Մկրտիչ Ա Վանեցի
| Մկրտիչ Ա Վանեցի | |
|---|---|
| Կառավարում | |
| Տիտղոս | Կոստանդնուպոլսի Պատրիարք (72-րդ) Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (125-րդ) |
| Ժամանակամիջոց | Նոյեմբերի 4, 1869 թ-1873 թ-ի օգոստոս որպես Կոստանդնուպոլսի Պատրիարք 1893 թ-ի Սեպտեմբերի 26-Հոկտեմբերի 29, 1907 թ. որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս |
| Եկեղեցի | |
| Անձնական տվյալներ | |
| Կրթություն | Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներ |
| Գործունեություն | Հասարակական-քաղաքական գործիչ Հոգևոր-մշակութային գործիչ Մտավորական Գրող |
| Ծնվել է | Ապրիլի 4, 1820 թ. |
| Մահացել է | Հոկտեմբերի 29, 1907 |
| Մահվան վայր | Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան |
| Թաղված է | Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան |
| Ձեռնադրում | 1854 թ. |
| ← Մակար Ա |
|
Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ, Ապրիլի 4, 1820 - Հոկտեմբերի 29, 1907), հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող։
Բովանդակություն |
Կենսագրություն[խմբագրել]
Ծնվել է 4.4.1820, Վանում, սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում:
- 1842-ին հաստատվել է Կ. Պոլսում: 1848–1850-ին ուսուցչություն է արել Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասի իգական դպրոցում:
- 1851-ին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մեկնել է Կիլիկիա՝ կրթական գործի զարգացմանը նպաստելու և տեղի հայության կյանքն ուսումնասիրելու նպատակով:
- 1854-ին ձեռնադրվել է վարդապետ:
- 1855-ի հունիսից 1856-ի հունիսը Կ. Պոլսում հրատարակել է «Արծվի Վասպուրական» ամսագիրը:
- 1856-ի հունիսին վերադառնալով Վան՝ սուլթանի ֆերմանով և Կ. Պոլսի հայոց պատրիարքի կոնդակով ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը:
- 1857-ին վանքում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858-ին վերսկսել «Արծվի Վասպուրական»-ի հրատարակությունը:
- 1860-ին մեկնել է Արևելյան Հայաստան, եղել Երևանում, Էջմիածնում, Սյունյաց աշխարհում, Արցախում, Թիֆլիսում:
- 1862-ին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը նրան է հանձնել Տարոնի հոգևոր առաջնորդի պաշտոնը և Ս. Կարապետ վանքի վանահայրությունը: Տարոնում հիմնադրել է նոր հոգևոր ժառանգավորաց վարժարան և հրատարակել (1863–65) «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը՝ Գարեգին Սրվանձտյանցի խմբագրությամբ:
Գործունեություն[խմբագրել]
Ծավալել է եռանդուն գործունեություն հայ գյուղացու ծանր վիճակը թեթևացնելու, թուրք և քուրդ աղաների, պետական պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ: Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով: Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը:
1868-ին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869-ին Կ. Պոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք:
Իբրև պատրիարք Ազգային ժողովի քննարկմանն է դրել Ազգային սահմանադրության վերանայման, գավառահայության հարստահարությունների, գավառների հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը: Պայքարել է ողջ արևմտահայության շահերը Ազգային ժողովում ներկայացնելու, գավառական երեսփոխանների թիվը Ազգային ժողովում ավելացնելու համար:
Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառահայության հարստահարությունները քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Ազգային ժողովը 1872-ին ներկայացրել է Բ. Դռանը: Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կ. Պոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որոնց գործադրած սադրանքների պատճառով նա 1873-ի օգոստոսին հրաժարվել է պատրիարքությունից:
Իբրև 1878-ի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը:
Հիասթափված նրա արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգ-ազատագրական պայքարը:
1879-ին ընտըրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, եռանդուն գործունեություն ծավալել այդ նահանգում, օժանդակել Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգ-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը: Նրա անվան հետ կապելով արևմտահայ գավառների ժողովրդական հուզումները՝ 1885-ին Բ. Դուռը նրան կանչել է Կ. Պոլիս:
Չնայած խիստ հսկողությանը, Խրիմյան Հայրիկը այդտեղ ևս ծավալել է հասարակական գործունեություն:
Կրոնական ժողովի ատենապետ Մկրտիչ Խրիմյանը Համագումար ժողովի անունից բողոքագիր է ներկայացրել Բ. Դռանը: 1890-ի Կ. Պոլսի Գում գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ:
1892-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել նրան թուրքահպատակությունից ազատել, և միայն 13 ամիս անց ռուսական ցարի միջնորդությամբ նրան թույլատրվել է ժամանել Էջմիածին:
1893-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս: Հայկական հարցը ռուս. Արքունիքում ներկայացնելու նպատակով Մկրտիչ Ա Վանեցին 1895-ին մեկնել է Պետերբուրգ: Բողոքել է 1894–96-ի համիդյան ջարդերի դեմ, ցարական Արքունիքին հղած տարբեր խնդրագրերով ապահովել հանգանակությունների իրականացումը ռուսական կայսրության հայաբնակ տարածքներում:
Նա մեծ ջանքեր է ներդրել կոտորածներից մազապուրծ գաղթականության ֆիզիկական գոյությունն ապահովելու և վերստին երկիր վերադարձնելու համար: Եռանդուն պայքար է մղել հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903-ի հունիսի 12-ի օրենքի կենսագործման դեմ, հրամայել հոգևոր թեմակալ առաջնորդներին՝ չենթարկվել այդ որոշմանը և խոչընդոտել նրա կիրառությանը:
Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին ի պաշտոնե ձեռնամուխ է եղել հայ հոգևորականության դաստիարակության, կրթված հոգևորականների նոր սերունդ ստեղծելու խնդրին:
Նրա օրոք Էջմիածնում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենք, թանգարան, նոր մատենադարան: Նորացել և հարդարվել են Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները:
Կաթողիկոսական գահին Մկրտիչ Ա Վանեցուն հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցին:
Աշխատությունները[խմբագրել]
Խրիմյան Հայրիկը գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնց մեջ առանձնակի տեղ են գրավում հոգևոր-կրոնական ստեղծագործությունները`
- «Հրավիրակ երկրին ավետյաց» չափածո պոեմը,1851 թ.
- «Մարգարիտ արքայության երկնից» 1866 թ.
- «Հիսուսի վերջին շաբաթ. խաչի ճառը ...» 1876 թ.
- «Դրախտի ընտանիք» 1876 թ.,
- «Սիրաք և Սամվել» 1878 թ.,
- «Պապիկ և թոռնիկ» 1894 թ.
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 3, էջ 678
- Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, էջ 745
- «Խրիմյան Հայրիկ։ Մահվան 100-ամյակի առթիվ», Խաչիկ Բադիկյան
- Կենսագրություն
- «Խրիմյան Հայրիկի օրերից մինը» Հ. Թումանյան
- «Երկու հայր» Հ. Թումանյան
