Հայկական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական երաժշտություն, հայ ժողովրդի դարավոր երաժշտական մշակույթը։ Այն սկիզբ է առնում մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմաբաններ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ։[1]

Հնադար և միջնադար[խմբագրել]

Երաժիշտ։ Մինջնադարյան ձեռագիր

Մ.թ.ա. III հազարամյակում ձևավորվել էր հայկական երաժշտության որակային յուրահատկությունը։ Մովսես Խորենացին հիշատակում է «պանդիր» երաժշտական գործիքը։ Փավստոս Բյուզանդը հիշատակում է թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը[2]։ Պահպանվել են մինչքրիստոնեական Հայաստանի երգերի տեքստերի հատվածներ, որոնք պատմում են Արա Գեղեցիկի և Շամիրամի, Արտաշես թագավորի մասին։[3] Այդ հնագույն երգերից մեկը, որը վերաբերում է մ.թ.ա. 2-րդ դարին, պատմում է հայ արքա Արտաշեսի և ալանների արքայադստեր՝ Սաթենիկի մասին․

Հեծավ արի արքա Արտաշեսը
գեղեցիկ Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ
անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ
օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը։[4]

Հայերեն խազեր, հին հայկական նոտագրություն, X դար

Մ.թ. 301 թվականից, երբ Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, հիմք է ստեղծվում հայկական քրիստոնեական եկեղեցու երաժշտության զարգացման համար։ Ագաթանգեղոսը հայտնում է, որ IV դարի վերջից բարձրագույն դպրոցներում երգեցողություն են ուսուցանել։ Միևնույն ժամանակ հայտնի է հայկական հոգևորականության բացասական վերաբերմունքը հեթանոսական երաժշտական ժառանգության հանդեպ։

Հայկական նոտագրություն, XII դարի ձեռագիր

Հայ հնադարյան երաժշտության զարգացմանը նպաստում է նաև ֆեոդալիզմի ձևավորումը։ Սակայն գուսանական արվեստը ենթարկվում է հալածանքների (այդուհանդերձ շարունակելով իր զարգացումը)։

Հայ եկեղեցական երաժշտության զարգացմանը նպաստեց 406 թ-ին հայկական այբուբենի ստեղծումը։ Վարդապետարաններում (հայկական դպրոցներում, որոնք, ինչպես հայտնում է Մովսես Խորենացին, առաջին անգամ հիմնադրում է Մեսրոպ Մաշտոցը), ուսուցանվում են երաժշտություն և երգ։

V - VI դարերում ստեղծվում են առաջին հոգևոր երգերը, որոնց հեղինակներն են՝ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Հովհաննես Ա Մանդակունին, Ստեփանոս Սյունեցին, Կոմիտաս Ա Աղցեցին։ Եկեղեցական երաժշտության զարգացման ընթացքում ձևավորվում են շարականները (V դարVII դարում երաժիշտ Բարսեղ Ճոնը կազմում է շարականների առաջին ժողովածուն։ 7-րդ դարի հիմնագիրներից հայտնի է նաև կաթողիկոս Սահակ Գ Ձորոփորեցին։ Ձայների երկրորդ համակարգումը կատարեց Ստեփանոս Սյունեցին՝ 8-րդ դարի առաջին կեսին։ Վերջինս եկեղեցական երաժշտության մեջ ներմուծեց նաև կանոնը։ Հին հայկական երաժշտության զարգացման մեջ նոր ձեռքբերում էր երաժշտական նոտագրության՝ խազերի ստեղծումը 8-9-րդ դարերում։ Խազերի հնագույն ձեռագիրը վերաբերում է 9-րդ դարին։ Ընդհանուր առմամբ պահպանվել է խազերի ավելի քան 2000 ձեռագիր։ Հնադարյան Հայաստանի երաժշտական մշակույթի մասին հայտնում է նաև Դավիթ Անհաղթը (V - VI դդ)։

Երգերի կատարող՝ սազով, հայկական մանրանկար, 1211թ

Հայկական երաժշտությունը նշանակալիորեն զարգանում է զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում՝ X-XIII դարերում։ Դրան նպաստում է հայկական ազգային պետության վերականգնումը IX դարի կեսերին։ X դարում ստեղծվում է պրոֆեսիոնալ երաժշտության նոր ուղղություն՝ տաղը։ Տաղերը խոշոր հասարակական կամ հոգևոր վոկալ պիեսներ են, որոնք ունեն դրամատիկական, վիպական, ինչպես նաև քնարական բնույթ։ Այդ ստեղծագործություններն իրենց սկզբնաղբյուրներով սերում էին գուսանական և գյուղական երաժշտությունից։ Տաղերի առավել հայտնի հեղինակներից են Գրիգոր Նարեկացին (X դար), Խաչատուր Տարոնացին (XII դար) և այլոք։ Հայկական Վերածննդի գուսանական գաղափարները արտացոլված էին ինչպես տաղերում, այնպես էլ «Սասունցի Դավիթ» էպոսում, որը վերջանականապես ձևավորվեց IX - X դարերում։ Հայկական երաժշտական մշակույթի հիմնական զարգացումը կապված է հենց տաղերի հետ։ Երաժշտական նոտագրության համակարգը կատարելագործվում է XI դարում՝ խազերի ի հայտ գալով։ Այն թույլ էր տալիս ավելի ճշգրիտ ֆիքսել մեղեդին։ Ստեղծվում են «Խազգիրք» ժողովածուները, որոնք հանդիսանում էին նաև յուրօրինակ ուսումնական ձեռնարկներ։ Հին հայկական երաժշտության զարգացման գործում մեծ դեր խաղաց Ներսես Շնորհալին (XII դար), ով գրեց բազմաթիվ երգեր, տաղեր և շարականներ։ Հովհաննես Իմաստասերը (XI - XII դարեր), Հովհաննես Երզնկացին (XIII դար) և այլոք իրենց աշխատություններում ուսումնասիրում էին երաժշտա-գեղագիտական բնույթի թեմաներ։ Առաքել Սյունեցին, Հակոբ Կրիմեցին գրել են տվյալ ժամանակաշրջանի երաժշտական գործիքների մասին։ Մեծ արժեք են ներկայացնում Կիլիկիայի թագավորությունում ստեղծված պատմական երգերի բառերը (Խեթում I արքայի որդի Լևոնի գերեվարության մասին և այլն)։ XIV դարից հասարակական տաղերը զգալիորեն դուրս են մղում շարականներին և այլ հոգևոր ստեղծագործություններին։ Հատկապես սկսած XVI դարից՝ Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի միջև բաժանվելուց հետո, ամրապնդվում են սոցիալական թեմաները և գերակայում են ողբերգական երգերը։

Միջնադարյան երգերի ժողովածուներից են Շարակնոցը, Գանձարանը, Մանրուսմունքը և Տաղարանը։[5]

Հին հայկական երաժշտական նոտագրություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Խազ

Ըստ 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու՝ հայերը սկզբնապես օգտագործում էին այբուբենի տառերը՝ երաժշտությունը ֆիքսելու համար։ [6] Հին հայկական երաժշտական նոտագրությունը՝ խազերը, ստեղծվել են VIII-IX դարերում։ [7] Խազերի ստեղծման նախաձեռնողը հավանաբար Ստեփանոս Սյունեցին է եղել։ [8] XII դարից խազերը զարգանում էին նաև Կիլիկիայում,[7] Ներսես Շնորհալին, Գրիգոր Խուլը (XII դար), Գևորգ Սկեռացին (XIII դար) և այլոք բարելավում էին խազերի համակարգի և դրանց նշանների կատարման մեկնաբանման տեխնոլոգիան։ [8] Հայտնի են ավելի քան 40 հիմնական և մինչև 20 [7] կամ 30 [8] լրացուցիչ, ինչպես նաև բազմաթիվ ածանցյալ նշաններ։ Խազերը բաժանվում են 3 հիմնական կատեգորիաների։ [8] Բացի այդ հայկական խազերը պալեոբյուզանդական նշանային համակարգից տարբերվում էին նաև իրենց գրաֆիկական գրելաձևով, անվանումներով և նշանների փոխհարաբերությամբ։ [8] Պահպանվել են ծավալուն ձեռագիր հատորների հսկայական քանակություն, որոնք պարունակում են միջնադարյան հասարակական և հոգևոր ստեղծագործությունների խազային գրառումներ։ IX դարից հայտնի են նաև ձեռագրեր էկհնչյունական նոտագրությամբ։ [6]

Певческий сборник. 1322 г. (Ierus. Arm. 1644. P. 245).jpg
Armenian Hymnaire, 1332.jpg
Armenian Hymnaire, 1342.jpg
Երգերի ժողովածու, 1322թ Երգերի ժողովածու, 1332թ Երգերի ժողովածու, 1342թ

Հին հայկական երաժշտական ժանրերը և բնութագիրը[խմբագրել]

Գուսանական երաժշտություն[խմբագրել]

Գուսանը կատարում է երգ հարսանիքին, XVI դարի մանրանկար

Գուսանները հայ ժողովրդական երգիչներն են։ [3] Նրանց ստեղծագործությունները բացարձակապես հասարակական բնույթ են կրում։ Նախաքրիստոնեական Հայաստանում հելլենիզմի դարաշրջանում [3] գուսանները ծառայում էին Գիսանե աստվածուհու տաճարում,[3] մասնակցում էին ֆարսերի և երգիծական ներկայացումներին։ Գուսանական երաժշտությունը սերում է ստրկատիրական ժամանակաշրջանի Հայաստանի «վիպասանների» ստեղծագործություններից։ Զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում առաջացան «գուսանները» և «վարձակները»։ Գուսանական երգերի մասին վկայում են 5-րդ դարի հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բյուզանդը, Մովսես Խորենացին, Եղիշեն և այլոք։[3] Ժողովրդական երգիչներ գուսանները երգերը կատարում էին հիմնականում խնջույքներին, հարսանիքներին և այլն։ [3] 301 թվականից հետո հայկական եկեղեցին հետապնդում էր գուսաններին։[3] Հայ պատմաբան Փավստոս Բյուզանդը, ով ապրել է IV - V դարերում, նկարագրելով IV դարի իրադարձությունները, գրել է․

Մի անգամ նրանք Տարոնում էին՝ Աշտիշատ եկեղեցական ավանում, որտեղ առաջին անգամ եկեղեցի էր կառուցվել իրենց նախապապ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Երկու եղբայրները՝ Պապը և Աթանագինեսը, ժամանեցին այդ գյուղ։ Խիստ հարբած՝ նրանք սկսեցին ծաղրել աստծո տաճարը․ երկու եղբայրները մտան եպիսկոպոսական հանգստավայր և սկսեցին այնտեղ գինի խմել մարմնավաճառների, երգչուհիների, պարուհիների, գուսանների հետ։ [9]

Հին գուսանական արվեստը գոյատևեց XV-XVI դարերը։ Այդ ժամանակաշրջանի հայտնի պոետ-գուսաններն էին Գրիգոր Խլաթեցին և Նահապետ Քուչակը՝ հայրենների հեղինակները։

Շարական[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Շարական
Հարվածային գործիք նվագող երաժիշտ, 1286թ մանրանկար

Շարականները հոգևոր երգերն են։ [10] Պահպանվել են V - XV դարերի մեծ քանակությամբ շարականներ։ Հին հայկական հոգևոր երաժշտությունը կազմված է 4 հիմնական ժանրերից՝ կցուրդ, կացուրդ, կանոն և տաղ։ [10] Շարականները հին հայկական մշակույթի՝ մասնավորապես պոեզիայի, երաժշտության և պրոֆեսիոնալ երգարվեստի սինթեզն է։ Արդեն VII դարում Բարսեղ Ճոնը կաթողիկոս Ներսեսի հանձնարարությամբ կազմեց «Շարակնոց» ժողովածուն։ Համաձայն Կիրակոս Գանձակեցու․ «Այդ ժամանակ Հայաստանում այնքան շատ էին կանոնավոր եկեղեցական երգերը, որ մի թեմի երգիչները չգիտեին մյուս թեմի երգերը»։ [11] Վարդան Արևելցին գրում է․

․․․վերանայվեցին եկեղեցական երգերը, որոնցից ընտրվեցին լավագույնները, որոնք մինչ այժմ էլ երգում են հայկական եկեղեցում։ Դրանց խմբագրումը հանձնարարվեց սուրբ Բարսեղին՝ Ճոն ազգանունով՝ Անի շրջանում գտնվող Դեպրավանքի նախկին վանահորը։ Նրա անունով են կոչվում հայկական եկեղեցիներում շարականները՝ Ճոպընտիր։ [12]

Շարականների բազմադարյա արվեստը միշտ գտնվում էր հասարակական երաժշտության և պոեզիայի ուժեղ ազդեցության տակ և հազարավոր տարիների ընթացքում զգալի էվոլյուցիա ապրեց։[10] Շարականների տեքստերի հիմնական բանաստեղծական չափը բարդ չորսոտնյա յամբ է (4+4+4+4)։ Հանդիպում են նաև այլ չափեր, որոնց մեջ հաճախակի են լինում չորսոտնյա անապեստները (З+З+З+З)։[10] Շարականների երաժշտությունը վերաբերում է տների սկզբունքին։ Շարականները գրվում էին որպես ամբողջական երաժտա-բանաստեղծական ստեղծագործություններ։ [10]

Շարականները հավաքված են «Շարակնոց» ժողովածուի մեջ,[6] որտեղ ներառված են ավելի քան 1166 երգեր։

Տաղ[խմբագրել]

«Տաղարան»-ի առաջին հրատարակությունը, 1513թ, Վենետիկ

Տաղերը, շարականների պես, երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։ [13] Տաղը պրոֆեսիոնալ երաժշտության յուրահատուկ ժանր է։ Դրանք համեմատաբար ծավալուն մոնոդիաներ են, որոնք իրենց բովանդակությամբ և մեղեդայնությամբ հիշեցնում են հաջորդող դարաշրջանի վոկալային և գործիքային արիաներ։ Տարբերակվում են հոգևոր և հասարակական տաղեր։ Առաջիններն ավելի ծավալուն են, քան հասարակականները։ Տաղը, որպես երաժշտական ժանր, հիմնականում զարգացել է 10-րդ դարում՝ գլխավորապես Գրիգոր Նարեկացու շնորհիվ։ Հոգևոր տաղերը ի տարբերություն շարականների՝ կանոնավոր երգեր չէին․ տոնախմբություններին և արարողություններին կատարվում էին տվյալ իրադարձությանը ավելի տոնական տեսք տալու համար։ Հասարակական տաղը ավելի ցայտուն կերպով զարգանում է Ֆրիկի ստեղծագործություններում (XIII դար)։ Տաղերի ուշ միջնադարյան հեղինակներից հայտնի են Հովհաննես Թլկուրանցին, Մկրտիչ Նաղաշը, Մինաս Թոխատեցին, Պետրոս Կապանցին, որոնց ստեղծագործություններից մի քանիսը պահպանվել են խազերի տեսքով։ Ամենահայտնի հասարակական տաղերից մեկը՝ «Կռունկ»-ը, որը ստեղծվել է ուշ միջնադարում, պահպանվել է XVII դարի տեքստերում։ Կրոնական տաղերի և գանձերի ուշ միջնադարյան հեղինակներից առավել հայտնի են Առաքել Սյունեցին, Մաթեոս Դվուգաեցին, Գրիգոր Խլաթեցին, Առաքել Բաղիշեցին և այլոք։ Հասարակական տաղերի հնադարյան ժողովածուն տպագրվել է Վենետիկում 1513 թվականին։

XVII—XVIII դարեր[խմբագրել]

Երաժիշտների խումբ, XVI-XVII դարեր

Տաղերի ականավոր կատարողներից մեկը Պետրոս Կապանցին էր։ Նրա ստեղծագործություններն իրենց արմատներով կապված են զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանի հայկական երաժշտական մշակույթի ավանդույթների հետ։ Այդ ժամանակաշրջանում շատանում են թե՛ երաժիշտները, թե՛ երաժիշտ-կատարողները։ Միևնույն ժամանակ XVII-XVIII դարերի հայ գիտնականները շարունակում էին ուսումնասիրել միջնադարյան ձեռագրերի և բնագրերի երաժշտական ժառանգությունը։ Այդ շրջանի ճանաչված երաժշտական տեսաբաններից էին Ավետիք Բաղդասարյանը, Զենե-Պողոսը, Խաչատուր Էրզրումցին և Մխիթար Սեբաստացին։ Հին հայկական երաժշտության ուսումնասիրությանը զուգընթաց՝ Գրիգոր դպիր Գապասկալյանը (4 երաժշտագիտական աշխատությունների հեղինակ [14]) փորձում է ստեղծել խազերի նոր համակարգ։

Աշուղական երաժշտություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Աշուղ

Աշուղական երաժշտությունը հանդիսանում է երաժշտական և գրական մշակույթի սինթեզ, որն առաջացել է XVI դարում։ [15][16] Աշուղները ժողովրդական երգիչ-պոետներ են,[17], ովքեր մեծ դեր են խաղացել հայկական երաժշտության պատմության մեջ։ [17] Աշուղական արվեստի հիմնական զարգացումն սկսվում է XVII դարում։ XVII-XVIII դարերի նշանավոր հայ աշուղներից էին Էգազը, Գուլ Հարությունը, Ղազարի որդի Բաղերը և այլոք։ [16] Աշուղական երաժշտությունը հիմնված է ժողովրդական արվեստի բազմադարյա ավանդույթների վրա։ Սովորելով միջնադարյան տաղասացների ավանդույթները՝ հայ աշուղներն իրենց ստեղծագործությունների համար ստեղծում էին յուրօրինակ մեղեդիներ։ Արդեն XIX դարի երկրորդ կեսից այդ մեղեդիները գրառվեցին եվրոպական երաժշտական նոտագրությամբ։ Այդ երգերի տեքստերը նվիրվում էին սիրային, հասարակական, երգիծական և այլ թեմաներին։ Չնայած այս արվեստի յուրօրինակությանը՝ աշուղական երաժշտությանը հատուկ են նաև ընդհանուր գծեր։ Աշուղական մեղեդին ավելի զգացմունքային է, ճկուն է ռիթմապես։ Երգեցողությունն ուղեկցվում է սազի կամ քամանչայի հնչյուններով։ [17] Աշուղների հիմնական երաժշտական գործիքները լարային կսմիթահար գործիքներն են՝ սազը և չոգուրը։ XVII-XVIII դարերի հայ ականավոր աշուղներից են Նաղաշ Հովնաթանը, Բաղդասար Դպիրը և Սայաթ-Նովան։ XVIII դարում աշուղական արվեստը «կլանում» է տաղասացների արվեստը։

XIX դար - XX դարի սկիզբ[խմբագրել]

Ժողովրդական երաժշտություն[խմբագրել]


19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայտնի աշուղներից են Ջիվանին, Շիրինը, Շերամը, Ավասին։ 1870-ական թվականներից հայկական երաժշագետներ Ս․ Ամատունին, Քրիստափոր Կարա-Մուրզան, Նիկողայոս Տիգրանյանը, Կոմիտասը և այլոք սկսում են հավաքել և գրառել ժողովրդական երգերը (1913 թվականից գրառվում են նաև սարքավորումների միջոցով)։ Ամենամեծ ավանդն այս գործում պատկանում է Կոմիտասին, ով գրառել է ավելի քան 2000 ժողովրդական երգ։ 19-րդ դարի վերջին Կարա-Մուրզան Անդրկովկասի տարբեր ծայրերում և Ռուսաստանի հարավում ստեղծում է ավելի քան 90 հայկական ժողովրդական երգչախմբեր։ 20-րդ դարի սկզբին է ստեղծագործել քամանչիստ Ալեքսանդր Օհանյանը։

Դասական երաժշտություն[խմբագրել]

Տիգրան Չուխաճյան՝ հայկական առաջին օպերայի (1868), օպերետաների, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների հեղինակ

Համբարձում Լիմոնչյանը 1813-1815թթ ստեղծում է հայկական նոր նոտագրություն։ [18] Այդ ժամանակ գրառվեցին ինչպես ժողովրդական երաժշտության նմուշներ, այնպես էլ հոգևոր՝ մասնավորապես Նիկողայոս Թաշչյանը հին հայկական հոգևոր երաժշտական ստեղծագործությունների 3 հատոր գրեց։ Երաժշտական մշակույթի նոր վերելք նկատվեց 19-րդ դարի երկրորդ կեսին, որը պայմանավորված էր նաև ազգային-ազատագրական գաղափարներով։ Թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում, վերածնվում է հայկական երաժշտահասարակական կյանքը։ Հրատարակվում են երգերի բազմաթիվ ժողովածուներ (Ռափայել Պատկանյանի երգերի ազգային ժողովածուն, 1856թ, Սանկտ Պետերբուրգ), ստեղծվում են երաժշտական համայնքներ։ Նիկողայոս Թաշչյանը (1878), Վենետիկի Մխիթարյանները (1882) և այլոք երաժշտական տեսության և երաժշտական գրագիտության դասագրքեր են ստեղծում։ Այդ ժամանակաշրջանի կարևոր մշակութային ձեռքբերումը դառնում է հայկական երաժշտական պարբերականը։ Դեռևս 1857թ Գաբրիել Երանյանը և Ա. Հովհաննիսյանը հրատարակում են երաժշտական «Քնար արևելյան» ամսագիրը։ 1879 թվականից լույս է տեսնում նաև Ե. Տնտեսյանի «Նվագ հայկական» ամսագիրը։ Բազմաթիվ խոշոր հայկական պարբերականներում տպագրվում են երաժշտական թեմաներով հոդվածներ։ Հայկական երաժշտական մշակույթի զարգացման գործում մեծ դեր խաղացին Լազարյան ճեմարանը, Ներսեսյան դպրոցը, Գևորգյան ճեմարանը։ 19-րդ դարի կեսերին ձևավորվում է նաև համերգային կյանքը։ Բացի աշուղների, դուդուկ, քամանչա նվագողների, ժողովրդական երգիչների միությունների ստեղծումից, հայտնվում են ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան կոնսերվատորիաներ ավարտած առաջին երաժիշտները։ Ստեղծվում են նաև գործիքային համույթներ և սիմֆոնիկ նվագախմբեր, որոնց մեջ նշանակալի էր Սինանյանի նվագախումբը (1861-1896)։ Ե. Տնտեսյանի, Ն. Թաշչյանի, Գ. Կորգանովի, Տ. Չուխաճյանի և Գ. Երանյանի ստեղծագործություններում զարգանում էր երգչախմբային և անհատական երգի, ռոմանսի, Չուխաճյանի և Կորգանովի մոտ՝ նաև գործիքային երաժշտության ժանրը։ 1860-ական թվականներից շարունակում են ստեղծվել հայրենասիրական երգեր։ 19-րդ դարի երկրորդ կեսում է ստեղծվում նոր ազգային կոմպոզիտորական դպրոցը։ [19]

Պատմական նշանակություն ուներ 1868թ Տիգրան Չուխաճյանի կողմից ստեղծված առաջին հայկական օպերան՝ «Արշակ II»-ը։ [20] 1891թ Չուխաճյանը գրում է «Զեմիրե», 1897թ՝ «Ինդիանա» օպերաները։ 1870-ական թվականներին գրում է 3 օպերետաներ, որոնցից ամենահայտնին «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»-ն է (1875)։ Սերովբե Բենկլյանի հետ միասին Չուխաճյանը ձևավորում է Մերձավոր Արևելքում առաջին մշտական գործող պրոֆեսիոնալ օպերետային թատերախումբ։ [21]

Կոմիտաս՝ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը

1880-ական թվականներից պրոֆեսիոնալ կոմպոզիտորներն սկսում են հավաքել և մշակել հին հայկական ժողովրդական երգերը։ Այդ կոմպոզիտորների թվում էին Մակար Եկմալյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան և Նիկողայոս Տիգրանյանը։ Այդ ժամանակաշրջանից սկսում է նաև իր գործունեությունը հայկական երաժշտության պատմության ամենակարևոր գործիչներից մեկը՝ Կոմիտասը, ով առանցքային դեր խաղաց ազգային երաժշտաոճի վերածնման գործում։ Նրա բազմակողմանի գործունեությունը որոշեց հաջորդ դարերի ողջ հայկական երաժշտության հետագա զարգացման ճանապարհը։ Ալեքսանդր Սպենդիարյանի գործունեությամբ սկսվում է հայկական նվագախմբի և վոկալ-նվագախմբային երաժշտության պատմության նոր շրջան (սյուիտներ, Ղրիմյան էսքիզներ, Երեք պալմաներ և այլն)։ Ռոմանոս Մելիքյանը հիմնականում աշխատում է ռոմանսի բնագավառում։ 1912թ Արմեն Տիգրանյանի կողմից «Անուշ» օպերայի բեմադրմամբ զարգանում է նոր ոճային ուղղություն հայկական երաժշտական թատրոնում։ Ստեղծագործությունը մայրենի լեզվով է։ Նույն 1912թ Ազատ Մանուկյանը գրում է առաջին հայկական մանկական օպերան՝ «Չարի վերջը»։ 20-րդ դարի սկզբին իրենց գործունեությունն սկսեցին Գրիգոր Սյունին, Ս. Բարխուդարյանը, Ա. Մայիլյանը, Ա. Տեր-Ղևոնդյանը, Դ. Ղազարյանը, Ե. Բաղդասարյանը, Մ. Միրզայանը։ Այդ դարաշրջանի ազգային երաժշտագիտությունը, որի գլխավոր ներկայացուցիչներից էին Կոմիտասը, Վ. Կորգանովը, Ե. Տնտեսյանը, հիմնականում կապված է ժողովրդական և միջնադարյան պրոֆեսիոնալ երաժշտության, ազգային երաժշտական ավանդույթների ընկալման հետ։ Կոմիտասի հետ մեկտեղ ժողովրդական երաժշտության հավաքագրմամբ զբաղվում էր նաև Ս. Մելիքյանը, ով 1912թ ստեղծեց Հայկական երաժշտական միություն։ 1919թ Թիֆլիսում ստեղծվեց հայկական երաժշտության տեսաբանների միություն։

Այդ ժամանակաշրջանում բուռն զարգացում էր ապրում վոկալային արվեստը։ Ռուսաստանի և Եվրոպայի բազմազան բեմերում հանդես էին գալիս Նադեժդա Պապայանը, Տիգրան Նալբանդյանը, Արմենակ Շահմուրադյանը (Գրանդ օպերայի մենակատար), Մարգարիտ Բաբայանը, Բեգլար Ամիրջանը, Կոնստանտին , Հովհաննես, Եղինե, Նունե և Մարիա Կորգանովները։ Արգասաբեր գործունեություն էին ծավալում նաև դաշնակահարներ Ստեփան Էլմասյանը, Կարոլ Միկուլին, Ադամյան քույրերը, դիրիժոր Ալեքսանդր Ասլանովը (1912-1918թթ ղեկավարել է Մարիինյան թատրոնի նվագախումբը), ջութակահարներ Դավիթ Դավթյանը և Հովհաննես Նալբանդյանը։

Բազմաթիվ հայ կոմպոզիտորներ, երաժիշտներ, դիրիժորներ, ովքեր ստիպված էին արտագաղթել Հայոց ցեղասպանության ժամանակ, իրենց ազգային երաժշտական մշակույթը զարգացրեցին աշխարհի տարբեր երկրներում։

XX դար[խմբագրել]

Արամ Խաչատրյան՝ 20-րդ դարի ականավոր կոմպոզիտորներից մեկը

1920 թ. վերջին Հայաստանում հաստատվում է սովետական իշխանությունը։ 1921 թ. հիմնադրված Երևանի երաժշտական ստուդիան վերափոխվեց Երևանի պետական կոնսերվատորիայի։ Մեկ տարի անց կազմավորվում է Երևանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը, որի առաջին դիրիժորներից էին Ալեքսանդր Սպենդիարյանն ու Ալեքսանդր Մելիք-Փաշայանը։ Կարևոր պատմական նշանակություն ունեցան՝ 1932 թ. Հայաստանի կոմպոզիտորների միության՝ և 1933 թ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրումը։

1930 թ. բեմադրվում է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան, 1935 թ-ին՝ Ա. Ստեփանյանի «Քաջ Նազար» երգիծական օպերան (1936 թ-ին Ա. Ստեփանյանը գրոում է «Սասունցի Դավիթ» օպերան) ։ Օպերայի ժանրում ստեղծագործում են Ա. Մաիլյանը, Ա. Այվազյանը, Լ. Հոջա-Էյնաթովը, Ս. Բալասանյանը և ուրիշները։

1930 թվականից սկսվում է 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Խաչատրյանի ակտիվ երաժշտական գործունեությունը։

Իր նշանակությունն ունեցավ Երկրորդ Համաշխարհային Պատերազմը։ Այդ տարիներին ստեղծվում են ժողովրդի հավատարմությունը հռչակող էստրադային երգեր, որոնց հեղինակներն են՝ Ա. Խաչատրյանը, Գ. Յեղիազարյանը, Մ. Միրզայանը, Ա. Այվազյանը, Ա. Մերանգուլյանը և ուրիշները; ինչպես նաև դասական ստեղծագործություններ (Ա. Խաչատրյանի II՝ և Ա. Ստեփանյանի I սիմֆոնիան, Գրիգոր Եղիազարյանի «Հայաստան» պոեմը, Տ. Տեր-Մարտիրոսյանի ստեղծագործությունները և այլն)։

Ռոք[խմբագրել]

Հիմնական հոդվածը՝ Հայկական ռոք

Ջազ[խմբագրել]

Հիմնական հոդվածը՝ Ջազը Հայաստանում.

Հայաստանում ջազ սկսել են կատարել 1920-ական թվականներից։ 1930-ական թվականներին հայտնվեցին համույթներ, որոնք նվագում էին հիմնականում ջազ երաժշտություն, որոնցից ամենահայնտի խումբը համարվում էր Ցոլակ Վարդազարյանի նվագախումբը, որը համերգային ելույթներ էր ունենում «Մոսկվա» կինոթատրոնում։ Պաշտոնապես առաջին ջազային կոլեկտիվը հանդիսանում է 1938 թ. կազմավորված Հայաստանի պետական ջազային նվագախումբը՝ կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի գլխավորությամբ, իսկ դիրիժորն էր Ցոլակ Վարդազարյանը։

Գրականություն[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Վահան Կուրկջյան «Հայաստանի պատմություն», 1958թ
  2. Ա․ Հովհաննիսյան «Հին Հայաստանի երաժշտությունը», էջ 65, 1973թ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Սովետական Մեծ Հանրագիտարան
  4. Մ․ Խորենացի «Արտաշես արքայի մասին»
  5. Քեն Փերի «The Blackwell Companion to Eastern Christianity»
  6. 6,0 6,1 6,2 Դոն Մայքլ Ռանդեր «Երաժշտության Հարվարդ բառարան», էջ 56, 4-րդ հրատարակություն, 2003թ
  7. 7,0 7,1 7,2 Երաժշտական հանրագիտական բառարան, 1990թ
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Ն․ Թագմիզյան «Խազեր», 1973-1982թ
  9. Փավստոս Բյուզանդ «Հայաստանի պատմություն», գիրք 3, գլուխ XIX
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Ն․ Թագմիզյան «Շարական․ Սուրեն Զոլյանի թարգմանություններից», 1990թ
  11. Կիրակոս Գանձակեցի «Համառոտ պատմություն», գլուխ 1
  12. Վարդան Արևելցի «Համընդհանուր պատմություն»
  13. Էդվարդ Ֆոլի «Worship music: a concise dictionary», էջ 20, 2000թ
  14. Նիկողոս Թագմիզյան «Երաժշտության տեսությունը Հին Հայաստանում»
  15. Բրիտանիկա հանրագիտարան «Հայաստան»
  16. 16,0 16,1 Հայկական Սովետական Հանրագիտարան, էջ 494-495
  17. 17,0 17,1 17,2 Լևոն Մսերիանց «Աշուղներ», էջ 290, հատոր 1, 1930թ
  18. Լ․ Հակոբյան Հայկական նոտագրություն
  19. Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն
  20. Ջոն Համիլտոն Ուորակ, Էվան Ուեստ «Օպերայի Օքսֆորդի բառարան», էջ 92, Նյու Յորք
  21. Թատերական հանրագիտարան, էջ 316, հատոր 1, 1961թ