Նահապետ Ա Եդեսացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նահապետ Ա Եդեսացի, (կամ Ուռհայեցի, ծ.թ. անհայտ – 13.6.1705, Էջմիածին, թաղվել է Ս. Շողակաթ եկեղեցու բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 1691 թվականից: Հաջորդել է Եղիազար Ա Այնթապցուն: Եղել է Եդեսիայի եպիսկոպոսը, կաթողիկոսի խորհրդակիցն ու գործակիցը: Կաթողիկոս է օծվել Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբանության ընտրությամբ: Հայտնի է շինարարական աշխատանքներով: Կառուցել է Օշականի կամուրջը, Մայր աթոռի վանատունը, վերակառուցել Էջմիածնի Շողակաթ եկեղեցին (1694), վանատունն ու հարակից շինությունները, նորոգել Երևանի, Ձորագյուղի, Կոնդի, Քանաքեռի եկեղեցիները, Հրազդանից ջրանցք է անցկացրել վանքապատկան հողերը ոռոգելու համար, ընդարձակել է Էջմիածնի վանքի կալվածքները: Նահապետ Ա Եդեսացու գահակալության օրոք, Աղթամարի Թովմաս կաթողիկոսը 1693-ին խզել է հարաբերությունները Ս. Էջմիածնի հետ: Նահապետ Ա Եդեսացին Թովմասին զրկել է կաթողիկոսությունից և Աղթամարի կաթողիկոս է ձեռնադրել Ավետիս եպիսկոպոսին: Սակայն Թովմասը թուրք կուսակալի օգնությամբ Ավետիսին վտարել է Աղթամարից և աթոռակից օծել Սահակ Արծկեցի եպիսկոպոսին (որպեսզի իր ծերության պատճառով աթոռը թափուր չմնա և անկախ լինի Ս. Էջմիածնից): 1697-ին Թովմաս կաթողիկոսը թուրք կուսակալի միջոցով վտարել է Ս. Էջմիածնին հպատակ Վանի եպիսկոպոսին և Վանի եպիսկոպոսությունը ենթարկել Աղթամարի կաթողիկոսությանը:

Մայր աթոռի միաբանները, դժգոհ Նահապետ Ա Եդեսացու կառավարումից, Նախիջևանի և Գողթնի եպիսկոպոսների գլխավորությամբ դիմել են Նոր Ջուղայի հայերին՝ կաթողիկոսին գահընկեց անելու և Իրանա-Հնդկաստանի թեմի առաջնորդ Ստեփանոս Ջուղայեցուն կաթողիկոս կարգելու խնդրանքով: Կաթողիկոսը անցել է Թավրիզ, իսկ Ստեփանոս Ջուղայեցին ժամանել է Ս. Էջմիածին և 1695-ին օծվել կաթողիկոս: Սակայն տասը ամիս անց Նահապետ Ա Եդեսացին Իրանի շահ Սուլթան Հուսեյնի օժանդակությամբ գահընկեց է արել նրան և, վերադառնալով Էջմիածին, վերականգնվել կաթողիկոսական գահին: Պարսկակակն իշխանությունների հետ հարաբերությունները չվատացնելու նպատակով 1699-ին մերժել է Իսրայել Օրու` դավանափոխության միջոցով ազգային-ազատագրական պայքար ծավալելու ծրագիրը:

Կաթողիկոսական գահին Նահապետ Ա Եդեսացուն հաջորդել է Աղեքսանդր Ա Ջուղայեցին:

Արտաքին հղումներ [խմբագրել]


Նախորդող՝
Դավիթ Դ Վաղարշապատցի
Կաթողիկոս
1691–1705
Հաջորդող՝
Աղեքսանդր Ա Ջուղայեցի