Հայերը Կանադայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանադահայեր
Ընդհանուր քանակ

55,740 (2011)[1], այլ գնահատականներով մինչև 100,000[2]

Բնակեցում
Օնտարիո (Տորոնտո, Օտտավա), Քվեբեկ (Մոնրեալ, Լիվալ)
Լեզու(ներ)
հայերեն (հիմնականում արևմտահայերեն, փոքր հատվածը խոսում է արևելահայերենով), անգլերեն, ֆրանսերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Ավետարանական Եկեղեցի

Հայերը Կանադայում սկսել են բնակություն հաստատել 19-րդ դարի 80-ական թվականներին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է առաջին հայ ներգաղթողի անունը՝ Կարապետ Ներկարարյան, որը 1887 թվականին հաստատվել է Օնտարիո նահանգի Պորտ Հոպ գյուղաքաղաքում։ 1890 թվականին Հյուսիսային Օնտարիոյի Տեմիսքամինգի շրջանում հանքային հետազոտություններ է ձեռնարկել Ա. Շահինը։ 1892 թվականին Կանադա է գաղթել 37, իսկ 1895 թվականին՝ մոտ 100 հայ։

1896 թվականին Լևոն Պապայանը, այնուհետև Սոկրատ Յութուճյանը Տորոնտոյում հիմնել են արևելյան գորգերի վաճառատներ (երկուսի շառավիղները շարունակվում են ցայսօր)։ Կանադայի Քվեբեկ նահանգի առաջին հայ բնակիչներից է Ազիզ Սարաֆյանը, որն այստեղ հաստատվել է 1904 թվականին։ Սկզբնական շրջանում Կանադա են եկել հիմնականում հայ տղամարդիկ, որոնց նպատակն էր դրամ վաստակելն ու հայրենիք վերադառնալը։ Նրանք որպես բանվորներ աշխատել են Կանադան դեպի Խաղաղ օվկիանոսի ափ տանող երկաթուղու (Canadian Pacific) շինարարության վրա։ Սակայն 19-րդ դարի վերջին թուրքական բռնություններից հալածված հայ գաղթականները ընտանիքներով են ապաստան փնտրել Կանադայում։

Մինչ Մեծ Եղեռնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև մեծ եղեռնը Կանադայում հայերի թիվը հասել է 1800 թվականի։ Նրանք մեծ մասամբ Քղիից էին, Վանից, Մուշից, Խարբերդից, Երզնկայից, գլխավորապես հաստատվել են Բրենտֆորդ, Համիլտոն, Սենտ Կաթրինզ, Պրեստոն արդյունաբերական կենտրոններում, որտեղ բանվորոկան ուժի կարիք կար։

Մեծ Եղեռնից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ եղեռնին հաջորդած շրջանում սակավաթիվ վերապրողների է հաջողվել Կանադա գաղթել, քանի որ երկրի կառավարությունը հայերին դիտել է որպես ասիացիներ, որոնց մուտքը Կանադա տարբեր պատճառներով սահմանափակվել է։ Բացառություն էր Կանադայի կառավարության հատուկ արտոնությամբ 1923-1924 թվականներին 8-12 տարեկան 100 հայ որբերի մուտքը Կանադա, որոնք բերվել էին Հունաստանի Կորֆու կղզու որբանոցից՝ մի խումբ կանադացի բարերարների կազմակերպած Կանադայի հայկական նպաստամատույց ընկերակցության (Armenian Relief Association of Canada) ջանքերով։ Տղաները հաստատվել են Օնտարիո նահանգ Ջորջթաունի (այստեղից էլ՝ «Ջորջթաունյան տղաներ» անվանումը) որբանոց-երկրագործական դպրոցում[4]։ Երեխաների հոգատարության և կրթության համար կազմվել է մասնավոր հանձնախումբ՝ Ա. Լ. Ալեքսանյանի գլխավորությամբ, որը ստանձնել է նաև հայոց լեզվի դասավանդումը։ Ա. Ալեքսանյանի, Լ. Պապայանի և հանձնախմբի մյուս հայ անդամների և տղաների դաստիարակ Սրբուհի Պտուկյանի (Մայրիկի) ջանքերով երեխաներին տրվել է հայեցի դաստիարակություն. մինչև 18 տարեկան երեխաները սովորել են հայերեն և անգլերեն (1936-ին հայերեն և անգլերեն հրատարակել են «Արարատ» մեքենագիր ամսաթերթիկը)։

Այսօր Կանադայում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք Ջորջթաունյան տղաների շառավիղներն են։ Ըստ կանադական ներգաղթի վիճակագրական տվյալների՝ 1900 թվականից մինչև 1930 թվականը Կանադա մուտք է գործել 3100 հայ, որոնց մոտ 75 տոկոսը հաստատվել է Օնտարիո, 20 տոկոսը՝ Քվեբեկ նահանգներում, մնացյալը սփռված էր զանազան քաղաքներում։ Մինչև 1948 թվականը Կանադայի ներգաղթի օրենքներն արգելել են տարագիրների զանգվածային մուտքը։ 1931-1949 թվականներին Կանադա է մուտք գործել ընդամենը 74 հայ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրությունը փոխվել է։ 1946 թվականին Կանադան անդամակցել է Տարագրյալների միջկառավարական հանձնաժողովին՝ հանձն առնելով ընդունել Եվրոպայի բազմաթիվ վտարանդիների։ 1948 թվականին ստեղծվել է Կանադական հայկական կոնգրեսը (Canadian Armenian Congress)[5], որի ջանքերի, ինչպես նաև Կանադայի ներգաղթի օրենքների մեղմացման շնորհիվ հազարավոր հայեր եկել են Կանադա։

1960-1969 թվականներին Ե. Բաստրմաճյանի և Գ. Պետուկյանի երաշխավորությամբ և խնամակալությամբ մոտ 5 հազար հայ գաղթել է Կանադա և հաստատվել Մոնրեալում։ 1970-ական թվականներին հայերի թիվը Կանադայում հասել է 30 հազարի։

Կանադայի հայերի թիվը ստվարացել է հիմնականում Միջին Արևելքի երկրներից՝ Սիրիայից, Լիբանանից, նաև Եգիպտոսից, Թուրքիայից, Հունաստանից գաղթածների հածվին[6]։ Զգալի թիվ են կազմել նաև այդ շրջանում Խորհրդային Հայաստանից գաղթած ընտանիքները։ Համայնքը շոշափելի համալրում է ստացել նաև 1990-ական թվականներին, երբ տնտեսական դժվարությունների պատճառով Հայաստանից Կանադա են տեղափոխվել մի քանի հազար հայեր։

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանության հուշարձան Մոնրեալում։

Ներկայումս (2009) Կանադայում բնակվում է շուրջ 81,5 հազար հայ։ Կենտրոնացված են Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում, բնակվում են նաև Վանկուվեր, Սենտ Կաթրինզ, Համիլտոն, Քվեբեկ, Օտտավա, Վինձոր և այլ քաղաքներում, Նովա Սկոչիա և Նյու Բրունսվիկ նահանգներում։ Հիմնականում արհեստավորներ են, առևտրականներ, աշխատում են նաև արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ։ Զգալի թիվ են կազմում գիտնականները, ճարտարապետները, բժիշկները, արվեստի, գրականության և մամուլի բնագավառի աշխատողները։ Կան նաև խոշոր ձեռնարկատերեր և վաճառականներ։ Կանադայի հայ գաղութը համախմբող եկեղեցական կառույցները սկսել են կազմավորվել 1940-1950-ական թվականներին։

Առաջին հայկական եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, կառուցվել է 1930 թվականին, Սենտ Կաթրինզում։ Ներկայումս հայ առաքելական եկեղեցիներ են գործում Մոնրեալում, Տորոնտոյում, Օտտավայում, Լավալում, Սենտ Կաթրինզում, Վանկուվերում, Միսիսոկոյում, Վինձորում, Համիլտոնում, Քեմբրիջում։ Կանադայում կան նաև հայ կաթոլիկ և ավետարանական համայնքներ, որոնք ունեն իրենց եկեղեցիները և համապատասխան կրթական ու մշակութային կառույցները։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայում պետական ծրագրով գործող հայկական ամենօրյա վարժարաններ սկսել են հաստատվել 1970-ական թվականներին։ Առաջին հայկական դպրոցը կազմակերպվել է Սենտ Կաթրինզում, 1919 թվականին։ Առաջին ամենօրյա հայկական դպրոցը՝ Արմեն Քեպեք-Ալեք Մանուկյան վարժարանը, հիմնել է ՀԲԸՄ-ը 1970 թվականին, Մոնրեալում։ Ներկայումս (2009) Կանադայում գործում են 6 ամենօրյա հայկական վարժարաններ։

Հասարակական և մշակութային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտասի կիսանդրի (Քվեբեկ)

Համայնքի ազգային կյանքը կազմակերպելու համար ստեղծվել են բազմաբնույթ կազմակերպություններ ու միություններ։ Դեռևս 1904 թվականին Բրենտֆորդում աշխատող հայերը, թեև ապրում էին ծանր պայմաններում, հիմնել են Քղիի Օսնակ գյուղի բարեսիրաց ընկերությունը՝ իր ծրագիր կանոնագրով, որի նպատակն էր ուսում և կրթություն տալ Օսնակ գյուղի երկսեռ մանուկներին։ Ընկերությունը գոյատևել է մինչև 1915 թվականը, երբ այդ գյուղի հայությունը բնաջնջվել է թուրքերի կողմից։

Հայ համայնքների կազմակերպման առաջին օրերից հիմնվել են ազգային քաղաքական կուսակցությունների (ՍԴՀԿ, ՀՀԴ) զանազան ակումբներ և կոմիտեներ, բազմաթիվ հայրենակցական, բարեգործական, մշակութային, մարզական, երիտասարդական կազմակերպություններ՝ Պոլսահայ մշակութային միությունը, Հայաստանից արտագաղթածների Երևան-Էրեբունի, պարսկահայերի «Րաֆֆի» մշակութային-հայրենակցական միությունները, Զեյթունի հայրենակցական միությունը, Մոնրեալի եգիպտահայերի ընկերակցությունը, ՀԲԸՄ, ՀՕՄ, Նոր սերունդ, Թեքեյան, Համազգային մշակութային միությունների, ՀՄԸՄ-ի մասնաճյուղերը, Կանադայի հայ ուսանողների միությունը, ՀՀԴ-ի երիտասարդական միությունը, Հայ դատի հանձնախումբը, Հայաստանե համահայկական հիմնադրամի Կանադայի մասնաճյուղը, Արցախե հիմնադրամը, Կանադայի հայ առևտրակաների խորհուրդը, Մալխասյան հիմնարկությունը, Զորյան հիմնարկությունը ևն։

Կանադայի տարբեր քաղաքներում կազմակերպվել են թատերական-գեղարվեստական խմբեր՝ Արմենիաե, Ժորժ Սարգիսյանե, Ալիշանե, Մնակյանե թատերախմբերը, Անիե, Էրեբունիե պարախմբերը, Գուսանե երգչախումբը ևն, լայն գործունեություն է ծավալել Կոմիտասե երաժշտական միությունը։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսնում Ապագա, Հորիզոն շաբաթաթերթերը, Բուրաստան, Գեղարդ, Փունջ, Լրաքաղ, Լուսաբաց, Լուսարձակ, Նոր Սերունդ պարբերականները։ Գործում են հայկական հեռուստատեսային և ռադիոժամեր՝ Թեքեյանի ձայնը (1978 թվականից), Հորիզոնը (1984 թվականից, հովանավորում է Համազգային մաշակութային միությունը) և Թելե Արմենիա անհատական ձեռնարկությունը (1977 թվականից)։

Մեծ համանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտավա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտավայում հայ համայնքը ձևավորվել է 1970-ական թվականներին։ Ներկայումս (2009) այստեղ բնակվում է շուրջ հազար հայ։ Գործում են սուրբ Մեսրոպ եկեղեցին, որին կից՝ մեկօրյա հայկական դպրոց, ՀԲԸՄ Օտտավայի և ՀՕՄ-ի, Սևան մասնաճյուղերը, Հայ մշակութային միությունը։

Մոնրեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայում Հայաստանի դեսպանություն

Մոնրեալում հայերը սկսել են հաստատվել 19-րդ դարի վերջից։ 1910-1913 թվականներին այստեղ եկած 16 երիտասարդ հայերը (հիմնականում՝ Բալուից), համարվում են քաղաքի առաջին մնայուն հայ բնակիչները, որոնց շառավիղներն ապրում են ցայսօր։ Համայնքը ձևավորվել է 20-րդ դարի կեսին։ 1961 թվականին Մոնրեալում բնակվում էր 900, 1982 թվականին՝ 50 հազար հայ։ Ներկայումս (2009) հայերի թիվը Մոնրեալում շուրջ 30 հազար է։ Նրանք հիմնականում աշխատում են արդյունաբերության, առևտրի, կենցաղասպասարկման ոլորտում, զգալի թիվ են կազմում մտավորականները։

Գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Հակոբ հայ առաքելական եկեղեցիները, հայ կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ։ Համայնքում կա ամենօրյա երեք հայկական դպրոց։

Մոնրեալի հայ համայնքի մշակութային և հասարակական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնրեալի հայերի ազգային կյանքը կազմակերպում են Կանադայի թեմի առաջնորդարանը, ՀՀԴ Միհրան Փափազյանե կոմիտեն (1956 թվականից), ՀՀԴ երիտասարդական միության Լևոն Շանթե մասնաճյուղը, ՌԱԿ-ի Էոժեն Փափազյանե ակումբը (1963 թվականից), Հնչակյան կուսակցության Վանիկ մասնաճյուղը (1986 թվականից), ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղը (1956 թվականից) և Ալեք Մանուկյան մարզամշակութային կենտրոնը, ՀՕՄ-ի Սոսեե մասնաճյուղը (1957 թվականից), Թեքեյան 1956 թվականից, ունեցել է Հայ բեմ թատերախումբ (1975-1983) և Նայիրիե պարախումբ (1981-1990), 1978 թվականից՝ Սևանե պատանեկան ամառային ճամբար, Համազգային (1963 թվականից, ունի Պետրոս Դուրյանե թատերախումբ, Քնար երգչախումբ, Անի պարախումբ), Նոր Սերունդ (1989 թվականից) մշակութային միությունների, Հայաստանե համահայկական հիմնադրամի (1993 թվականից) Մոնրեալի մասնաճյուղերը, Պոլսահայ մշակութային միությունը (1967 թվականից, ունի Մնակյան թատերախումբ, Շիրակ պարախումբ, Արարատ մարզական թիմ և երիտասարդական բաժին), Մոնրեալի եգիպտահայերի ընկերակցությունը (1997 թվականից), Մալխասյան հիմնարկը, Մամիկոնյան մշակութային հանձնախումբը, Հայ դատի հանձնախումբը, Հայ ուսանողական միությունը, Կանադահայ բժիշկների միությունը, Հայ կաթոլիկ միության Ալիշան թատերախումբը, Արմենիա ֆուտբոլի թիմը, հայկական ռադիոժամ (1968 թվականից)։

Լույս են տեսնում Ապագա, Հորիզոն շաբաթաթերթերը, Բուրաստան հանդեսը, Գեղարդ եռամսյան, Հայ կաթոլիկ միության, Նոր տեղեկատու ամսաթերթը։ Սենտ Կաթրինզ հայերի առաջին խմբերը եկել են 1904 թվականին։ 1918 թվականին այստեղ կազմվել է առաջին ազգային հոգաբարձությունը։ 1919 թվականին բացվել է Կանադայի առաջին հայկական դպրոցը։

1925 թվականին Լևոն Պապայանի և պրոֆեսոր Բաղդասարյանի գլխավորությամբ հիմնվել է Կանադահայ միությունը, որի նպատակն էր պաշտպանել Կանադայի հայերի քաղաքացիական իրավունքները, բացել հայկական դպրոցներ, նպաստել ազգապահպանմանը։ 1930 թվականից բացվել է Հայ տունը։ Նույն թվականին օծվել է Կանադայում առաջին հայկական եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, հիմնվել են եկեղեցուն կից մարմիններ։ Ներկայումս (2009) Սենտ Կաթրինզում բնակվում է շուրջ 500 հայ։

Տորոնտո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Տորոնտո
Հայ օգնության միության ամենօրյա վարժարան, Տորոնտո։

Տորոնտոյում հայերը բնակություն են հաստատել 19-րդ դարի վերջից։ Սակայն համայնքը սկսել է կազմավորվել 1920-ական թվականներին։ 1916 թվականին Լևոն Պապայանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Հայերի օգնության միությունը, 1923 թվականին՝ ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղը։

1953 թվականին կառուցվել է Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին, գործում են նաև Սուրբ Խաչ, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները, որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ։ Համայնքում կա երեք ամենօրյա վարժարան։

Ազգային կուսակցությունները ներկա են համայնքում իրենց կոմիտեներով, ակումբներով, մասնաճյուղերով։ Գործում են ՀՀԴ Սողոմոն Թեհլերյան կոմիտեն (1956-ից) և ՀՀԴ երիտասարդական միության Սիմոն Զավարյան մասնաճյուղը, ՌԱԿ, Եսայի Յաղուբյան ակումբը (1967), ՍԴԿՀ Փարամազ մասնաճյուղը (1983 թվականից), ՀՕՄ-ի, Ռուբինա (1964 թվականից), Թեքեյան (1967 թվականից), Համազգային (1969 թվականից, ունի Ժորժ Սարգիսյան թատերախումբ, Գուսան երգչախումբ, Էրեբունի պարախումբ), Նոր սերունդ (1978 թվականից) մշակութային միությունների, Պոլսահայ մշակութային միության (1988 թվականից), Հայաստան համահայկական հիմնադրամի (1993 թվականից), Հայկական ժամանակակից հետազոտությունների և փաստագրության Զորյան ինստիտուտի (1985 թվականից) մասնաճյուղերը, Պապայան հիմնարկը, Հայ դատի հանձնախումբը, Տարեց քաղաքացիների ընկերությունը, Կոմիտաս երաժշտական միությունը։ Լույս են տեսնում Նոր սերունդ ամսագիրը, ՀԲԸՄ Խոսնակ Տորոնտոյի, Լուսաբաց պարբերականները։

Գործում է Հայ հորիզոն հեռուստակայանը։ Տեղի հայերի գլխավոր հավաքատեղին Հայ կենտրոնն է։ Տորանտոն կանադահայության երկրորդ խոշոր կենտրոնն է Մոնրեալից հետո։ Ներկայումս (2009) այստեղ բնակվում է շուրջ 30 հազար հայ։

Հայտնի կանադահայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադահայերն ակտիվորեն մասնակցում են երկրի տնտեսական, գիտական կյանքին։ Մեծ վաստակ ունեն բժիշկ Ջոն Բասմաճյանը (Արքայական համալսարանի անատոմիական ֆակուլտետի ղեկավար), տնտեսագետ Ալբերտ Սաֆարյանը (եղել է Դիփ Ռիվերի քաղաքագլուխը), օրգանական քիմիայի պրոֆեսոր, գյուտարար Ստեփան Հանեսյանը, ֆիզիկոս Արա Մուրադյանը (Կանադայի ատոմային կենտրոնի կիրառական հետազոտությունների ղեկավար), աստղաֆիզիկոս Արշավիր Գյոնճյանը, Մոնրեալի գլխավոր հիվանդանոցի ճառագայթային բժշկության բաժնի վարիչ Հարություն Արզումանյանը, արդյունաբերող Զավեն Մեսրոպյանը (Համիլտոնի պողպատի ընկերության արտահանման ղեկավար), պատմաբան Գևորգ Բաղճյանը (վերջինիս նախաձեռնությամբ Մոնրեալի համալսարանում կազմակերպվել են հայագիտական դասընթացներ), դիվանագետ Հայկ Սարաֆյանը։

Կանադայի խորհրդարանի անդամ է (նաև՝ Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար) Սարգիս Ասատուրյանը։ Երկրի մշակութային կյանքում զգալի ներդրում ունեն Կանադայի նկարիչների Արքայական միության անդամ Արման Թաթոսյանը և նկարչուհի Անահիտ Աբրահամյանը, աշխարհահռչակ լուսանկարիչներ Յուսուֆ Քարշը, Արթին Գվուքը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դաշնակահարներ Նորայր Արթինյանը և Գրիգոր Շահվերդյանը, դիրիժորներ Րաֆֆի Արմենյանը (1974 թվականից՝ Ստատֆորդի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար) և Նուրհան Արմանը, երգիչներ Դ. Վարժապետյանը (1974 թվականից՝ Տորոնտոյի օպերային թատրոնի մեներգիչ, Անի երիտասարդական երգչախմբի հիմնադիր և խմբավար) և Արտո Մյուհենտիսյանը, Ժիրայր Գանթարճյանը (1970-ից՝ Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր), երգչուհի Սելմա Քեքլիկյանը (1976 թվականից՝ Արմենիա թատերախմբի կազմակերպիչ և ղեկավար), կոմպոզիտորներ Պետրոս Շուժունյանը և Միհրան Էսեկյուլյանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Statistics Canada. «2011 National Household Survey: Data tables». Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  2. Embassy of Armenia in Canada.
  3. «Համայնքի մասին - Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն». canada.mfa.am. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  4. «Հայերը Կանադայում. հարցազրույց ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին մամուլի խոսնակ ¨ Կանադայում ՀՀ 2000-2006թթ դեսպան Արա Պապյանի հետ». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  5. «ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ». www.old1.hayernaysor.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  6. «Canadian Encyclopedia article on "Armenians"». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։