Հայերը Ռումինիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռումինահայեր
Flag of Romania.svg
Ռումինիայի դրոշը
Ընդհանուր քանակ

100.000

Բնակեցում
Ռումինիա Ռումինիա 3.000
Հունգարիա Հունգարիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Ուկրաինա Ուկրաինա
Մոլդովա Մոլդովա
Բուլղարիա Բուլղարիա
Ռուսաստան Ռուսաստան
Հունաստան Հունաստան
Հայաստան Հայաստան
Ֆրանսիա Ֆրանսիա
Լեզու(ներ)
Հայերեն, Ռումիներեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի

Ռումինիայի հայկական համայնքը հնագույններից է Հարավարևելյան Եվրոպայում։ Այդ են վկայում հայկական բազմաթիվ տեղանունները, երբեմնի հայաշատ քաղաքներում հայկական թաղամասերի ու փողոցների առկայությունը։ Հայերի հոսքը Ռումինիա ուժեղացել է հատկապես Անիի, ապա՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո։ Հայերը կառուցել են քարաշեն եկեղեցիներ, ունեցել իրենց հոգևոր թեմը։ 14-րդ դարի 2-րդ կեսին հայերի թիվը երկրում այնքան է աճել, որ Ալեքսանդր Բարեպաշտ հոսպոդարը հատուկ հրովարտակով Սուչավա մայրաքաղաքում նրանց համար հիմնել է եպիսկոպոսական թեմ։ Նա Լվովից հրավիրել է հայ վաճառականների և բնակեցրել Սուչավա, Սիրետ, Չեռնովցի քաղաքներում՝ շնորհելով մի շարք արտոնություններ։ 1418 թ.-ին նույն հոսպոդարի հրավերով Լեհաստանից երկիր է գաղթել 3 հզ. հայ ընտանիք։ Մեծ թվով հայեր Ռումինիա են եկել 1453 թ.-ին՝ Կոստանդնուպոլսի, 1475 թ.-ին՝ Ղրիմի թուրքական զավթումից հետո։

Հոսքը շարունակվել է 1894–1896 թթ.-ի համիդյան բռնությունների, 1909 թ.-ի Ադանայի կոտորածի և 1915 թ.-ի Մեծ եղեռնի հետևանքով։ Վերջին խոշոր գաղթը դեպի Ռումինիա տեղի է ունեցել 1922 թ.-ին, երբ քեմալական Թուրքիայի զորքերը սկսել են կոտորել Զմյուռնիայի քրիստոնյա բնակիչներին։ Ռումինիայում հայերի թիվը հասել է մոտ 30 հզ-ի։

Հայերը մասնակցել են ռումինական քաղաքների շենացմանը, առևտրի, արհեստների և մշակույթի զարգացմանը։ Հայկական կենտրոններն ունեցել են առանձնաշնորհումներ, հիմնել են իրենց քաղաքապետարանները, դատարանները, առաջնորդվել հայկական օրենքներով՝ մասնավորապես Մխիթար Գոշի Դատաստանագրքով։ Երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առևտուրը կենտրոնացած է եղել հիմնականում հայերի ձեռքին։ Կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց ասպարեզ են եկել հայ մեծահարուստ վաճառական-արդյունաբերողներ։ Դեռևս միջնադարում վանքերին և եկեղեցիներին կից գործել են հայկական դպրոցներ։ Ռումինահայ համայնքն ստեղծել է գրչության կենտրոններ, տպարաններ, հրատարակել բազմաթիվ թերթեր ու ամսագրեր։ 1948–1955 թթ.-ին Ռումինիայի հայոց թեմակալ առաջնորդն էր Վազգեն Պալճյանը (1955–94 թթ.-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա

Ռումինահայերը ռումին ժողովրդի հետ նաև պայքարել են օտար նվաճողների դեմ։ 16-րդ դարում երկրում իշխանությունն անցել է Սերպեգա հայազգի գերդաստանին։ Հոսպոդար Միհայ Վիտեազուլի (16-17-րդ դարեր) խորհրդական հայազգի Արմին Պետերը եղել է նշանավոր դիվանագետ, զորավար, պատմագիր, տիրապետել է օտար լեզուների։ Ռումինական պետության հայտնի դիվանագետներից էր Մանուկ Բեյը։ 1877–78 թթ.-ին Թուրքիայի դեմ ազատագրական պայքարում գեներալի կոչման է արժանացել հայազգի ռազմական գործիչ Միհայիլ Չերքեզը։ Նշանավոր դեմքեր են եղել լուսավորիչ Ասաքի Գեորգեն, գիտնականներ Վասիլե Կոնտան, Սպիրու Հարեթը, Պետրե Միսիրը, Աննա Ասլանը, գրողներ Յոն Բարբուն, Յոն Միսիրը, Ալեքսանդրու Շահիկյանը, նկարիչ Չիկ Տամատյանը, երգիչ Կարբիս Զոբյանը։ Հայկական ծագում է վերագրվում բանաստեղծ Միհայիլ Էմինեսկուին։ 1946–48 թթ.-ին ռումինահայերի զգալի մասը ներգաղթել է Հայաստան, նրանց մի մասն արտագաղթել է նաև այլ երկրներ։

Ներկայումս Ռումինիայում բնակվում է մոտ 3 հզ. հայ՝ կենտրոնացած Բուխարեստում և Կոնստանցայում։ Հիմնականում մտավորականներ են, կան նաև ձեռնարկատերեր։