Սարգիս Բ Աջատար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Լուսավորչի աջը

Սարգիս Բ Աջատար (ծ. թ. անհայտ – 1474, Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1469-ից։ Հաջորդել է Արիստակես Բ Աթոռակալին։

1460-ին եղել է Էջմիածնի կաթողիկոսական գահին առժամանակ տիրած Զաքարիայի օգնականը, 1462-ից՝ Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի, 1465-ից՝ Արիստակես Բ Աթոռակալի առաջին աթոռակիցը։ «Աջատար» կոչվել է 1460-ին կաթողիկոս դառնալու նպատակով Գրիգոր Լուսավորչի Աջը (աջ ձեռքի մասունքները, որոնք V դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում) Էջմիածնից վերցնելու և Թավրիզ տանելու համար։ Կաթողիկոս ընտրվելուց հետո փորձել է վերադարձնել Աջը, որը Զաքարիա Գ տարել էր Աղթամար։ Այդ նպատակով Վրթանես եպիսկոպոսին հանձնարարել է Աղթամարի կաթողիկոսությունից հափշտակել Աջը։ Սակայն մինչ Սարգիս Բ Աջատարի նպատակը կիրագործվեր, մահացել է։ 1470-ին աթոռակից է օծել Հովհաննես եպիսկոպոսին։ Կաթողիկոսական գահին Սարգիս Բ Աջատարին հաջորդել է Հովհաննես Է Աջակիրը, որի օրոք էլ Լուսավորչի Աջը վերադարձվել է Էջմիածին։

Արտաքին հղումներ[խմբագրել]


Նախորդող՝
Արիստակես Բ Աթոռակալ
Կաթողիկոս
1469–1474
Հաջորդող՝
Հովհաննես Է Աջակիր