Մակար Եկմալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակար Եկմալյան (փետրվարի 2, 1857 - մարտի 6, 1905), հայ կոմպոզիտոր։

Ծնվել է Վաղարշապատում, Ալաշկերտի շրջանի Եկմալ գյուղից գաղթած ընտանիքում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա Էջմիածնի Ժառանգավորաց վարժարանում, աշակերտելով Նիկողայոս Թաշճյանին։ 1872-ին ավարտել է Ժառանգավորաց վարժարանը։ 1874-ին նշանակվել է Գևորգյան վարժարանի հայկական ձայնագրության ուսուցիչ, 1878-ին ուղարկվել է Պետերբուրգ, տեղի կոնսերվատորիայում կատարելագործելու մասնագիտությունը։ Պետերբուրգի կոնսերվատորիայում աշակերտել է պրոֆեսորներ Լյադովին, Ռիմսկի-Կորսակովին և Սակետտիին։ 1888-ին ավարտել է ուսման ընթացքը ազատ արվեստագետի դիպլոմով, մի քանի տարի ղեկավարել է Պետերբուրգի հայկական եկեղեցու երգչախումբը, միաժամանակ զբաղվել հայկական պատարագի մշալմամբ, ավարտել 1892-ին։ 1891-ին նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի երաժշտության դասատու և երգչախմբի ղեկավար։ Այդ երգչախումբն է, որ առաջին անգամ կատարել է հատվածներ նրա մշակած պատարագից, հռչակել անունը։

1896-ին լույս է ընծայել «Երգեցողություն Սրբոյ Պատարագի» պարտիտուրան։ Ներսիսյան դպրոցում և հետագայում նրան աշակերտել են երգիչներ Տիգրան Ներսիսյանը, Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանը, Մուշեղ Աղայանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Անտոն Մայիլյանը, Ազատ Մանուկյանը և ուրիշներ։ Խոշոր դեր է կատարել ժողովրդական երգերի կատարման և մշակման գործում։ Մշակել է մի քանի տասնյակ ազգային և ժողովրդական երգեր. «Ազնիվ ընկեր, մեռնում եմ», Տե'ր, կեցցո դու զհայս», «Ո'չ փող զարկինք, ո'չ արձագանք», «Կապույտ երկնքում աստղեր են փայլում» և այլն, որոնք լայն տարածում են գտել։ Նրա վոկալ և գործիքային ստեղծագործություններից մի քանիսը, այդ թվում «Ռոզայի թափառումները» կանտատը, որը գրել է Պետերբուրգի կոնսերվատորիայի ավարտման առթիվ, մնացել են ձեռագիր և կորել են։ [1]

Մակար Եկմալյանը 1872 թվականին ավարտել է Էջմիածնի ժառանգավորաց վարժարանը: Նշանավոր երաժշտագետ և կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանի ղեկավարությամբ 2 տարի վարժվել է հայկական նոտագրությանը, մասնակցել հոգևոր երգերի ձայնագրությանն ու ժողովածուների հրատարակմանը, որոնք ունեն գիտական ու գեղարվեստական մեծ արժեք: 1874 թվականից Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է երգեցողություն և հայ եկեղեցական երաժշտության տեսություն: 1877–1891 թվականներին ապրել է Սանկտ Պետերբուրգում, 1888 թվականին ավարտել է տեղի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, միաժամանակ վարել Սբ Կատարինե հայկական եկեղեցու դպրապետի պաշտոնը: 1891 թվականից բնակվել է Թիֆլիսում և մինչև 1902 թվականը դասավանդել Ներսիսյան դպրոցում, որտեղ ստեղծել է տղամարդկանց երգչախումբ: 1893–1894 թվականներին Եկմալյանը դասավանդել է Ռուսական կայսերական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի ուսումնարանում, եղել ռեկտորը: Դեռևս ուսանողական տարիներին կատարել է ժողովրդական և հոգևոր մեղեդիների խմբերգային մշակումներ: Նրա ստեղծագործության մեջ առանձնանում է ընդարձակ քնարավիպական «Պատարագը», որը գրված է երգչախմբի համար՝ առանց նվագակցության: Հետագայում այն բարձր են գնահատել կոմպոզիտորներ Ֆերենց Լիստը, Կամիլ Սեն-Սանսը և ուրիշներ: Եկմալյանը մշակել է բազմաթիվ ժողովրդական և աշուղական երգեր (երգչախմբի կամ մեներգի համար՝ դաշնամուրի նվագակցությամբ), որոնցից հանրահայտ են «Անձրևն եկավ», «Լուսնակ գիշեր», «Ջան գյուլում», «Հով արեք, սարեր ջան», «Աղջիկ դու սիրուն», «Վարդ կոշիկս», «Ազնիվ ընկեր», «Կեցցե Զեյթուն», «Ձայն մը հնչեց», ինչպես և եկեղեցում կատարվող շարականներ, հոգևոր երգեր («Նորահրաշ», «Աշխարհ ամենայն» և այլն): Գրել է «Ռոզայի դեգերումները» կանտատը, դաշնամուրային նոկտյուռն, սիմֆոնիկ նախերգանք: Ժողովրդականություն են վայելում «Ով հայոց աշխարհ», «Թաղումն քաջորդոյն», «Լռեց...» խմբերգերը, «Պաղ աղբյուրի մոտ», «Սիրուհիս» ռոմանսները և այլ ստեղծագործություններ: Եկմալյանին աշակերտել են Կոմիտասը, Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանը, Արմեն Տիգրանյանը և ուրիշներ: Եկմալյանի անունով Երևանում կոչվել է փողոց: 1895 թվականին Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցի (1911–1930 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանց) միջնորդությամբ, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հայրապետական կոնդակով` Մ. Եկմալյանի «Պատարագը» պաշտոնապես ընդունել է Հայ եկեղեցին, և սկիզբ է դրվել նրա բազմաձայն կատարմանը:

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան», էջ 298-299։