Ադանայի կոտորած
Ադանայի կոտորածը վերաբերում է 1909 թ. ապրիլի 1-4 և 12-14-ին Օսմանյան Թուրքիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների հայ բնակչության զանգվածային ջարդին։
Կազմակերպվել է թուրքական իշխանությունների կողմից: Աբդուլ Համիդ II-ի տապալումը և սահմանադրության հռչակումը (1908) էական փոփոխություն չմտցրեցին արևմտահայերի դրության մեջ, սակայն աշխուժություն առաջ բերեցին ազգային-քաղաքական կյանքում: Ադանայի և ընդհանրապես Կիլիկիայի հայերը, որոնք ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թթ. ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը: Սահմանադրական կարգերից դժգոհ թուրքական հետադիմական ուժերն սկսեցին հայերին ամբաստանել որպես «հուրիեթը» (նկատի ունեին սահմանադրական կարգերի հաստատումը Թուրքիայում) բերողների, որոնք իրենց իբր դրանով հետապնդում էին իշխանությունը թուրքերից խլելու և «հայկական թագավորությունը» վերականգնելու նպատակ:
1909-ի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգային խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում: Ջարդն սկսելու վերաբերյալ հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառներ: Կոտորածի նախօրյակին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին մահմեդական բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների: Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին: Առաջին ջարդը տևեց երեք օր: Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով Ռումելիայից Ադանա ուղարկված երիտթուրքական վաշտերի քաղաքում երևալն առիթ տվեց վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին:
Խուժանի հետ կոտորածին մասնակցեցին տեղ հասած կանոնավոր զորամասերը: Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում: Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում: Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր: Դյորթ-Յոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ-Մուրատը, Ֆընտըճագը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից: Երիտթուրքերը դատաքննություն սկսեցին, սակայն դա ձևական բնույթ էր կրում. կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայ բնակչության բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը: Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ:
Գրականություն [խմբագրել]
- Թերզյան Հ., Կիլիկիո աղետը, ԿՊ, 1912
- Աշճյան Հ., Ատանայի եղեռնը և Գոնիայե հուշեր, Նյու Յորք, 1950
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |