Գևորգ Զ Նորնախիջևանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Զ Չորեքչյան

Գևորգ Զ Չորեքչյան (1868 դեկտեմբերի 2 - սեպտեմբերի 26 1954), Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս, ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում։ Ամենայն հայոց կաթողիկոս 1945 թվականից։ Հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանին։

Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1879–1889), Լայպցիգի համալսարանում (աստվածաբանության և փիլիսոփայության բաժիններում) և կոնսերվատորիայում (1889–1894)։ 1889 թվականին ձեռնադրվել է սարկավագ, 1913 թվականին՝ վարդապետ. նշանակվել է Նոր Նախիջևանի առաջնորդական փոխանորդ։ 1915 թվականի հայկական կոտորածներից փրկված գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեի անդամ էր, իսկ 1916 թվակնից՝ նախագահ։

1916 թվականի մայիսի 17-ից՝ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի Սինոդի անդամ։ 1917-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1922–27-ին՝ Վրաստանի թեմի առաջնորդ, 1927 թվականից՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ 1938 թվականին կաթողիկոս Խորեն Ա. Մուրադբեկյանի եղերական մահից հետո մինչև 1941 թվականը ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը։ 1941 թվականի ապրիլին Ազգային եկեղեցական ժողովում ընտրվել է կաթողիկոսական տեղապահ, 1945 թվականի հունիսին՝ Ամենայն հայոց կաթողիկոս։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայության շրջանում կազմակերպել է հանգանակություն «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար։ Նրա կաթողիկոսության օրոք վերածնունդ են ապրել ԽՍՀՄ տարածքում գտնվող հայոց թեմերը, հրատարակվել է «Էջմիածին» ամսագիրը, վերաբացվել են Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, վերադարձվել ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաև՝ Ս. Հռիփսիմե, Ս. Գեղարդավանք և Խոր վիրապի վանքերը։ Գևորգ Զ Չորեքչյանը կարևոր խնդիր է համարել մայր հայրենիքի և սփյուռքահայության կապերի ամրապնդումը, սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովումը։ Մեծ ավանդ է ունեցել 1946–1948 թվականների հայրենադարձության կազմակերպման գործում։ 1945 թվականի ապրիլին Մոսկվայում Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Արևմտյան Հայաստանի հողերի խնդիրը, իսկ 1945 թվականի հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին՝ հայկական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով։ 1947 թվականի ապրիլի 20-ին հրապարակել է ընդարձակ մի կոնդակ՝ «Հայկական հարցի լուծման մասին»։ Ողջունել է 1947 թվականի ապրիլին Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման հարցը։

Կաթողիկոսական գահին Գևորգ Զ Չորեքչյանին հաջորդել է Վազգեն Ա Պալճյանը։ (Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան)

Կենսագրությունը[խմբագրել]

Սովորել է նախ տեղի ծխական դպրոցում, այնուհետև հոգևոր սեմինարիայում։

1879 թվականին ընդունվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարան։

Մակար Ա կաթողիկոսի տնօրինությամբ Գևորգ սարկավագը 1889 թվականին մեկնում է Գերմանիա։ 1889-1894 թվականներին ուսանում է Լայպցիգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում և նույն քաղաքի կոնսերվատորիայում։

Վերադառնալով հայրենիք մեկ տարի Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդում է երաժշտություն, ապա մեկնում է Նոր Նախիջևան՝ ծավալելով այստեղ բուռն մանկավարժական, հայրենասիրական ու երաժշտական գործունեություն։

1913 թվականին Գևորգ Ե կաթողիկոսը նրան հրավիրում է Մայր Աթոռ, ձեռնադրում է աբեղա և նորից Նոր Նախիջևան ուղարկում՝ այս անգամ արդեն առաջնորդական տեղապահի պաշտոնով։

1916 թվականին Գևորգ վարդապետ Չորեքչյանը վերադառնում է Մայր Աթոռ։ Նույն թվականին նա արժանանում է ծայրագույն վարդապետության աստիճանի, ապա նշանակվում է Սինոդի անդամ։

1917 թվականին ձեռնադրվում է՝ եպիսկոպոս դառնալով վանական կառավարության նախագահ և Մայր Տաճարի լուսարարապետ։ Միաժամանակ ստանձնում է նաև արևմտահայ գաղթականության ողջ կարիքների ու հոգսերի լուծման հարցերը, որպես Եղբայրական օգնության կոմիտեի նախագահ։

1925 թվականին նրան շնորհվում է արքայություն։

1922-1927 թվականներին Գևորգ արք. Չորեքչյանը նշանակվում է Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ։

Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը, համաձայն նահատակ Խորեն Ա կաթողիկոսի թիվ 620 Կոնդակի, 1938 թ. ապրիլի 10-ից ստանձնում է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահի պաշտոնը։

1941 թվականի ապրիլին ընտրվում է ազգընտիր տեղակալ Հայոց Հայրապետության։ Նա տեսնելով պետական անհանդուրժող, ապազգային չինովնիկների վարած քաղաքականությունը Մայր Աթոռի և եկեղեցու նկատմամբ, սկզբունքորեն վերակառուցում է Մայր Աթոռի աշխատանքները։

Մայր Աթոռի միաբանության անդամները, քիչ բացառությամբ պիտակավորվելով որպես դաշնակցական, հակահեղափոխական, ժողովրդի թշնամի, վաղուց արդեն աքսորվել էին, նրանցից ոչ ոք չվերադարձավ։ Այսպիսի օրհասական վիճակում էր Մայր Աթոռը, երբ 1939 թվականին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Գևորգ Չորեքչյանը կարճ ժամանակից հետո հայրենիքի, սփյուռքի և Մայր Աթոռի տրամադրած նյութական միջոցներով պատրաստել է տալիս «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները, որոնք իրենց նպաստը բերեցին բաղձալի հաղթանակին։

1945 թվականի ապրիլի 19-ին ազգընտիր տեղակալը առանձնազրույց է ունեցել ԽՍՀՄ առաջնորդ Ի.Ստալինի հետ, որի ընթացքում բարձրացել է հայ ժողովրդին հուզող բազում հարցեր։ Այդ հանդիպման արդյունքում Մայր Աթոռի նկատմամբ անտարբեր և թշնամական վերաբերմունքը որոշ չափով փոխվում է։ Տեղակալ սրբազանը այդ ընթացքում կարողանում է կանգնեցնել եկեղեցիների բարբարոսական քանդումը։

1945 թվականի հունիսի 16-22-ը Մայր Աթոռում հրավիրված Ազգային-եկեղեցական ժողովը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս է ընտրում Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին (1945-1954)։

Ինը տարվա գահակալության ընթացքում նա հասցնում է վերակազմակերպել Մայր Աթոռի ներքին և արտաքին թեմերը։ Միանգամից ձեռնադրում է տասը եպիսկոպոսներ, հետագայում (1951)՝ ևս հինգը, որոնց հաստատում է թեմերի առաջնորդների թափուր պաշտոններում։

Նա 1944 թվականին կարողանում է Մայր Աթոռի նախկին «Արարատ» ամսագրի փոխարեն հրատարակել «Էջմիածինը»՝ որպես Մայր Աթոռի պաշտոնաթերթ։

Վեհափառի ջանքերով վերաբացվել է Մայր Աթոռի տպարանը, վերադարձվել գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, մասնավորապես՝ Ս. Հռիփսիմե, Ս. Գեղարդավանք, Խոր Վիրապի վանքերը և այլն։

1945 թվականի նոյեմբերի 1-ին Կաթողիկոսի ջանքերով վերաբացում է հոգևոր ճեմարանը։

Մահացել է 1954 թվականի սեպտեմբերի 26-ին։

Նախորդող՝
Խորեն Ա Մուրադբեկյան
Կաթողիկոս
1945–1954
Հաջորդող՝
Վազգեն Ա Բուխարեստցի

Աղբյուրներ[խմբագրել]

  • «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության», գիրք Զ. Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոս Ամենայն Հայոց (1938-1955 թթ.), կազմեց Ս. Բեհբուդյանը, Երան, 1999։
  • «Նշանավոր Ճեմարանականներ», Պրակ Ա, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2005։

Արտաքին հղումներ[խմբագրել]