Ներսես Գ Տայեցի
Ներսես Գ Տայեցի (հայտնի է նաև որպես Ներսես Գ Իշխանցի, Ներսես Գ Շինող (ծ. թ. անհայտ– 661)), Ամենայն հայոց կաթողիկոս 641-ից: Հաջորդել է Եզր Ա Փառաժնակերտցուն: Ծնվել է Տայքի Իշխան գյուղում: Կրթվել է Բյուզանդիայում, մտել այնտեղ զինվորական ծառայության: Վերադառնալով հայրենիք՝ ձեռնադրվել է, ապա կարգվել Տայքի եպիսկոպոս: Կաթողիկոս է դարձել Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու հավանությամբ, ծավալել եկեղեցաշինական բուռն գործունեություն, որի համար ստացել է Շինող մականունը: Նորոգել է Դվինի Ս. Սարգիս, Վաղարշապատի Ս. Աստվածածին եկեղեցիները, Վասպուրականի Ձորո վանքը, կառուցել Խոր վիրապի Ս. Գրիգոր մատուռը, Զվարթնոցի Ս. Գրիգոր կաթողիկեն՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով: 645-ին գումարել է Դվինի 5-րդ ժողովը, որի ընթացքում ընդունվել է 12 կանոնները: 648-ի Դվինի 6-րդ ժողովում Ներսես Գ Տայեցին և Թեոդորոս Ռշտունին մերժել են բյուզանդական կայսր Կոստաս II-ի (Կոստանդին) և Կ. Պոլսի պատրիարք Պյուռոսի՝ Քաղկեդոնի ժողովն ընդունելու առաջարկը: 652-ին Կոստաս II կայսրը ներխուժել է Հայաստան, հալածել ընդդիմադիր հայ նախարարներին ու հոգևորականներին և կրկին առաջ քաշել եկեղեցիների միության խնդիրը: Այդ նպատակով, Դվինի Կաթողիկե եկեղեցում կայսրը հրամայել է հունական ծեսով մատուցել Պատարագ, որի ընթացքում կաթողիկոսի հետ միասին հաղորդվել են նաև հայ եպիսկոպոսները: 652-ին, երբ Թեոդորոս Ռշտունին արաբական զորքերի օժանդակությամբ բյուզանդացիներից ազատագրել է Հայաստանը, Ներսես Գ Տայեցին, խույս տալով արաբական կողմնորոշում ունեցող նախարարների հետ բախումից, մեկնել է Կ. Պոլիս՝ ակնկալելով կայսրի պաշտպանությունը:
Նույն թվականի վերջին հուսախաբ վերադարձել է Հայաստան և մինչև 659-ը քաշվել հայրենի Իշխան գյուղը՝ մեկուսանալով երկրի քաղաքական գործերից: Թեոդորոս Ռշտունու մահից (658) և արաբական սպառնալիքների մեղմացումից հետո, 659-ին վերադարձել է Վաղարշապատ, շարունակել Զվարթնոցի օժանդակ կառույցների շինարարական աշխատանքը: Ներսես Գ Տայեցու գահակալման օրոք կարևոր իրադարձություններից էր ս. Խաչի գյուտ ը և այդ առթիվ Վարագա ս. Խաչի տոնի հաստատումը (653): Կաթողիկոսը նույն վայրում՝ Վարագա լեռան վրա, որտեղ հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի խաչափայտի մի մասունքը, կառուցել է Ս. Նշան եկեղեցին: Ներսես Գ Տայեցին ամփոփվել է Զվարթնոցի հյուսիսային կողմում, իր կենդանության օրոք կերտած շիրիմում: Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Անաստաս Ա Ակոռեցին:
Շինարարական գործունեությունը [խմբագրել]
Նորոգել է Դվին մայրաքաղաքի Ս. Սարգիս, Վաղարշապատի Ս. Աստվածածին եկեղեցիները, Վասպուրական նահանգի Ձորո վանքը, կառուցել Խոր վիրապի Ս. Գրիգոր մատուռը, Զվարթնոցի Ս. Գրիգոր կաթողիկեն (641 – 661թթ.) (հայտնի է եղել նաև որպես Վաղարշապատի Սբ. Գրիգոր, Առապարի Սբ. Գրիգոր անվանումներով, գտնվում է Արարատյան դաշտում, ՀՀ Արմավիրի մարզում, Վաղարշապատից 3 կմ հարավ: Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զվարթնոցն օծվել է 652 թ.-ին)` հարակից հայրապետանոցով և պարիսպներով: Զվարթնոցի պատին Ներսես Գ Տայեցին թողել է հունարեն արձանագրություն. «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»: Այս առթիվ Սեբեոս պատմիչը նշում է. «Այն ժամանակ հայոց Ներսես կաթողիկոսը որոշեց իր համար նստավայր շինել այն սուրբ եկեղեցիների մոտ, որ Վաղարշապատ քաղաքում էին` այն ճանապարհի վրա, որտեղ, ասում են, Տրդատ թագավորն (Տրդատ 3-րդ Մեծ (298-330թթ.) ընդառաջ ելավ սուրբ Գրիգորին: Շինեց այնտեղ մի եկեղեցի հանուն երկնային Զվարթունների (հրեշտակների) երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին սուրբ Գրիգորին: Կառուցեց այդ եկեղեցին` բարձրաշեն, զարմանալիորեն չքնաղ, աստվածային պատվին արժանի, ում նվիրեց: Աղբյուր բերեց, ջուր անցկացրեց նաև գետից և ողջ քարքարոտ վայրերը մշակեց, տնկեց այգիներ ու ծառաստաններ և նստավայրը շուրջանակի պատվարեց գեղեցկաշար բարձր պարսպով` ի փառս Աստծո» (Սեբեոս, գլ. ԽԵ, էջ 226-227): Վերոհիշյալի մասին պատմում է նաև Հովհան Մամիկոնյան պատմիչը:
Արտաքին հղումներ [խմբագրել]
| Նախորդող՝ Եզր Ա Փառաժնակերտցի |
Կաթողիկոս 641–661 |
Հաջորդող՝ Անաստաս Ա Ակոռեցի |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |