Գրիգոր Եղիազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Եղիազարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 8 (21), 1908[1][2] կամ դեկտեմբերի 8, 1908(1908-12-08)
Բլուր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 4, 1988(1988-11-04)[2] (79 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Ժանրերակադեմիական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության դասախոս
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի կոմպոզիտորների միություն[1] և Գյումրու երաժշտական ուսումնարան
ԿրթությունՄոսկվայի պետական կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան ակադեմիական երաժշտական ուսումնարան (1930)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1935)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Գրիգոր Եղիազարի Եղիազարյան (դեկտեմբերի 8 (21), 1908[1][2] կամ դեկտեմբերի 8, 1908(1908-12-08), Բլուր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 4, 1988(1988-11-04)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ՀԽՍՀ (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1977

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Եղիազարյանը ծնվել է Սուրմալուի գավառի Բլուր գյուղում, իսկ ավելի ուշ իր բազմանդամ ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1918-1920 թվականների ընթացքում կորցրել է բոլոր մերձավորներին և որբացել։ Պատանեկության տարիներին անցել է զինվորական ծառայությանը։ Կոմպոզիտորը շուրջ յոթ տարի զինվորական նվագախմբի փողհարն է եղել։ Ամենօրյա պարապմունքների շնորհիվ ձգտել է մասնագիտանալ երաժշտության ասպարեզում։ Ապագա կոմպոզիտորը ուսում ստանալու նպատակով սկզբում սովորել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության, այնուհետև կոմպոզիցիայի դասարանում։ 1935 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, որտեղ սովորում էր ռուս կոմպոզիտոր և մանկավարժ Ն.Մյասկովսկու ստեղծագործական դասարանում։ Մոսկվայի կոնսերվատորիայում նա լուրջ, հիմնավոր տեսական ու գործնական գիտելիքներ ձեռք բերեց։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո կոմպոզիտորը տեղափոխվել է Լենինական, այստեղ նա համագործակցել է Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի կոլեկտիվի հետ։ Երաժշտություն է գրել տարբեր ներկայացումների համար՝ Ուիլիյամ Շեքսպիրից մինչև երիտասարդ հայ դրամատուրգների պիեսներ։ Սիրել է թատրոնը, որն էլ երաժշտի առջև ստեղծագործական լայն ասպարեզ է բացել։ Լենինականում սկիզբ է առել գործունեության մի այլ բնագավառ ևս՝ մանկավարժական աշխատանքը։ Երևանում բնակություն է հաստատելը 1938 թվականին։ Այս տարիներին նույնպես շարունակել ստեղծագործական աշխատանքը, ինչպես նաև գրել երաժշտություն Լենինականի և Երևանի գեղարվեստական թատրոնների համար։

Ստեղծագործական աշխատանքին համընթաց նա մանկավարժական գործունեություն է ծավալել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում և Երևանի կոնսերվատորիայում։ Սկզբում ղեկավարել է գործիքավորման, իսկ 1948 թվականից չորս տասնամյակ անընդմեջ՝ ստեղծագործական դասարանը։

1948 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1959 թվականից)։ 1953-1957 թվականներին եղել է ՀԿՄ վարչության նախագահ, 1954-1960 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր։

Գրիգոր Եղիազարյանը հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է նրա սաներից են Գևորգ Արմենյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Էմին Արիստակեսյանը, Էդուարդ Բաղդասարյանը, Գրիգոր Հախինյանը, Էդգար Հովհաննիսյանը, Գեղունի Չթչյանը, Մարտուն Իսրայելյանը, Երվանդ Երկանյանը, Էդուարդ Հայրապետյանը, Աշոտ Զոհրաբյանը, Նուբար Ասլանյանը[3] և ուրիշներ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Եղիազարյանի երկերին բնորոշ են գաղափարական հագեցվածությունը, էպիկական շունչը, ժողովրդական երգի ելևէջների ստեղծագործական կիրառումը[4]։

Ուսանողական տարիներին նրա գրած դաշնամուրային պիեսներում, տաջիկական, թաթարական, ադրբեջանական երգերի մշակումներում առկա էր ընդհանուր արևելյան ուղղվածությունը։ Գեղարվեստական որոնումների այդ բարդ շրջանում Արևելքում իր Հայաստանը հայտնաբերելու խնդրում կոմպոզիտորի համար հուսալի ուղեցույց եղան Կոմիտասի գործերը։ Հայրենասերի ու քաղաքացու ստեղծագործական մղումով Հայրենական մեծ պատերազմի փորձությունների շրջանում ծնվեց «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը՝ կոմպոզիտորի առաջին մեծածավալ կտավը, որը 40-ական թվականների ազգային սիմֆոնիկ երաժշտության լուրջ նվաճումների խորհրդանիշն եղավ։ Կոմպոզիտորի առաջին իսկ գործերում ակնհայտորեն դրսևորվեցին սիմֆոնիկ նվագախմբին տիրապեւոելու վարպետությունը, սեփական գործիքային գրելաոճը։ Հեղափոխության 25-ամյակին նվիրված մրցույթում «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը արժանացավ առաջին մրցանակի։ Ստեղծագործական հաղթանակով քաջալերված կոմպոզիտորը գրում և ավարտում է Ջութակի ու նվագախմբի համար կոնցերտը։ 50-ական թվականների նոր ստեղծագործական ձեռքբերումներից հատկապես կարևոր էին «Արևածագին» («Սահարի») սիմֆոնիկ պատկերն ու «Սևան» բալետը. դա երաժշտական-թատերական գործ ստեղծելու վաղեմի երազանքի իրականացումն էր։

Մի քանի տարի շարունակվեց կոմպոզիտորի աշխատանքը «Հրազդան» սիմֆոնիայի ստեղծման ուղղությամբ։ Ծրագրային սիմֆոնիան տրամաբանական շարունակություն էր ծրագրային այնպիսի սիմֆոնիկ կտավների, ինչպիսիք էին «Հայաստան» պոեմը և «Արևածագին» պատկերը։ «Հրազդան» սիմֆոնիայում ծրագրային հիմքն ավելի որոշակի ու հստակ էր։ Այդ հիմքը Հովհաննես Շիրազի «Հրազդան» պոեմն էր։ Բանաստեղծի ոգեշունչ գործը գեղարվեստական հզոր ազդակ էր ինքնուրույն արժեք ունեցող մեծածավալ սիմֆոնիկ կտավի ստեղծման համար։

Բանաստեղծի պոեմի առանցքային գաղափարի այլաբանական իմաստը՝ գետի ու ժողովրդի նույնացումը, կոմպոզիտորի սիմֆոնիայի գաղափարական-գեղարվեստական մտահղացման հիմքը հանդիսացավ։

Քառամաս սիմֆոնիայի ամեն մասին նախորդող բնաբանը տվյալ մասի բովանդակության ընդհանրացումն է։ Սիմֆոնիան էպիկական պատում է ժողովրդի ծանր փորձությունների ու սխրանքների մասին. դրա ընթացքը անշտապ է։

Սիմֆոնիա, դաշնամուրային գործեր («Լեգենդ», «Տոկատ», «Հուշեր») գրելու աշխատանքը չէր շեղում բալետ ստեղծելու գաղափարից։ Խմբագրական որոշ աշխատանքից հետո բեմադրվեց «Սևանի» նոր տարբերակը՝ «Անուրջների լիճը» բալետը։ Սակայն կոմպոզիտորը վաղուց ի վեր մի մտահղացում ուներ, բալետ նվիրված Արա Գեղեցիկին։ Դեռևս 1946 թվին, Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկի» բեմականացման երաժշտությունը հորինելիս, Եդիազարյանը, մեծապես տարված լինելով այղ թեմայով, մտադրվել էր մի նոր, երաժշտական-թատերական գործ ստեղծել։ Բալետի բեմադրությանը (լիբրետոյի հեղինակներ՝ Լ. Լավրովսկի, Վ. Վարդանյան, այնուհետև՝ Մ. Մարտիրոսյան), որն իրականացավ 1982 թվականին, նախորդեց բալետի երաժշտությունից կազմված սյուիտների համերգային կատարումը։ Այն բարձր գնահատականի արժանացավ։ Բալետի բեմադրությունը հնարավորություն տվեց ամբողջացնել պատկերացումը այդ ուշագրավ ստեղծագործության մասին։ Ազգային վառ նկարագիր ունեցող բալետի երաժշտության համար, թեմայի թելադրանքով, կոմպոզիտորը ստեղծել է պայմանական Արևելքին բնորոշ տարրեր, որոնք բնութագրական են Շամիրամին ու նրա շրջապատը։ «Արա Գեղեցիկը» մի նոր, արժեքավոր ներդրում է ազգային բալետի զարգացման ճանապարհին, որով, բնականաբար, հարստացել է Երևանի օպերային թատրոնի երկացանկը։

Եղիազարյանի ստեղծագործությունների ցանկը ծավալուն չէ, համեստ է, բայց դա փոխհատուցվում է ազգային արվեստում նոր ուղիներ հայտանշող ինքնատիպությամբ, հայ պրոֆեսիոնալ երաժշտությունը իրականության արտացոլման նոր ձևով հարստացնելով։

Եղիագարյանի գեղարվեստական աշխարհը սնող ակունքները բազմաբնույթ են, բայց առաջնայինն, այնուամենայնիվ, ազգայինն է։ Կոմպոզիտորի կենսահաստատ արվեստում իշխող թեման իր ժողովրդի ծանր, բայց և հերոսական անցյալն է, որի մասին նա խորհում է առասպելի ու դյուցազնական պատումի, այլաբանության միջոցով՝ իր ժողովրդին մշտապես հայրենի բնաշխարհի հետ սերտորեն մերված տեսնելով։ Երաժշտի գեղագիտական համակարգում մեծ տեղ ունեն բնության բազմապիսի դրսևորումները։

Եդիազարյանի մտածողության ազգային բնույթը բնական է դարձնում ժողովրդական երաժշտության բոլոր բնագավառներին անմիջականորեն կամ միջնորդավորված հաղորդակից լինելը։ ժողովրդական երգերի ու պարերի հմուտ օգտագործման օրինակներից են «Կալի երգը»՝ «Հայաստան» սիմֆոնիկ պոեմում, «Ամպել ա, տուն չի գալիսը»՝ Ջութակի կոնցերտում։ ժողովրդական մի շարք մեղեդիներ տեղ են գտել «Սևան» բալետում, որոնցից «Նուբար, Նուբարը» ոչ միայն լայտթեմայի նշանակություն է ձեռք բերել, այլև դարձել ժողովրդական մեղեդու օգտագործման յուրատեսակ բարձրակետերից մեկը՝ իր նրբաճաշակությամբ, գործիքային հնչերանգների հնարամտությամբ ու հարազատությամբ ազգայինին։ Ասվածը հատկապես վերաբերում է «Ձնորսների պարին», ուր շեփորների ու հարվածայինների մեղմ զուգորդումը զուռնայի ու դհոլի նվագ է հիշեցնում։

Եղիազարյանը որդեգրեց Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, բայց ամենից ավելի Կոմիտասի ստեղծագործական սկզբունքները։ Նրան հարազատ է նաև ռուսական երաժշտության դասականներ Մոսոգորսկու, Ռիմսկի-Կորսակովի արվեստը։ Կոմպոզիտորին հոգեհարազատ են հատկապես իմպրեսիոնիզմին բնորոշ այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են պատկերայնությունը, արտահայտիչ ու ճկուն երաժշտական լեզուն, հնչյունային-գունային միջոցները։ Նման բազմագույն ակունքները ամենևին տեղիք չեն տվել ոճական խայտաբղետության։ Սեփական գեղարվեստական դիրքորոշումը, գեղարվեստական արժեքների նկատմամբ ինքնուրույն գեղագիտական հայացքը, հնարավորություն տվեցին ստեղծելու իր սեփական նկարագիրն ունեցող ազգային աշխարհը։ Հեղինակ լինելով մի շարք երգերի ու ռոմանսների, որոնցից լավագույնը՝ «Պաղ ջուր կուգար» (խոսք ժողովրդական), նա, այնուհանդերձ, նախընտրում է գործիքային ու սիմֆոնիկ երաժշտության ժանրերը, որոնց դիմում է ընտրողաբար՝ նախընտրելով կերպարների ազատ, անկաշկանդ զարգացման հնարավորությունները։ Այդ նպատակով առաջին իսկ սիմֆոնիկ կտավը նա անվանում է «Ռապսոդիա» (1935), չորս տաբի անց գրում «Քնարական պատկերը» (1939), այնուհետև՝ «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը (1942), կրկին չորս տարի անց՝ «Խորեոգրաֆիկ պատկերը», իսկ 1952 թվականին՝ «Արևածագին» սիմֆոնիկ պատկերը։ Նշված գործերը ծրագրային նկարագիր ունեն։ Ծրագրայնության սկզբունքը լիարժեք կիրառելու նպատակով կոմպոզիտորը «Հրազդան» սիմֆոնիայում հրաժարվում է իր մտահղացումը ներփակել դասական ձեր խիստ շրջանակներում։ Ազատորեն կիրառելով մեկ վարիացիոն, մեկ թեմատիկ մշակման սկզբունքը՝ ելևէջային կամարներով կապում է սիմֆոնիայի չորս մասերը։ Ձևագոյացման ազատության սկզբունքն արտացոլվել է նաև դաշնամուրային գործերում։ «Սազանդար» պոեմում, «Առասպելում», «Հուշում» (Հիշողություն»), որոնք որևէ կայունացած ձև չէին պահանջում։

Եղիազարյանի երաժշտութանը բնորոշ է պարայնաթյան տարերքը, որի սկզբնաղբյուրը ժողովրդական երաժշտության մեջ տեղ գտած պարայնությունն է։ Հարազատ մնալով այդ տարերքին՝ կոմպոզիտորն իրեն հատուկ բարձրաճաշակ, գեղանկարչական վրձնով առավել ևս ազնվացնում ու հարստացնում է այն։ Ազգային վառ նկարագիր ունեցող մեղեդայնությունը հարստանում է պոլիֆոնիկ և հատկապես ընտիր հարմոնիկ միջոցներով[5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետներ

  • «Սևան» (1946)
  • «Անուրջների լիճ» (1968)
  • «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (1973)

Սիմֆոնիկ պոեմներ

  • «Ռապսոդիա» (1939)
  • «Քնարական պատկերը» (1939)
  • «Հայաստան» (1942)
  • «Խորեոգրաֆիկ պատկերը» (1943)
  • «Արևածագին» (1952)
  • «Հրազդան» (1960)

Երաժշտություն թատերական ներկայացման համար

  • Ուիլյամ Շեքսպիրի Վենետիկյան վաճառականը (1936)
  • Ջաբարլիի 1905 թվականին (1937)
  • Հակոբ Պարոնյանի Պաղտասար աղբարը (1954)

Այլ ստեղծագործություններ

  • Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար (1943)
  • Երգեր
  • Ռոմանսներ
  • Խմբերգեր
  • Դաշնամուրային պիեսներ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարսամյան Ա․, Հարությունյան Մ․, Հայ երաժշտության պատմություն, Ե․, 1999։
  • Խուդաբաշյան Կ., Գրիգոր Եղիազարյան (Կյանքն ու ստեղծագործությունը), Ե., 1966:
  • Еолян И. Р., Григор Егиазарян, М., 1968.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. «Israel Composers' League | Israel Music Center - Music Publishing | Composers». www.israelcomposers.org. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 1, Երևան, 2005
  5. «Գրիգոր Եղիազարյան». www.findarmenia.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 505