Սիմեոն Ա Երևանցի
Սիմեոն Ա Երևանցի (ծն. 1710 թ., Երևան), ամենայն հայոց կաթողիկոս։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրությունը
Ուսումնառությունն ու հոգևոր ողջ գործունեությունը կապվում են Սուրբ Էջմիածնի և Հայ առաքելական եկեղեցու հետ: 1752-ին Սիմեոն Երևանցին արդեն վարդապետ էր, իսկ 1759-ին` եպիսկոպոս: 1756 թ. Սիմեոն Երևանցի վարդապետը գնում է Կոստանդնուպոլիս, որտեղ և շարունակում է իր հոգևոր գործունեությունը: Եղել է նվիրակ Կոստանդնուպոլսում, այնուհետև` Մադրասում: 1763 թ. մարտի 21-ին վախճանվում է Հակոբ Շամախեցի կաթողիկոսը և մեկ ամիս անց` ապրիլի 20-ին Սիմեոն եպիսկոպոս Երևանցուն օծում են իբրև ամենայն հայոց կաթողիկոս:
[խմբագրել] Գործունեությունը
Իր տասնյոթամյա հայրապետության ընթացքում (1763-1780 թթ.) Սիմեոն կաթողիկոսը աչքի է ընկնում ոչ միայն ազգային-հայրենասիրական, հոգևոր ու մշակութային, այլև շինարարական ու նորոգչական հսկայածավալ աշխատանքներով: Նախ և առաջ վերաշինում է Մայր Աթոռի արտաքին պարիսպը, որի գոյություն չունենալու պատճառով վանքապատկան մի շարք շինություններ բազմիցս ենթարկվում էին ասպատակողների վայրագություններին: Պարսպի շինության ժամանակ Վաղարշապատ գյուղի այն տները, որոնք խառնիխուռն շինություններով շրջապատել էին Մայր Աթոռը, քանդում ու հեռացնում է Մայրավանքից մոտ 200-250 մ դեպի հյուսիս: Այնուհետև իր միջոցներով կառուցում է արդեն նոր գյուղի տներն ու գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին, որը կանգուն է մինչ օրս: Սիմեոն Ա Երևանցու շինարարական գործերի թվին են պատկանում Մայր Աթոռի սեղանատան, մոմատան, դպրատան, միաբանական խցերի, նոր քանքանի, ձիթահանքի և այլնի կառուցումները: Նորոգել է Մայր տաճարի չորս հաստահիմն և բարձր սյուները, իսկ 1771 թվականին Մայր Աթոռում Սիմեոն Երևանցու ջանքերով հիմնվում են առաջին հայատառ տպարանը, ապա թղթի գործարանը (1776 թ.):
Իր գործունեության ընթացքում Սիմեոն կաթողիկոսը կարգավորել է նաև հայոց Տոնացույցը, որն էլ տպագրեց իր հիմնած տպարանում` 1774 թ.:
[խմբագրել] Մահը
1779 թվականից սկսած Սիմեոն Երևանցու մոտ նկատվում է հիվանդության խորացում, իսկ 1780 թվականի հուլիսի 16-ին, Վարդավառի օրը, վախճանվում է հայոց շինարար կաթողիկոսը: Նրա աճյունն ամփոփված է Ս. Գայանե եկեղեցու գավթի հարավային կողմում: Տապանաքարն ունի չափածոյով գրված արձանագրություն:
[խմբագրել] Գրական ժառանգությունը
Սիմեոն կաթողիկոսի գիտական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նրա «Ջամբռ» աշխատությունը, ուր ամփոփված են ոչ միայն հայ ժողովրդի ու եկեղեցու, այլև տիրապետության հասած երկրների ռազմական, քաղաքական և սոցիալական պատմությունը:
[խմբագրել] Աղբյուրներ
- Սիմեոն կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Երևան, 2003:
- Դիւան հայոց պատմութեան, Գիրք Գ, հրատարակեց` Գիւտ քահանայ Աղանեանց, Թիֆլիս, 1894:
- Վարազդատ Յարութիւնեան, Սուրբ Էջմիածնի շինարար գահակալները, Երևան, 1996:
| Նախորդող՝ Հակոբ Ե Շամախեցի |
Կաթողիկոս 1763–1780 |
Հաջորդող՝ Ղուկաս Ա Կարնեցի |