Գրիգոր Զ Ապիրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրիգոր Զ Ապիրատ, Ամենայն Հայոց Կաթողիկոս (1194-1203 թթ.)։ Ծնվել է 1112 թ. Տլուք գավառի Ծովք ամրոցում, որդին է Գրիգոր Գ Պահլավունի և Ներսես Շնորհալի Կաթողիկոսների եղբայր Շահան զորավարի։ Մինչ հոգևորական դառնալը եղել է զինվորական և ծառայել հոր` Շահան զորավարի ձեռքի տակ։ Հավանաբար 30 տարեկանից հետո է նվիրվել հոգևոր ծառայության։ Եղել է Տարսոնի, Լամբրոնի, Անտիոքի, Կեսարիայի արքեպիսկոպոս։ Հաջորդել է Գրիգոր Ե Քարավեժ Կաթողիկոսին։

Կաթողիկոսական ընտրությունը և առաջացած խնդիրները[խմբագրել]

Գրիգոր Ե Քարավեժի մահից հետո Գրիգոր Ապիրատը Լևոն Բ-ի անմիջական միջամտությամբ Սսում հավաքված կիլիկյան եպիսկոպոսների կողմից ընտրվում է Կաթողիկոս։ Հայրապետական գահի գլխավոր հավակնորդներից էր նաև Ներսես Լամբրոնացին, սակայն Լևոն Բ-ն, հավանաբար հաշվի առնելով Լամբրոնացու բորբոքուն և ինքնիշխան բնավորությունը, նախապատվությունը տվեց Գրիգոր Ապիրատին։ Կաթողիկոսական ընտրությանը չմասնակցեց Հայաստանի հոգևորականությունը, ինչպես նաև խախտվեց 1114 թ. Շուղրի Կարմիր վանքում կայացած եկեղեցական ժողովի կաթողիկոսական ընտրության մասին որոշումը։ Գրիգոր Զ Ապիրատի կաթողիկոս դառնալուն խիստ ընդդիմանում են Հայաստանի (Արևելյան) հոգևորականները, որոնց գլխավորում էին Անիի Բարսեղ արքեպիսկոպոսը, Սանահինի վանահայր Գրիգոր Տուտեորդին և Հաղպատի վանահայր Դավիթ Քոբայրեցին։ Նրանք, դիմելով Լևոն Բ-ին, պահանջեցին չեղյալ հայտարարել Գրիգոր Զ Ապիրատի ընտրությունը և արքունիքից ու հայրապետանոցից հեռացնել Տարսոնի առաջնորդ Ներսես Լամբրոնացուն։ Արևելյան հոգևորականները կաթողիկոսի թեկնածու էին առաջարկում Անիի Բարսեղ արքեպիսկոպոսին, որը նույնպես Պահլավունյաց տոհմից էր։ Լևոն Բ-ն, տեսնելով Հայաստանի հոգևորականության բողոքները, սկսեց այս հարցում խուսափողական քաղաքականություն վարել։ Նա չէր ցանկանում Գրիգոր Զ Ապիրատին զրկել կաթողիկոսական գահից` լավ իմանալով, որ Բարսեղ Անեցու կաթողիկոսանալով կկորցնի իր ազդեցությունը Հայոց Եկեղեցու վրա, որովհետև Բարսեղը հայտնի էր իր հաստատակամ բնավորությամբ։ Ահա այդ պատճառով նա չբավարարեց Արևելյան հոգևորականության` կաթողիկոսին փոխելու պահանջը, սակայն, որպես զիջում Ներսես Լամբրոնացուն հեռացրեց հայրապետանոցից և արքունիքից։ Արևելյան հոգևորականության հարցում Լևոն Բ-ի վարած քաղաքականությունն իր սպասված արդյունքները չտվեց։ 1195 թ. Հայաստանի հոգևորականների կողմից Բարսեղ Անեցին հռչակվում է կաթողիկոս։ Նրա իշխանությունը տարածվում էր ողջ Հայաստանի տարածքում։ Այսպիսով հայրապետական իշխանությունը երկփեղկվեց։ Գրիգոր Զ Ապիրատը և կիլիկյան եպիսկոպոսները չփորձեցին ընդդիմանալ Բարսեղի կաթողիկոսանալուն` լավ հասկանալով, որ այդ միայն ավելի կսրի խնդիրը, ու երկփեղկումը կխորանա։ Չնայած, որ Գրիգոր Զ Ապիրատը կաթողիկոս էր ընտրվել որոշակի խախտումներով, սակայն, նա համարվում էր օրինական գահակալ, իսկ Բարսեղն ընկալվում էր որպես աթոռակից կաթողիկոս։

Հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունները Գրիգոր Զ Ապիրատի օրոք[խմբագրել]

Բյուզանդական կայսրությունը ուշադրությամբ հետևում էր հայ-լատինական հարաբերություններին, ինչպես նաև գիտակցում էր, որ Կիլիկյան Հայաստանը դարձել է միջերկրածովյան կարևոր տերություն։ Ահա այս հանգամանքները հաշվի առնելով է, որ բյուզանդական կայսր Ալեքսիոս Գ Անգելոսը 1196 թ. թագ է ուղարկում Լևոն Բ-ին և փորձում վերակենդանացնել Մանուել կայսեր մահով կանգ առած հայ-բյուզանդական եկեղեցական բանակցությունները։ Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցությունները վարելու համար Կ. Պոլիս է մեկնում Ներսես Լամբրոնացին։ Սակայն բանակցությունները ձախողվում են, և Լամբրոնացին հուսախաբված վերադառնում է Կիլիկիա։

Հայ-լատինական եկեղեցական հարաբերությունները Գրիգոր Զ Ապիրատի օրոք[խմբագրել]

Լևոն Բ-ն, հասկանալով, որ Բյուզանդական կայսրություը բավականին թուլացել է, շարունակեց ավելի սերտացնել հայ-լատինական հարաբերությունները` ցանկանալով թագ ստանալ Արևմուտքից։ Լևոնը ցանկանում էր թագադրվել Արևմուտքի կողմից, որպեսզի վայելեր արևմտյան պետությունների հովանավորությունը, իսկ ըստ ժամանակի իշխող օրենքների, արևմտյան բոլոր քաղաքական տվչությունները նվիրագործվում էին պապի հաստատումով և օրհնությամբ։ Վերջապես Կիլիկիա է հասնում պապի նվիրակ Կոնրադոս կարդինալը` Լևոնին թագադրելու համար։ Սակայն պապը չէր կարող թագադրել և օրհնել մեկին, որ իր հետ դավանապես միացած չէր։ Այդ իսկ պատճառով կարդինալը առաջ է քաշում Հայ և Լատին Եկեղեցիների միության խնդիրը` առաջարկելով հայերին ընդունել հետևյալ կետերը, որոնք մեզ հաղորդում է Կիրակոս Գանձակեցին. ա. Տերունի և սրբոց տոները կատարել հաստատուն ամսաթվերով, մինչ հայոց մեջ որդեգրված էր շաբաթվա օրերի վրա հիմնված յոթնական համակարգը։ բ. Ժամերգությունները կատարել եկեղեցում։ Հայերը սովորաբար ժամերգությունները կատարում էին գավթում` եկեղեցում կատարելով միայն Ս. Պատարագը։ գ. Ս. Ծննդյան և Ս. Հարության ճրագալույցներին օգտագործել միայն ձուկ և ձեթ և ոչ թե կաթնեղեն ու հավկիթ։ Ավելի ուշ շրջանի պատմիչ Ներսես Պալյանենցի մոտ հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու հիշատակած կետերին ևս երկու հավելում. ա. Հայ երեխաներին լատիներեն սովորեցնել։ բ. Հայոց Կաթողիկոսը պետք է որոշակի ժամանակամիջոցներին պարբերաբար պատվիրակներ ուղարկի Հռոմի պապի մոտ, որը նշան էր նրան հնազանդ լինելուն։ Սակայն դիտարկելով վերոնշյալ կետերը` տեսնում ենք, որ դրանք լոկ արտաքին-ծիսական նշանակություն ունեն։ Հավանաբար եղել են այլ կետեր, որոնք շոշափել են դավանաբանական հարցեր, բայց չեն պահպանվել։ Հռոմի պատվիրակ Կոնրադ արքեպիսկոպոսի առաջադրած պայմաններին պատասխանելու համար Լևոն Բ-ի առաջարկով Գրիգոր Զ Ապիրատ Կաթողիկոսը Տարսոնում հրավիրում է եկեղեցական ժողով։ Այս ժողովի մասին մատենագրական շատ տեղեկություններ չեն պահպանվել։ Միայն հայտնի է, որ ժողովականները չընդունեցին Հռոմի պապի պահանջները։ Սակայն ժողովից հետո Լևոն Բ-ն և նրան աջակից 12 եպիսկոպոսներ (Հովհաննես Սսեցի, Ներսես Լամբրոնացի, Անանիա Կեսարացի և այլն) պապի պատվիրակին հավաստիացրին, որ ընդունում են նրա առաջարկները և ամբողջ Հայ Եկեղեցում դրանք ընդունելը լոկ ժամանակի հարց է։ և այսպիսով հաջողեցրին ձեռք բերել Հռոմի պատվիրակի բարեհաճությունը։ Այսպիսով 1198 թ. հունվարի 6-ին` Ս. Ծննդյան տոնի օրը, Տարսոնի Ս. Սոֆիա տաճարում Լևոն Բ-ն թագադրվում է։ 1203 թ. Սսում վախճանվում է Գրիգոր Զ Ապիրատ Կաթողիկոսը։ Նրա վախճանով վերջ է դրվում Պահլավունի կաթողիկոսների շարքին։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Հեթում պատմիչ, Պատմութիւն թաթարաց, Վենետիկ, 1842։
  • Միքայել Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871։
  • Սամուել Անեցի, Հաւաքումն ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893։
  • Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վենետիկ, 1956։
  • Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1961։
  • Վարդան Արևելցի, Տիեզերական պատմութիւն, Երևան, 2001։
  • Մաղաքիա արք. Օրմանեան, Ազգապատում, հ. Ա., Ս. Էջմիածին, 2001։
  • Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսներ, հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008։

Այցելեք նաև[խմբագրել]


Նախորդող՝
Գրիգոր Ե Քարավեժ
Կաթողիկոս
1194–1203
Հաջորդող՝
Հովհաննես Զ Սսեցի