Աշտիշատ
Աշտիշատ (նաև` Հաշտիշատ) - բնակավայր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Հայաստանում հեթանոսական կրոնի գլխավոր կենտոններից էր, Աշտիշատում էին գտնվում երեք նշանավոր մեհյաններ` որոնցից մեկը նվիրված էր Վահագն աստծուն և կոչվում էր Վահեվանյան մեհյան, երկրորդը նվիրված էր նրա տարփածուին` Աստղիկ դիցուհուն և կոչվում էր Սենյակ Վահագնի, իսկ երրորդը Անահիտ աստվածուհու մեհյանն էր: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու ժամանակ այդ մեհյանները քանդվեցին և դրանց տեղում հիմնվեց վանք, որը դարձավ Գրիգոր Լուսավորիչի տան կաթողիկոսների աթոռանիստը:
Աշտիշատի Իննակնյա կոչվող վայրում Գրիգոր Լուսավորիչը ամփոփում է Հունաց երկրից իր հետ բերած Հովհաննես Մկրտչի և Աթանագինե վկայի մասունքները և մի վկայարան կառուցում այդ գերեզմանների վրա` պատվիրելով, որ ամեն տարի հավաքվեն այդտեղ սրբերի հիշատակը տոնելու համար:
354թ. Աշտիշատում Ներսես Մեծ կաթողիկոսի կողմից գումարվում է եկեղեցական ժողով, որը քննարկում և կանոնակարգում է աշխարհիկ և հոգևոր կյանքի մի շարք հարցեր: