Գրիգոր Է Անավարզեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԳՐԻԳՈՐ Է ԱՆԱՎԱՐԶԵՑԻ (ԱՆԱՒԱՐԶԵՑԻ, Տուրքերիցանց, Մեծքարեցի, Ասեցի, Ջրող, Երգեցող, Երկրորդ Վկայասեր, Հոռոմ) (1293-1307) Ամենայն Հայոց կաթողիկոս 1293-ից։ Հաջորդել է Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն։ Ծնվել է մոտ 1240-ին Կիլիկիայի Անավարզա քաղաքում։ Մահացել է 1307-ին Սիս քաղաքում։ Ժամանակին համարվել է Հակոբ Ա Կլայեցու քրոջ որդին, սակայն պարզվել է, որ Հակոբ Բ Անավարզեցու մորեղբայրն է։ Կրթությունն ստացել է Մեծ քարի (Մեծ այրի) վանքում, տիրապետել ասորերենին, լատիներենին, հունարենին, հմտացել երաժշտության և բանաստեղծության մեջ։ Հետագայում ստանձնել է Մեծ քարի ուխտի առաջնորդությունը։ 1263-ից մինչև կաթողիկոս դառնալը Անարզաբայի (Անավարզա) արքեպիսկոպոսն էր։ 1293-ին կաթողիկոս ընտրվելով` պարտադրված էր ավերված Հռոմկլայից Աթոռը տեղափոխել Սսի արքեպիսկոպոսական առաջնորդարան։ Գրիգոր Է Անավարզեցու և Հեթում Բ թագավորի ջանքերով կաթողիկոսանիստ Հռոմկլայից եգիպտական մամլուքների կողմից գերված սրբազան մասունքները վերադարձվել են Սսի վեհարան (1301)։ Երկու-երեք տարվա հաջորդականությամբ իրար հաջորդող կիլիկյան թագավորների պարագայում, փաստորեն երկրի արտաքին բոլոր հարաբերությունները վարում էր Գրիգոր է Անավարզեցին։ Ստիպված է եղել սերտ հարաբերություններ վարել կաթոլիկների հետ` ձգտելով Անտիոքի եպիսկոպոսական աթոռը ենթարկել Հայոց կաթողիկոսությանը, ինչպես և պետական-քաղաքական խնդիրների լուծման հարցում աջակցություն ստանալու նպատակով։ Կղեմես Գալանոս ճիզվիտ պատմագիրը, անհայտ աղբյուրներից քաղելով, ավանդել է Անավարզեցուն վերագրվող` «Թուղթ տեառն Գրիգորի Հայոց կաթողիկոսի, զոր գրեաց առ կրօնաւոր թագաւորն Հեթում, հայր արքային Հայոց Լևոնի» վերտառությամբ նամակը, որի համաձայն կաթողիկոսը պատարագի բաժակին ջուր է խառնելիս եղել` պատճառ հանդիսանալով Ջրող մականվան առաջացմանը։ Նույն նամակի հետ է կապվում այն կարծիքը, համաձայն որի Գրիգոր Է Անավարզեցին Հակոբ Ա Կլայեցու քրոջ որդին էր։ Սակայն ռամկորենով շարադրված լինելու պատճառով թուղթն անհարիր է համարվել Գրիգոր Է Անավարզեցու գրչին, մերժելով նաև ջուր խառնելու և զարմիկության տեսակետները։ Լատինների հետ վարած սերտ հարաբերությունների արդյունք են Գրիգոր Է Անավարզեցու խմբագրած Հայսմավուրքը, ուր Փրկչի ծնունդը դրված է եղել դեկտեմբերի ԻԵ, ինչպես և Հայ եկեղեցու կողմից չընդունված հոգևոր գործիչներին նվիրված շարականները։ Գրիգոր Է Անավարզեցու Հայսմավուրքը օրացուցային ճշտումներով և կրճատումներով հրատարակվել է իբրև տերիսրայելյան խմբագրություն։ Այստեղ ամփոփված են Գրիգոր Է Անավարզեցու` հունական, ասորական և լատինական աղբյուրներից հայերենի վերածած վարքերն ու վկայաբանությունները։ Սրբերի հիշատակը թարգմանություններով հավերժացնելու համար Գրիգոր Է Անավարզեցին ստացել Է Երկրորդ Վկայասեր անվանումը։ Հեղինակային արձակ գործերն են դրվատներն ու ներբողյանները, որ նույնպես օգտագործված են Հայասմավուրքում։ Աստվածածնին նվիրված վեց ներբողներից բացի հայտնի են Անավարզեցու «Դրուատ գովեստի ամենայն սրբոց» (նույնն է` «Ներբողեան ասացեալ ի սրբոց վարդապետաց»), «Դրուատ ներբողի սմին իսկ նաւակատեաց մեծի աւուր տօնի գովեստի սուրբ տնօրինականացն Քրիստոսի սրբեալ տեղեացն Երուսաղէմի» գործերը։ Ժամանակին Գրիգոր Է Անավարզեցու ներբողները մի քանի շարականագիրների անունների նույնության պատճառով վերագրվել են Գրիգոր Գ Պահլավունուն։ Հորինել է բազմաթիվ շարականներ։ Հայ շարականագրության մեջ միայն Ներսես Շնորհալին և Գրիգոր Է Անավարզեցին են արժանացել Երգեցող պատվանվանը, որ տրվում էր երաժշտության մեջ երևելի հաջողությունների համար։ Ցուցակագրված երեսուներեք կանոն շարականից միայն 16-ն է պահպանվել, մեկ Մանկունք (Հիման յառաքեալսն) և երեք Մեծացուսցէ։ Գրել է նաև «Թուղթ առ Իննովկենտիոս Ը պապ», «Գանձ Պետրոսի», «Նուագ առ սրբազնութիւն ամենասրբոյ մարմնոյ և արեան Տեառն» և այլ երկասիրություններ։ Կաթողիկոսական գահին Գրիգոր Է Անավարզեցուն հաջորդել է Կոստանդին Գ Կեսարացին։
Երկեր. «Յայսմաւուրք ըստ կարգի ընտրելագոյն օրինակի յայսմաւուրաց Տէր Իսրայէլի (իրականում` Գրիգոր Է Անաւարզեցի), Յօրթագիւղ, 1834: Ս. Ամատունի, Հին և նոր պարականոն կամ անվաւեր շարականներ, Վաղարշապատ, 1911: «Շարական», կազմ. Վ. Ներսիսյան, Գ. Մադոյան, Անթիլիաս-Լիբանան, 2007:
Գրականություն. Ալիշան Ղ., Սիսուան և Լեւոն Մեծագործ, Վենետիկ, 1885: Նույնի` «Հայապատում», հատ. Ա, Վենետիկ, 1901: Անապատական, Համառօտ պատմութիւն հայ-լատին յարաբերութեանց սկիզբէն մինչև 1382, Անթիլիաս, 1981: Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001: Մադոյան Գ., Գրիգոր Անաւարզեցին շարականագիր, Երևան, 2001: