Մինաս Ա Ակնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մինաս Ա Ակնեցի (ծննդյան թիվն անհայտ – 1753 թ. մայիսի 12), Ամենայն հայոց կաթողիկոս 1751 թ-ի սեպտեմբերի 15-ից առ 1753 թ. մայիսի 12-ը: Ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի բակի ձախակողմյան հատվածում: Ուսումնառությունն անցկացրել է Բաղեշի Ամրդոլու վանքի դպրոցում, աշակերտել Վարդան Բաղիշեցուն: Եղել է Մշո Ս. Կարապետ վանքի միաբան, ապա` առաջնորդ (1730-1749): 1749-ի մարտին ընտրվել է Կ.Պոլսի Հայոց պատրիարք: Թեև պաշտոնավարել է ոչ երկար ժամանակով (1749-1751), սակայն եռանդուն ջանքերի շնորհիվ կարողացել է ամրապնդել ինչպես Կ. Պոլսի, այնպես էլ Երուսաղեմի պատրիարքարանների դիրքերը: Նպաստել է, որ Հովհաննես Կոլոտը նշանակվի Երուսաղեմի Հայոց պատրիարք: Աչքի է ընկել իր խոհական, հեզաբարո, խաղաղասիրական ընթացքով: Ղազար Ա Ջահկեցու մահից հետո Ս.Էջմիածնի միաբանները և Կ. Պոլսի ազգային-եկեղեցական շրջանները նրա թեկնածությունը համերաշխ առաջադրել են կաթողիկոսական ընտրությունների ժամանակ: 1751-ի մայիսին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս: Կաթողիկոսական օծումը ստացել է 1751-ի սեպտեմբերի 15-ին: Կաթողիկոս ընտրվելուց հետո Մինաս Ա Ակնեցին վերջ է տվել Ս. Էջմիածնի միաբանությունում բուն դրած անմիաբանությանն ու հակասություններին, սակայն վերահաս մահը թույլ չի տվել առավել լայն գործունեություն ծավալել: Զբաղվել է նաև մատենագրությամբ, ինչպես հավաստում է Սիմեոն Երևանցին` «ունի զգրեանս դատաւորականս հոգացեալ»:

Գր. Սիմեոն Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873

Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001


Նախորդող՝
Ղազար Ա Ջահկեցի
Կաթողիկոս
1751-1753
Հաջորդող՝
Ալեքսանդր Բ Բյուզանդացի