Կարապետ Ա Կեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարապետ Ա Կեղեցի (1392-1404), Ամենայն Հայոց կաթողիկոս 1392-ից: Հաջորդել է Թեոդորոս Բ Կիլիկեցուն: Ծնվել է Ծոփքի Կեղի գյուղում: Ծննդյան թիվն անհայտ է: Մահացել է թունավորումից 1404-ին Սիս քաղաքում:

Կենսագրություն [խմբագրել]

Կրթությունն ու դաստիարակությունն ստացել է Սսի հայրապետանոցում: Թեոդորոս Բ Կիլիկեցու մահից հետո Լեռնային Կիլիկիայի իշխան Կոստանդին Կիլիկեցու, Սսի կառավարիչ պարոն Կարապետի և Կիլիկյան աթոռի միաբանների համաձայնությամբ և Սսի Էոմեր ամիրայի հովանավորությամբ ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Գահակալել է քաղաքական և տնտեսական ծանր պայմաններում: Թուրքմեն Ռամազան ամիրայի` քաղաքը պաշարելուց հետո թվով երեսուն հազար մարդ գաղթել է Կիպրոս և Եվրոպա, իսկ մնացածները` Կարապետ Ա Կեղեցու գլխավորությամբ մնացել են պաշարված Սիս քաղաքում, որը հանձնվել է 1404-ի հունիսի 6-ին: Ռամազան ամիրայի հաճությամբ Սսի Մայր Աթոռի միաբան Հակոբ եպիսկոպոս Սսեցին գահընկեց է արել Կարապետ Ա Կեղեցուն, որից հետո նրան թունավորելով սպանել են:

Կաթողիկոսական գահին Կարապետ Ա Կեղեցուն հաջորդել է Հակոբ Գ Սսեցին:

Գրականություն [խմբագրել]

  • Գր. Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հատ. Գ, Վենետիկ, 1786
  • Սամուել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893
  • Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001