Իսրայել Օրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայել Օրի
Israel Ory.JPG
Իսրայել Օրին
Բնագիր
ԱԱՀ՝
Իսրայել Օրի
Ծննդյան օր՝ 1659 թ.
Ծննդավայր՝ Իրան Իրան
Սիսիան
Վախճանի օր՝ 1711 թ.
Վախճանի վայր՝ Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Աստրախան
Ազգություն Հայ
Կրոն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Աշխատանք՝ Հայ ազգային-ազատագրական
շարժման առաջնորդ
Ծնողներ՝ Հայր՝ Մելիք Իսրայել

Իսրայել Օրի (1659-1711), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ։ Իսրայել Օրին առաջինն էր, որ սկզբնավորեց հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի ռուսական կողմնորոշումը։ Իսրայել Օրու գաղափարները երկար սնուցեցին հայ ազատագրական միտքը, դարձան հայ ազատագրական պայքարի ուղենիշը։

Կենսագություն[խմբագրել]

Իսրայել Օրու արձանը Ջերմուկում

Հայաստանի ազատագրության խնդրով 1677–ին Էջմիածնի գաղտնի ժողովում կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու կողմից ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679–ի դեկտեմբերին մեկնել է Կոստանդնուպոլիս։ Պատվիրակության՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680–ի վերջինս անցել է Վենետիկ, 1683–ին՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 1688-95 թվականներին մասնակցել անգլո–ֆրանսիական պատերազմին։

1698-ին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներին, Ամենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։

1698–ի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III–ի համաձայնությունը և 1699–ին ուղևորել Հայաստան։

Անգեղակոթի ժողով: Ազատագրության ծրագիր[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Անգեղակոթի ժողով


Հովհան Վիլհելմ

Հայաստանում և Վրաստանում իրադրությունը լրիվ փոխվել էր։ Նախկինում ապստամբ Գիորգի XI–ը հնազանդվել և գտնվում էր Սպահանում, իսկ Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին ու Գանձասարի Սիմեոն կաթողիկոսը չեն արձագանքել Իսրայելի Օրու ձեռնարկմանը։ Միայն Մելիք Սաֆրազի օժանդակությամբ Իսրայելի Օրուն հաջողվել է Անգեղակոթ ավանում ապրիլին գումարել Սյունիքի 11 մելիքների խորհրդաժողով, որտեղ կազմվել են գրություններ՝ ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, ավստրիական կայսրին, Տոսկանայի դքսին և ռուսաց ցար Պետրոս Մեծին՝ Հայաստանի ազատագրության գործին սատարելու խնդրանքով։ Անգեղակոթի ժողովը Իսրայելի Օրուն է տրամադրել նաև մաքուր, կնքված թղթեր՝ ըստ անհրաժեշտության դիմումներ կատարելու։ Իսրայելի Օրու հետ Եվրոպա է ուղարկվել Մինաս վարդապետ Տիգրանյանցը՝ որպես մելիքների ներկայացուցիչ և Օրու օգնական։

1699–ի սեպտեմբերին մեկնելով Դյուսելդորֆ՝ Իսրայելի Օրին և Միսակ վարդապետը մշակել ու 1700–ի սկզբին Հովհան Վիլհելմին են ներկայացրել Հայաստանի ազատագրության ծրագիր, ըստ որի, կազմվելու էր եռյակ դաշինք։ Դաշնակիցների բանակը անցնելու էր Ռուսաստանով՝ վերջինիս համաձայնությամբ, հետևաբար, ծրագրի իրագործմանը պետք է մասնակցեր նաև Ռուսաստանը։ Արտաքին օգնությունը դիտվել է որպես ազդակ՝ երկրում ապստամբական շարժում հրահրելու. Հայաստանի ազատագրությունը պետք է իրագործվեր հիմնականում սեփական ուժերով։ Ծրագրում առաջնահերթ տեղը տրվել է պարսկական լծի տակ գտնվող Արևելյան Հայաստանի ազատագրությունը՝ հատուկ ընդգծելով հայ ու վրաց ժողովրդների համատեղ պայքարի անհրաժեշտության գաղափարը։ Ծրագիրն իրականացնելու համար Հովհան Վիլհելմը Իսրայելի Օրուն հանձնարարականներով ուղարկել է Տոսկանայի դքսի և ավստրական կայսեր մոտ, սակայն վերջինս հրաժարվել է Հայաստանի ազատագրման գործին մասնակցելուց՝ Իսպանական ժառանգության համար սկսած պատերազմի պատճառով։ Ավստրիայի հրաժարումը խափանել է եռյակ դաշինքի ստեղծումը և, Արևմուտքից հույսը կտրած, Իսրայելի Օրին 1701–ին մեկնել է Մոսկվա։

Ռուսական կողմնորոշում[խմբագրել]

Ռուսական պետական գործիչների հետ վարած բանակցությունները Իսրայել Օրուն հանգեցրել են այն մտքին, որ քրիստոնյա Ռուսաստանը, որպես մերձավոր և Արևելքում լուրջ քաղաքական ու տնտեսական շահագրգռություններ ունեցող երկիր, ի վիճակի և տրամադիր է սատարելու Հայաստանի ազատագրության գործին։ Ուստի, Իսրայելի Օրին մշակել է նոր ծրագիր, որում Հայաստանի ազատագրական գործում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին։ Այն պետք է տրամադրեր 25-հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան, որտեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդհանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստանը։ Ըստ Իսրայելի Օրու, ռուսական օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, որպես ազատագրության և հայրենի պետականության վերականգնման կայուն երաշխիք։ Գիտակցելով, որ Արևելյան Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ Իսրայելի Օրին ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արչիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701–ի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայելի Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702–ի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն շվեդական պատերազմից հետո։ 1703–ին Իսրայելի Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը[1]։

Իսրայել Օրին Պարսկաստանում և Կովկասում[խմբագրել]

Դեպի Անդրկովկաս նախատեսվող արշավանքի հաջողության համար Իրանի ներքին կացության վերաբերյալ առավել ճշգրիտ տեղեկություններ հավաքելու և հայ ու վրաց ապստամբական ուժերը համախմբելու նպատակով ռուսական արքունիքը հավանություն է տվել նաև Իսրայելի Օրու առաջ քաշած պարսկական դեսպանության գաղափարին։ Դեպանության նկատմամբ կասկածանք չառաջացնելու նպատակով 1704–ին Իսրայելի Օրին մեկնել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին պարսից շահին ուղղված դիմում, գնել զենք և 1706–ին վերադարձել Ռուսաստան։ Պետրոս Մեծը նույնպես գրել է համանման դիմում, Իսրայելի Օրուն շնորհել ռուսական բանակի գնդապետի աստիճան, նշանակել դեսպանության ղեկավար և 1707–ին ուղարկել Պարսկաստան։ Շքախմբով և ռազմական ջոկատի ուղեկցությամբ Իսրայելի Օրին 1708–ի սկզբին մուտք է գործել պարսկական պետության սահմանները։ Չնայած Իսրայելի Օրու պաշտոնապես Հռոմի պապի դեսպանն էր, սակայն հանդիպել է մեծ արգելքների։ Իրանում գործող արևմտաեվրոպական, հատկապես ֆրանսիական միսիոներները Հուսեին շահին ներշնչում էին, թե Իսրայել Օրու նպատակը հայկական պետության վերականգնումն է։ Այնուամենայնիվ 1709–ին Իսրայել Օրուն հաջողվել է տեսակցել շահի հետ, որից հետո վերադարձել է Անդրկովկաս և այնտեղ մնացել մինչև 1711–ը։ Այդ ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցի, Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան–Ջալալյանի, հայ մելիքների և անդրկովկասյան այլ գործիչների հետ, որոնց նպատակն էր ազատագրական շարժման հրահրումը, ընդհանուր ճակատի և հայկական միացյալ զորական ուժերի ստեղծումը։ Եսայի Հասան–Ջալալյանի հետ Իսրայելի Օրին 1711–ին վերադարձել է Աստրախան, որտեղ օգոստոսին, մութ հանգամանքներում հանկարծամահ է եղել։

Աղբյուրներ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Աշոտ Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հտ․ 1-2, Երևան, 1957, 1959։
  • Յարութիւն Քիւրտեան, Իսրայէլ Օրի. Պատմաքննական ուսումնասիրութիւն, Վենետիկ-Ս. Ղազար, 1960։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png