Կարապետ Բ Ուլնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարապետ Բ Ուլնեցի, (ծ. թ. անհայտ, գ. Ուլն (Զեյթուն գավառ) – 2.10.1729, Վաղարշապատ, թաղվել է Ս. Հռիփսիմե տաճարի արևմտյան կողմում), Ամենայն հայոց կաթողիկոս 1726-ից: Հաջորդել է Աստվածատուր Ա Համադանցուն: Սովորել ու եպիսկոպոս է ձեռնադրվել Սսի կաթողիկոսարանում: Եղել է Գաղաթիո հայոց թեմակալ: 1725-ի աշնանը, երբ դժբախտ պատահարից վախճանվում է Աստվածատուր Ա Համադանցին Հայաստանում ընթանում էին պատերազմներ՝ թուրքերը գրավել էին Այրարատը, իսկ Սյունիքում և Արցախում շարունակվում էին ազատագրական կռիվները: Ս. Էջմիածնի միաբանները ցրված էին և կաթողիկոսի ընտրություններ անցկացնել Վաղարշապատում հնարավոր չէր: Այդ պատճառով էլ Կ. Պոլսի հայոց պատրիարք Հովհաննես Կոլոտ Բաղիշեցու նախաձեռնությամբ և Կ. Պոլսի, Սսի և Երուսաղեմի հայոց աշխարհիկ ու հոգևոր գործիչների համաձայնությամբ ընտրությունը տեղի է ունեցել Կ. Պոլսում: Կարապետ Բ Ուլնեցին օծվում է 1726-ի փետր. 27-ին Կ. Պոլսի Ս. Աստվածածին Մայր եկեղեցում: 1727-ի հունիսին Կ. Պոլսից մեկնում է Վաղարշապատ՝ ճանապարհին այցելելով հայոց հոգևոր թեմերի մի շարք կենտրոններ (Բրուսա, Անկյուրա, Եվդոկիա և այլն): Էջմիածին է հասնում 1728-ի սկզբին հասել Էջմիածին: Համախմբում է ցրված միաբաններին, կարգավորում վանքապատկան կալվածագրերը և նպաստում հոգևոր-մշակութ. կյանքի վերակենդանացմանը: Կարապետ Բ Ուլնեցու պատվերով Հակոբ Հովնաթանյանը նկարում է 12 առաքյալների պատկերները Մայր տաճարի խորանի կամարին: Կաթողիկոս. գահին Կարապետ Բ Ուլնեցուն հաջորդել է Աբրահամ Բ Խոշաբեցին:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002


Նախորդող՝
Աստվածատուր Ա Համադանցի
Կաթողիկոս
1726–1729
Հաջորդող՝
Աբրահամ Բ Խոշաբեցի