Հայերը Ֆրանսիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիահայեր
Flag of France.svg
Ֆրանսիայի դրոշը
Ընդհանուր քանակ

1.000.000

Բնակեցում
Ֆրանսիա Ֆրանսիա 500.000 - 900.000
Հայաստան Հայաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Ավստրալիա Ավստրալիա
Լեզու(ներ)
Հայերեն, ֆրանսերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի, Հայ Ավետարանական եկեղեցի

Հայերը Ֆրանսիայում Ֆրանսիայում բնակվող հայերը: Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում՝ VI դարում: Նրանց թիվը աստիճանաբար ավելացել է հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից (XIV դար) հետո, ապա` XV-XVI դարերում, երբ հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսելում, Փարիզում և մի քանի այլ քաղաքներում: Հայերը Ֆրանսիայում բնակվում են հիմնականում Փարիզ, Մարսել, Վերսալ, Լիոն, Նիցցա, Պուատիե, Լա Ռոշել, Բորդո, Սեն Շամոն, Վիեն, Վալանս և այլ քաղաքներում: Սրանք Ֆրանսիայի ամենահայաշատ քաղաքներն են, որտեղ հայերը հայտնվել են դեռ վաղ միջնադարում: Աղբյուրները հիշատակում են Սիմոն եպիսկոպոսին, ով 591 թ.-ին հյուրընկալել է Տուր քաղաքի մայր եկեղեցում: Ֆրանսիացիների և հայերի միջև ռազմական և առևտրական հարաբերությունները զարգացել են 11-14-րդ դդ.-ում` խաչակրաց արշավանքների և Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում` մասնավորապես Լուսինյանների օրոք, երբ բազմաթիվ ռազմական, ինչպես նաև "ամուսնական" դաշինքներ են կնքվել հայ և ֆրանկ ազնվականների միջև: Ֆրանսահայ համայնքը մասնավորապես ստվարացավ, երբ Մեծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների հազարավոր ընտանիքներ և որբեր հաստատվեցին Ֆրանսիայում: Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայում մեծ թիվ են կազմում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները: 2003թ.-ի ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում տեղադրվեց Դավիթ Երևանցու` Կոմիտասի 4-մետրանոց բրոնզե արձանը` "Երգահան Կոմիտասի և 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1.5 մլն հայերի հիշատակին" մակագրությամբ: Ներկայումս Ֆրանսիայում ապրող հայերի թիվը 900 հազար է: Ֆրանսահայ համայնքի ձևավորումից ի վեր ստեղծվել են բազում դպրոց-վարժարաններ, հասարակական, բարեգործական և մշակութային կազմակերպություններ, որոնք հայապահպանության յուրահատուկ կենտրոններ են: Այս առումով անգնահատելի դեր ունեն Համազգային ամենօրյա վարժարանը, Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը, "Ազնավուրը Հայաստանին" բարեգործական կազմակերպությունը և այլն: Ֆրանսահայ գաղութներում ակտիվ է նաև հոգևոր կյանքը: Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայ կրոնական համայնքները միավորված են Փարիզի, Լիոնի և Մարսելի շրջաններում: Ֆրանսիայի շատ քաղաքներում փողոցները կրում են Հայաստանի աշխարհագրական վայրերի և նշանավոր հայերի անուններ: Օրինակ` Լիոնում կա Հայաստան անունով, Վալանսում Երևան անունով փողոցներ և այլն: Մեծ թիվ են կազմում նաև Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Փարիզն ու Երևանը, Բանյոն ու Վանաձորը, Վալանսն ու Իջևանը և այլն: