Հակոբ Գ Սսեցի
Հակոբ Գ Սսեցի (1404-1411) - Ամենայն Հայոց կաթողիկոս 1404-ից: Հաջորդել է Կարապետ Ա Կեղեցուն: Ծննդան թիվն ու վայրն անհատ են: Թունավորվելով սպանվել է 1411-ին Սիս քաղաքում:
Նախապես եղել է Սսի կաթողիկոսական աթոռի բարձրաստիճան հոգևորականներից: Գործուն մասնակցություն է ունեցել Կարապետ Ա Կեղեցու գահընկեցության և թունավորման գործում և կաթողիկոսական գահ է բարձրացել առանց ընտրության` Սսի մահմեդական տիրակալ Ռամազան ամիրայի աջակցությամբ: Ի նշան շնորհակալության` Հակոբ Գ Սսեցին կաթողիկոսարանի թանկարժեք շատ սպասքներ ընծայել է ամիրային: Կաթողիկոս դառնալով` փորձել է բարելավել Կիլիկիայի եկեղեցիների տնտեսական վիճակը: Թղթակցել է Գրիգոր Տաթևացու հետ, ում խորհրդով 1409-ին բանադրանքից ազատել է Աղթամարի աթոռը:
Մ. Չամչյանի անծանոթ աղբյուրը հավաստում է, որ Հակոբ Գ Սսեցին սպանվել է «ի միաբանից Հայրապետանոցին դեղ մահու արբուցեալ»:
Կաթողիկոսական գահին Հակոբ Գ Սսեցուն հաջորդել է Գրիգոր Ը Խանձողատը:
Գր. Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հատ. Գ, Վենետիկ, 1786
Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001