Գրիգոր Լուսավորիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Գրիգոր Ա (այլ կիրառումներ) 
Գրիգոր Լուսավորիչ
Գրիգոր Լուսավորիչ
Կառավարում
Տիտղոս Եպիսկոպոսապետ (1-ին)
Ժամանակամիջոց 302-325 թթ.
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Կեսարիա
Ծնվել է Մոտ 257 թ.
Հայր Անակ
Ձեռնադրում 302 թ.
Commons-logo.svg Վիքիպահեստում
← Չկա    Armenian Apostolic Church logo.png    Արիստակես Ա

Գրիգոր Լուսավորիչ (մոտ 257 - 331), եկեղեցա–քաղաքական գործիչ, Հայոց եպիսկոպոսապետ՝ 302 թ-ից, Հայոց արքա Խոսրով Ա-ին սպանած ազգությամբ պարթև Անակի որդի։

Վաղ տարիներ[խմբագրել]

Գրիգորին Արշակունիների վրեժխնդրությունից հեռացնելու նպատակով ստնտու Սոփրիան և ոմն Եվթաղ նրան փախցրին Կապադովկիայի Կեսարիա քաղաքը։ Այստեղ նա մկրտվեց որպես քրիստոնյա, կրթվեց և դաստիարակվեց Փիրմիլիանոս եպիսկոպոսի մոտ։ Չափահաս տարիքում ամուսնացավ Դավիթ անունով իշխանի դստեր՝ Մարիամի հետ, ումից ունեցավ երկու զավակ։ Շուտով Մարիամը կրտսեր որդու՝ Արիստակեսի հետ մտավ կուսանոց, իսկ Գրիգոր Լուսավորիչը, ավագ որդի Վրթանեսին տալով խնամատուն, 287թ․-ին քարոզչական առաքելությամբ վերադարձավ Մեծ Հայք։ Գրիգոր Լուսավորիչը կարողացավ Տրդատ Գ թագավորի արքունիքում դառնալ պալատական պաշտոնյա և քրիստոնեական ուսմունքի համար հող նախապատրաստել Վաղարշապատ մայրաքաղաքում։

Քրիստոնեության ընդունումը[խմբագրել]

Հռոմի Դիոկղետիանոս կայսեր օգնությամբ 287 թ-ին Մեծ Հայքի թագավորության գահը բարձրացած Տրդատ Գ, իր հովանավորի օրինակով, սկզբում հալածեց քրիստոնյաններին՝ իբրև քաղաքական վտանգավոր ուժի, իսկ նրանց պարագլուխ Գրիգոր Լուսավորիչին նետեց Արտաշատ քաղաքի Խոր Վիրապ կոչվող հանցագործների համար նախատեսված բանտը։ Սակայն շուտով համոզվելով, որ Հայսատանի նկատմամբ Հռոմը վարում է խարդախ ու զավթողական քաղաքականություն, Տրդատը հիասթափվեց նրա «դաշնակցությունից» և դադարեցրեց նաև քրիստոնիանների հալածանքները։ Քրիստոնեությունը, որը I-III դարերին Ասորիքից ու Փոքր Ասիայից ներթափանցել և տարածվել էր Հայաստանում, 3-րդ դարի վերջին արդեն դադարել էր սոսկ ճնշվածների կրոն լինելուց։ 301-ին քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվեց պետական կրոն։ Նոր կրոնը բռնությամբ տարածվեց ժողովրդի մեջ։

Գրիգորի առաջարկությամբ թագավորն ու իշխանները խորհուրդ են անում իսպառ վերացնելու հեթանոսությունը, կործանելու հին կրոնի կրոնական կենտրոնները։ Տրդատը հրաման է տալիս այդ գործի իրականացումը հանձնարարել Գրիգորին։ Թագավորն ինքն անձամբ ամբողջ զորքով Գրիգորի հետ միասին, Վաղարշապատից շարժվում, գնում է Արտաշատ։ Նրանք նախ Արտաշատի ճանապարհին՝ Երազամույն կոչված տեղում, ուր բարձրանում էր Որմիզդի գրչի Դիվան անունով Տիր աստծո մեհյանը, ավերում և կործանում են։ Տեղի քրմերը իրենց պահապան գնդերով չկարողանալով դիմադրել արքունի զորքին, նահանջում են Արտաշատում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը։ Երբ Տրդատը զորքով մտնում է Արտաշատ և շրջապատում մեհյանը, նրանք ուժեղ դիմադրություն են ցույց տալիս, պարիսպների վրայից հարձակվողների վրա նետերի ու քարերի տարափ են տեղում, որոշ չափով կասեցնում հարձակումը։ Բայց մեհյանը հարձակվողների ճնշման տակ կործանվում է, կրակի մատնվում, ավերվում։ Այնտեղ ամբարված գանձերը առգրավվում։ Այնուհետև Գրիգորը Տրդատի հետ միասին զորքով գնում է Դարանաղյաց գավառը։ Այստեղ Թորդան գյուղում էր գտնվում սպիտակափառ Բարշամինա աստծո մեհյանը։ Նախ կործանում են մեհյանը, փշրում կուռքի արձանը, կուտակված գանձերը, ոսկին ու արծաթը ավարի են մատնում։ Իսկ գյուղը իր բոլոր դաստակերտներով ու կալվածքներով նվիրում են եկեղեցուն, գավառի բնակիչներին քարոզում նոր կրոնի վարդապետությունը։ Թագավորն ու Գրիգորը Թորդանից անցնում են Անի ամրոցը, ուր ամփոփված էին հայոց թագավորների գերեզմաններն ու գանձերը։ Այստեղ էր գտնվում նաև աստվածների հայր Արամազդի բագինը։ Նրանք ավերում են այն, տեղում խաչ կանգնեցնում, իսկ ավանն իր ամրություններով հանդերձ նվիրում եկեղեցուն։ Այստեղից Տրդատն ու Գրիգորը անցնում են սահմանակից Եկեղյաց գավառը, որտեղ գտնվում էին հայոց թագավորների բուն պաշտամունքի վայրերը։ Դրանցից գլխավորը Երիզա ավանում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանն էր, որը վահանավոր զինվորներով պահպանում էին քրմերը՝ ընդդեմ արքունի զորքի։ Սակայն նրանց դիմադրությունը շուտով կոտրվում է, տաճարի բարձրաբերձ պարիսպները կործանվում են և հարթեցվում։ Գրիգորը թագավորով հանդերձ և զորքի օժանդակությամբ փշրում են Անահիտ դիցուհու ոսկյա արձանը, քանդում տաճարը, ոսկին ու արծաթր ավարի մատնում։ Ապա այնտեղից Գայլ գետի վրայով անցնում են Թիլ ավանը, ուր գտնվում էր Արամազդի դուստր Նանեի մեհյանը։ Զույգ մեհյանների գանձերը ավարի ենթարկելով՝ կալվածքներն ամբողջությամբ նվիրում են եկեղեցուն։ Այնուհետև նոր կրոնը տարածելու նպատակով Գրիգորն ու Տրդատը զորքով անցնում են Դերջան գավառը։ Բագահառիջ գյուղում գտնվող Արամազդի որդի Միհրի մեհյանը հիմքից քանդում են, կուտակված գանձերը ավարի մատնում, իսկ կալվածքները նվիրում եկեղեցուն։ Հեթանոսական մեհյանները քանդելուց, դրանց տեղերում խաչեր տեղադրելուց հետո, թագավորն ու Գրիգորը վերադառնում են Վաղարշապատ։ Տրդատն այստեղ իր կին Աշխեն տիկնոջ և քրոջ՝ Խոսրովիդուխտի համաձայնությամբ հրաման է տալիս իր բոլոր զորքերին, իրենց զորահրամանատարներով միատեղ ժողովի հավաքվել։ Երբ բոլոր զորքերը իրենց իշխանների, զորապետների և բոլոր նշանավոր մարդկանց հետ ներկայանում են թագավորին, վերջինս բոլորի հետ խորհրդակցելով, առաջարկում է Գրիգորին դարձնել հոգևոր հովիվ, այսինքն՝ կրոնական առաջնորդ, որպեսզի ժողովրդին քրիստոնյա դարձնի և մկրտի։ Այնուհետև Տրդատը հավաքում է Հայոց աշխարհի 16 գլխավոր նախարարներին ու կուսակալներին և հատուկ հրովարտակով Գրիգորի հետ ուղարկում Կեսարիա քաղաքը, Գրիգորին Հայոց աշխարհի քահանայապետ օծելու համար։ Իշխաններն ու կուսակալները կազմ ու պատրաստ, իրենց հետ վերցնում են տարբեր ընծաներ՝ ոսկի ու արծաթ, ձիեր ու ջորիներ, զանազան շքեղ հանդերձներ, Գրիգորին նստեցնում են սպիտակ ջորիներ լծած արքունական ոսկեպատ կառքը, իրենք էլ նստում են կառքեր կամ երիվարներ, յուրաքանչյուրն իր զորագնդով, զինանշաններով Վաղարշապատից մեկնում են Հունաց կողմերը։ Հասնելով Կեսարիա՝ նրանք ներկայանում են Ղևոնդիոս կաթողիկոսին, հանձնում Տրդատի հրովարտակն ու ընծաները։ Ղևոնդիոսն ու մյուս քահանայապետները ընդունում են հայոց պատվիրակությանը, պատշաճ պատիվների արժանացնում։ Ապա Ղևոնդիոսը եպիսկոպոսական մեծ ժողով է գումարում և Գրիգորին ձեռնադրում են Հայոց աշխարհի քահանայապետ՝ նրան շնորհելով եպիսկոպոսի աստիճան։ Այնուհետև Կեսարիայի կաթողիկոսն ու եպիսկոպոսները մեծ պատվով, հատուկ նամակով ու ընծաներով հայոց պատվիրակությանը ճանապարհ են դնում դեպի Հայաստան։ Պատվիրակությունը գալիս հասնում է Սեբաստիա քաղաքը, որտեղ Գրիգորը հանդիպում է բազմաթիվ քրիստոնյա կրոնավորների, համոզում է նրանց իր հետ գալ քահանայության կարգի արժանացնելու, քրիստոնեությունը տարածելու և ամրապնդելու համար։ Կրոնավորների մեծ խմբեր հավաքելով՝ Գրիգորը թագավորի պատվիրակության հետ մեծ շուքով վերադառնում է Հայաստան։ Երբ գալիս հասնում են Հայաստանի սահմանները, Գրիգորը իմանում է, որ տակավին կանգուն է մնում Տարոն գավառի Վահեվանյան հռչակավոր ու մեծագանձ մեհյանը՝ լի ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների կողմից նվիրաբերված հարուստ ու բազմազան ընծաներով։ Վահեվանյան մեհյանը հայոց ութերորդ հռչակավոր պաշտամունքատեղն էր՝ ձոնված Վիշապաքաղ Վահագնին, որ գտնվում էր Եփրատ գետի ափին, Քարքե լեռան վրա՝ Տավրոս մեծ լեռան դիմաց։ Վահագնի այս մեհյանը Մեծ Հայքի թագավորների զոհատեղին էր, որը հաճախ կոչվում էր Աշտիշատ։ Այստեղ Վահագնի Վահեվանյան մեհյանի կողքին տակավին շեն ու կանգուն էին մնում նաև Անահիտին կամ Ոսկեմայր դիցուհուն ձոնված բագինը, ինչպես նաև Աստղիկ դիցուհու մեհյանը, որ կոչվում էր Սենյակ Վահագնի։ Գրիգորը գալիս է Աշտիշատ, որպեսզի քանդի ու կործանի այս երեք մեհյանները, որտեղ մարդիկ հետևում էին հին կրոնին։ Գրիգորը Կեսարիայից իր հետ էր վերցրել նաև Հովհաննես Մկրտչի և Աթանագինեսի նշխարները։ Երբ պատվիրակությունը գալիս հասնում է Եփրատ գետի ափին, մեհյանների դիմաց և կամենում է վեր բարձրանալ դեպի այն բարձրավանդակը, որի վրա կառուցված էին մեհյանները, սպիտակ ջորիներ լծած կառքը, որի վրա դրված էին սրբերի նշխարները, կանգ է առնում և այլևս չի կարողանում ձորակն անցնել։ Այդ պահին Գրիգորին տեսիլ է երևում և նրան ցուցում է տրվում նույն այդ տեղում կառուցել մատուռ և քրիստոնեական սրբերի ոսկորները այնտեղ թաղել։ Գրիգորի կարգադրությամբ զորքն իսկույն գործի է անցնում, արագ կառուցում է մատուռը, գերեզման է փորում և քրիստոնեական սրբերի ոսկորներն ամփոփում այնտեղ։ Գրիգորը զորքին հրաման է տալիս՝ բարձրանալ վերև և մուրճերով կործանել հեթանոս աստվածների մեհյանները։ Սկզբում այդ զորքին չի հաջողվում, բայց Գրիգորի քաջալերանքով ու օգնությամբ հիմնովին ավերում են մեհյանները, քրմերին ու նրանց մոտ ծառայության եղած մարդկանց կոտորում։ Գրիգորը հավաքում է տեղի բնակիչներին, քրիստոնեություն քարոզում, ապա մեհյանների տեղում եկեղեցու հիմքեր գցում և պաշտամունքի սեղան ու մկրտության ավազան կառուցում։ Եվ քանի որ ինքը օծված եպիսկոպոս էր, այստեղ Տարոնում էլ նա հիմք է դնում եկեղեցիների շինարարությանը։ Գրիգորը Տարոնում մնում է քսան օր և տեղացի բնակիչներից մոտ 190000 մարդու մկրտում, դարձնում է քրիստոնյա։ Այնուհետև այս նույն օրինակով նա Տարոնի տարբեր վայրերում եկեղեցիներ է կառուցում և քահանաներ կարգում։ Տրդատը, երբ լսում է Գրիգորի գալուստը, վերցնում է տիկնոջը՝ Աշխենին, և քրոջը՝ Խոսրովիդուխտին, ու մեծ զորքով Վաղարշապատից ելնում, գալիս է Գրիգորին դիմավորելու։ Նա գալիս հասնում է Բագավան գյուղաքաղաքը և այստեղ սպասում Գրիգորին։ Գրիգորն այդ ընթացքում տարբեր գավառներում, գյուղերում ու ավաններում եկեղեցիներ է կառուցում, մկրտություն կատարում, քահանաներ կարգում։ Ապա գալիս է հասնում Բագավան։ Թագավորը ամբողջ զորքով դուրս է գալիս նրան ընդառաջ և Եփրատ գետի ափին դիմավորում նրան։ Տրդատին են հանձնում Ղևոնդիոս կաթողիկոսի օրհնության նամակը, որն ընդունվում է մեծ ցնծությամբ ու ուրախությամբ։ Գրիգորն այնուհետև կարգադրում է արքայական բանակին պասով ու աղոթքով անցկացնել, իսկ ինքը Բագավանում և կից գավառներում շարունակում է նոր կրոնի քարոզը, եկեղեցիների կառուցումը, քահանաների կարգումը։ Երբ պասի ու աղոթքի ժամկետը լրանում է, Գրիգորը վերցնում է ամբողջ զորքը, թագավորին, թագուհուն, Խոսրովիդուխտին, բոլոր մեծամեծներին ու իշխաններին, վաղ առավոտյան իջնում Եփրատի ափը և բոլորին մկրտում։ Այնուհետև նա յոթ օր շարունակում է այդ արարողությունը և մկրտում շուրջ չորս միլիոն մարդ՝ կին, տղամարդ ու մանուկ։ Քրիստոնեության ուսմունքի նահատակների՝ Հովհաննես Մկրտչի և Աթանագինեսի հիշատակը հավերժացնելու նպատակով, Գրիգորը կարգադրում է Բագավանում պաշտվող Ամանոր և Վանատուր հեթանոս աստվածների տոնը՝ Նավասարդի օրը, վերածել այդ քրիստոնեական սրբերի տոնի։ Նա Տրդատին խնդրում է երկրի տարբեր տեղերից աշակերտներ հավաքել, տալ ուսման, գիտություն և քրիստոնեական վարդապետությունը ուսուցանելու համար։ Տրդատ թագավորը Հայոց երկրի տարբեր կողմերից հավաքում ու բերել է տալիս ուշիմ, ուսման համար պատրաստ մանուկների բազմաթիվ խմբեր և նրանց վրա կարգում հմուտ ուսուցիչներ։ Նա հատկապես հավաքել է տալիս քրմերի կամ նրանց ցեղին պատկանող մանուկներին, ապրուստի թոշակ նշանակում, խմբերի բաժանում, մի մասին տալիս են հունական, մյուս մասին՝ ասորական կրթության։ Նրանց մեծ մասը հետագայում դառնում են քրիստոնյա եկեղեցական նշանավոր գործիչներ։ Այդպես, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծ թագավորի ջանքերով Հայոց աշխարհում տարածվում են քրիստոնեությունն ու օտար լեզուներով դպրությունն ու լուսավորությունը։[1][2]

Վերջին տարիներ[խմբագրել]

Գրիգոր Լուսավորիչը հաստատեց իր տոհմի հոգևոր միապետության ժառանգական իշխանությունը, ստեղծեց եկեղեցական ֆեոդալական ամուր կազմակերպություն, որը ապահովված էր ոչ միայն սեփական կալվածքներով, այլև հարկեր էր գանձում ողջ երկրի աշխատավորությունից։ Գրիգոր Լուսավորիչը հիմնեց նոր դպրոցներ, որոնցում ուսուցումը տարվում էր նոր կրոնի պաշտոնական լեզուներով՝ հունարենով և ասորերենով։ Կյանքի վերջին տարիներին Գրիգոր Լուսավորիչը իր պաշտոնը հանձնելով Արիստակեսին՝ գնաց ճգնարան, ուր և վախճանվեց։ Մի քանի տարի անց նրա աճյունը տեղափոխվեց և ամփոփվեց Թորդան գյուղում։ Հայոց եկեղեցին նրան դասեց ավագ սրբերի կարգը, նրա պատվին սահմանեց հիշատակի օրեր։ Գրիգոր Լուսավորիչի անունով Հայ Առաքելական եկեղեցին կոչվում է նաև Գրիգոր-լուսավորչական։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»,
  2. Մովսես Խորենացի «Հայոց պատմության»,