of Mubarak-Al-Sabah: Shaikh of Kuwait 1896–1915 // Salwa Al Ghanim. — С. 17–18. — ISBN 9781860643507. Архивировано из первоисточника 18 փետրվարի 2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]