Ներսես Ա Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Ա Մեծ (19–րդ դարի երևակայական պատկեր)

Ներսես Ա Մեծ (մոտ 329 - 373), Ամենայն հայոց կաթողիկոս (353-373): Հաջորդել է Փառեն Ա Աշտիշատցի կաթողիկոսին: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնելի սրբերից է:

Բովանդակություն

Կյանքը [խմբագրել]

Ներսես Ա Մեծ (Հովնաթանյան)

Ներսես Պարթևը ծնվել է մոտ 329թ.-ին (ծննդյան վայրը անհայտ է), սերում է Գրիգոր Լուսավորչի տոհմից, Հուսիկ Ա Պարթևի թոռն է: Մանկության և պատանեկության տարիներին ապրել, կրթվել ու դաստիարակվել է Կեսարիայում: Կեսարիայում ուսանելուց հետո վերադարձել է հայրենիք, որտեղ Արշակ Բ արքան նրան նշանակել է արքունի սենեկապետ: Ամուսնացել է Հայոց սպարապետ Արտավազդ Մամկիոնյանի որդի Վարդանի դստեր՝ Սահանդուխտի հետ: 350թ–ին Ներսես Պարթևը վերադարձել է Մեծ Հայք Արշակ Բ-ի արքունիքում նշանակվել է գլխավոր սենեկապետ: 351թ-ին Արշակ Երկրորդ արքայի հանձնարարությամբ Ներսես Պարթևը առաջնորդել է Կոնստանդնուպոլիս ուղևորվող հայկական պատվիրակությանը, մասնակցել հայ-հռոմեական լարված հարաբերությունների կարգավորմանը:

Ներսես Ա Մեծը` կաթողիկոս [խմբագրել]

353թ. Արշակ Բ-ի հրահանգով Ներսես Ա Պարթևը ձեռնադրվել է եպիսկոպոս, ապա մեկնել Կեսարիա, որտեղ հանդիսավորությամբ օծվել է Հայոց կաթողիկոս: Ըստ ավանդության այնտեղ նրա հետ ձեռնադրվել է նաև 4-րդ դարի եկեղեցական նշանավոր հայրերից Բարսեղ Կեսարացին: Կաթողիկոս ձեռնադրվելուց մեկ տարի անց` 353/4թ., Ներսես կաթողիկոսը Աշտիշատում գումարում է Հայոց Ա ազգային եկեղեցական ժողովը: Ժողովը որոշում է Հայաստանի տարբեր վայրերում հիմնել աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ, ինչպես նաև արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծով, հանդերձներ պատռելով մեռելներ թաղել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին: Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը: Հանձնարարվում է հեռու մնալ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն: Ժողովի որոշուներից է նաև վանքեր և պարսպապատ կուսանոցներ հիմնելը, յուրաքանչյուր վանքում դպրոց հաստատելը: Ժողովի որոշուները կարճ ժամանակամիջոցում կյանքի են կոչվում: Ժողովը նաև խիստ պատիժներ է սահմանել արվամոլների, կենդանամոլների և սեռական այլ սանձարձակությունների դեմ: Ներսես Ա-ն հոգ էր տանում որպեսզի Հայոց Եկեղեցու պաշտոնյաները զինվեն գիտությամբ և աստվածային իմաստությամբ: Սուրբ հայրապետը հայտնի էր մեծ աղքատասիրությամբ. նա երբեք ճաշի կամ ընթրիքի չէր նստում առանց սեղանակից ունենալու աղքատներին և կույրերին, անդամալույծներին և ցավագարներին: Սիրում էր անձամբ սպասավորել և դարմանել նրանց:

Ներսես Մեծի հարաբերություններն արքունիքի հետ [խմբագրել]

Ներսես Ա Պարթևը և Արշակ Երկրորդը ներքին ու արտաքին քաղաքականության վարման հարցերում ունեցել են ներհակ դիրքորոշում, որի հետևանքով լարվել են հարաբերությունները: Կաթողիկոսը բացահայտորեն ընդդիմացել է Արշակ Բ-ին և համակրել ու պաշտպանել Արշակունյաց Մեծ սեպուհ Գնելին: 359թ-ին Գնելը դավադրաբար սպանվում է, իսկ Ներսես Պարթևին Արշակ արքան մեկուսացնում է Աշտիշատում: 363թ. Հուլիանոս կայսեր զոհվելուց հետո, և նրան հաջորդած Հովիանոս կայսեր կնքած «ամոթալի պայմանագրից» հետո, երբ Մեծ Հայքը զրկվել էր Հռոմի ռազմական օգնությունից և հայտնվել պարսկական զորքերի հարձակման վտանգի առջև, Արշակ թագավորը խնդրում է Ներսես Ա Պարթևին վերստին ստանձնել Հայոց կաթողիկոսի պարտականությունները՝ հուսալով նրա հեղինակավոր միջամտությամբ վերահաստատել հայ-հռոմեական հարաբերությունները: Ներսես Ա Պարթևը պատվիրակությամբ մեկնում է Հռոմ, որտեղ արիոսյան աղանդավորներին հովանավորող Հռոմի նոր կայսր Վալենտիանոսը (Վաղես) Ներսես Ա Պարթևին կալանավորում և աքսորում է Միջերկրական ծովի անմարդաբնակ կղզիներից մեկը: Կաթողիկոսն աքսորից ազատվում է միայն Պապ Արշակունու օրոք /369-374թթ/ և վերադառնում է հայրենիք: 371թ. պարսկական զորքերի դեմ Ձիրավի ճակատամարտում Ներսես Ա Մեծը քաջալերու էր հայ մարտիկներին, որ աներկյուղ և հավատով զինված մարտնչեն թշնամու դեմ: Իսկ ինքը, բարձրանալով Նպատ լեռան գագաթը, ողջ մարտի ընթացքում բազկատարած աղոթում էր, մինչև որ հայոց զորքը լիակատար հաղթանակ տարավ:

Ներսես Ա Մեծի մահը [խմբագրել]

Հայոց կաթողիկոսը սպանվել է Պապ թագավորի կողմից թունավորվելով: Ըստ ավանդության հայրապետը կանխապես իմացել է թագավորի դավադրության մասին, սակայն կամովին ընդունել է մահվան հրավերը՝ թունավորված գինին խմելուց առաջ հանդիմանելով արքային: Այնուհետև իր մահն արժանավայել դիմավորելու համար պատարագ է մատուցել, իսկ մահվանից առաջ մերձավորներին պատմել տեսիլքը Հայաստանին սպասվող իրադարձությունների՝ Արշակունիների կործանման, Արևելքի նվաճողների տիրապետության, նրանց կործանման, երկրում քրիստոնեության վերածաղկման և այլ իրադարձությունների մասին: Համաձայն մեկ այլ վարկածի Ներսես Ա Պարթևը վախճանվել է թոքերի հիվանդությունից 373թ-ի հուլիսի 25-ին: Կաթողիկոսի մահը եղել է Եկեղյաց գավառի Խախ արքունի ավանում: Թաղվել է Եկեղյաց գավառի Թիլ ավանում: Հայոց եկեղեցին դասել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսին սրբերի շարքը: Նրա հիշատակը տոնվում է Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը:

Ներսես Ա Կաթողիկոսի տեսիլքը [խմբագրել]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Մանկական Քրիստոնեական Հանրագիտարան, Երևան, 1998:
  2. Հայոց Եկեղեցու Հանրագիտարան, Պրակ Ա, Ամենայն Հայոց Կաթողիկոսներ, Ս. Էջմիածին, 2008:
  3. Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Ա., Ս Էջմիածին, 2001:
  4. Փավստոս Բուզանդ Հայոց պատմություն, Երևան 1968:
  5. «Սոփերք հայկականք», հատ Զ. Վենետիկ, 1853թ:


Նախորդող՝
Փառեն Ա Աշտիշատցի
Կաթողիկոս
353–373
Հաջորդող՝
Սահակ Ա Մանազկերտցի