Կոմիտաս Ա Աղցեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմիտաս Ա Աղցեցի, Շինող (ծ. թ. անհայտ, գ. Աղցք (Արագածոտն գավառ) – 628, Դվին), Ամենայն հայոց կաթողիկոս 613 թվականից: Նախքան կաթողիկոս ընտրվելը եղել է Տարոնի եպիսկոպոսը: Եռանդուն մասնակցություն է ունեցել ժամանակի դավանաբանական վեճերին, պաշտպանել Հայ եկեղեցու դավանանքը քաղկեդոնականների և նեստորականների ոտնձգություններից: Նրա օրոք ստեղծվել է «Կնիք հավատո» դավանաբանական ժողովածուն: Ծավալել է շինարարական և հոգևոր-մշակութային գործունեություն (դրանից էլ՝ Շինող մականունը): Ավարտին է հասցրել Դվինի Ս. Գրիգոր եկեղեցու շինարարությունը, հիմնանորոգել է Վաղարշապատի Ս. Էջմիածին Կաթողիկեն, 618-ին կառուցել է Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանքը (Գրիգոր Լուսավորչի հիմնած նախկին Վկայարանի տեղում), հետամուտ եղել Սյունյաց, Արշարունյաց, Դվինի կաթողիկոսարանի, Էջմիածնի վանքի, Մայրավանքի դպրոցների, Շիրակի դպրեվանքի և այլ հոգևոր-կրթական կենտրոնների զարգացմանը: Կոմիտաս Ա Աղցեցին նաև բանաստեղծ-երաժիշտ էր, հայ շարականերգության նշանավոր ներկայացուցիչներից: Հայտնի է նրա ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակին նվիրված կանոնի օրհնությունը՝ «Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի» շարականը: Կաթողիկոսական գահին Կոմիտաս Ա Աղցեցուն նախորդել է Աբրահամ Ա Աղբաթանեցին, հաջորդել` Քրիստափոր Բ Ապահունին:

Արտաքին հղումներ [խմբագրել]

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002


Նախորդող՝
Աբրահամ Ա Աղբաթանեցի
Կաթողիկոս
613–628
Հաջորդող՝
Քրիստափոր Բ Ապահունի