Ամենայն Հայոց Կաթողիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամենայն հայոց կաթողիկոսներ (նաև՝ Քահանայապետություն հայոց, Եպիսկոպոսապետություն հայոց, Կաթողիկոսություն հայոց Մեծաց, Հայրապետություն հայոց, Ընդհանրական հայրապետություն հայոց, Հայրապետություն Ամենայն հայոց, Հայոց կաթողիկոսություն), Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանությունը։ Պաշտոնապես հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ քրիստոնեությունը Հայսատանում պետական կրոն հռչակելուց (301թ) հետո՝ 303 թվականին, Վաղարշապատում, երբ կառուցվել է կաթողիկոսանիստ Սբ. Էջմիածնի Մայր Տաճարը, և ինքն էլ դարձել է Հայոց առաջին հայրապետը։

Կաթողիկոսական աթոռի հաստատումով գահակալվող կաթողիկոսի հոգևոր իշխանության տակ են անցել Մեծ և Փոքր Հայքերի բոլոր հայ քրիստոնյա համայնքները։ Նրան «ի հոգևորս» ենթարկվել են նաև Վրաց ու Աղվանից եկեղեցիները, սակայն 7-րդ դ. Սկզբին Վրաց եկեղեցին բաժանվել է Հայ եկեղեցուց և ընդունել քաղկեդոնականություն, մինչդեռ Աղվանից եկեղեցին հայացել ու հետագայում իր գոյությունը շարունակել որպես Գանձասարի կաթողիկոսություն (մինչև 1813թ-ը, որից հետո կոչվել է մետրոպոլիտություն, իսկ նրա թեմերն անցել են Սբ. Էջմիածնի ենթակայության ներքո)։ Կաթողիկոսություն Ամենայն Հայոց անվանումը տարածում է ստացել 15-րդ դարից, երբ Հայաստանում և նրանից դուրս տարբեր ժամանակներում կազմավորված նվիրապետական աթոռները և հակաթոռ կաթողիկոսությունները, ինչպես նաև հայ գաղթավայրերի եկեղեցական բազմաթիվ թեմեր աստիճանաբար ճանաչել են նրա գերագահությունը։ Հոգևոր-եկեղեցական գործերից զատ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը մասնակցել է ազգային, մշակութային, իրավական, տնտեսական, հաճախ նաև՝ քաղաքական կյանքին, դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում իր վրա է վերցրել ազգի գոյատևման կարևոր առաքելությունը։

Ամենայն հայոց կաթողիկոսությունը IV դարում[խմբագրել]

Աթոռի գոյության առաջին շրջանը համընկել է Հայոց Արշակունյաց հարստության գահակալության վերջին տասնամյակների հետ։ Այդ շրջանում Ամենայն Հայոց կաթողիկոսությունը իր հիմնական գործունեությունը կենտրոնացրել է քրիստոնեության քարոզչության, եկեղեցական կազմակերպության ամրապնդման, թեմերի ստեղծման, ինչպես նաև կրթության, լուսավորության և բարեգործական աշխատանքների վրա։ Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի գահակալության տարիները (353-373) նշանավորվել են բարեգործական հաստատությունների հիմնադրմամբ։ Ամենայն հայոց կաթողիկոսության անմիջական հովանավորությամբ հիմնվել են խնամակալական հաստատություններ՝ հիվանդանոցներ, ծերանոցներ, բորոտանոցներ, իջևանատներ, դպրոցներ, ընդարձակվել են եկեղեցական տիրույթները։ Այդ ժամանակ էլ մեծացել է Ամենայն հայոց կաթողիկոսության հասարակական և քաղաքական դերը. նա միջամտել է արքունի պետական գործերին, մասնակցել երկրի ներքին և արտաքին քաղաքական կյանքին։

Ամենայն հայոց կաթողիկոսությունը 387թ. Հայաստանի մասնատումից հետո[խմբագրել]

387 թվականին Հայաստանի մասնատումը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև, ապա 391 թվականին բյուզանդական հատվածում Հայոց թագավորության վերացումը, իսկ պարսկական մասում պետության անկախության դեմ ուղղված սպառնալիքը նոր խնդիրներ են առաջադրել, և Ամենայն հայոց կաթողիկոսությունը իր ջանքերն ուղղել է հայ ժողովրդին եկեղեցու շուրջհմախմբելու, ժողովրդի ու եկեղեցու ինքնուրույնությունը պահպանելու, արտաքին ազդեցությունից զերծ պահելու գործին։ Քաղաքական նման պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսությունը պետական իշխանության աջակցությամբ եռանդուն քայլերի է դիմել, որոնց մեծագույն արդյունքը եղավ հայ գրերի գյուտը և հայերեն գրականության ստեղծումը։ Ազգային-քաղաքական ծանր պայմաններում, Ամենայն հայոց կաթողիկոսության ջանքերով և պետության հովանավորությամբ, գրերի գյուտից անմիջապես հետո կերտվել է հայ մշակույթի Ոսկեդարը։ Կյանքի են կոչվել ուսումնագիտական և մշակութային մի շարք ձեռնարկումներ, բացվել հայալեզու ուսուցմամբ դպրոցներ, դրվել է հայատառ ազգային դպրության հիմքը, թարգմանվել Աստվածաշունչը և անտիկ ու քրիստոնեական գրականության բազմաթիվ երկեր։ 5-րդ դ. 2-րդ քառորդից, երկրի քաղաքական վիճակի վատթարացման պայմաններում, Հայոց կաթողիկոսությունը Սահակ Ա Պարթևի գլխավորությամբ մեծ ջանքեր է գործադրել հայկական պետականությունը պահպանելու, նախարարների կենտրոնախույս նկրտումները զսպելու համար։ Հայաստանի պարսկական մասում Հայոց Արշակունյաց թագավորության անկումից (428թ) հետո Ամենայն հայոց կաթողիկոսությունը հանձն է առել ազգային գերագույն իշխանությունն իրականացնելու առաքելությունը, պետականության բացակայության պայմաններում դարձել հայ նախարարությունների միավորող կենտրոն, ազգային հավաքականությունը ներկայացնող կառույց։ Պարսկական տիրապետության ներքո Ամենայն հայոց կաթողիկոսությունը կարողացել է պահպանել երկրի ներքին ինքնուրույնությունը և քրիստոնեական հավատքը լավագույնս օգտագործել՝ ուծացում թույլ չտալու համար։ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը գլխավորել է 5-րդ դարի ազգային-ազատագրական զինված պայքարը պարսկական տիրապետության դեմ՝ հանձինս Հովսեփ Ա Հողոցմեցի (Վայոցձորցի), Գյուտ Ա Արահեզացի և Հովհաննես Ա Մանդակունի հայրապետների։

Ամենայն հայոց կաթողիկոսության մասնակցությունը դավանաբանական վեճերին IV-V դդ.[խմբագրել]

Ամենայն հայոց կաթողիկոսությունը գլխավորել է Հայ եկեղեցու պայքարը դավանաբանական վեճերի ընթացքում՝ անմասն չմնալով նաև Ընդհանրական եկեղեցու գլխավոր հիմնահարցերը լուծելու աշխատանքներից։ Գրիգոր Ա Լուսավորչի որդին՝ Արիստակես Ա Պարթևը, մասնակցել է Նիկիայն Ա տիեզերական ժողովին (325թ) և իր ստորագրությունը դրել ժողովի որոշումների տակ։ Ամենայն հայոց կաթողիկոսությունն ընդունել է նաև Կ. Պոլսի Բ (381թ) և Եփեսոսի Գ (431թ) տիեզերաժողովների դավանական որոշումները։ Ավելի ուշ Ամենայն հայոց կաթողիկոսությունը պայքար է մղել նաև Ընդհանրական եկեղեցին պառակտող հերետիկոսական վարդապետություների՝ եվտիքականություն և նեստորականության դեմ։ Հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոսությունը մերժել է Քաղկեդոնի ժողովի (451թ) որոշումները՝ Հայ եկեղեցին զերծ պահելով նորամուտ վարդապետություններից, սատար է կանգնել հայ ժողովրդի անկախությանն ու հոգևոր-եկեղեցական ինքնուրույնությանը։ Հայ եկեղեցու դավանանքը, ծիսակարգը, պաշտամունքը անաղարտ ու ուղղափառ հիմքերի վրա պահելու, դրանք կանոնակարգելու և եկեղեցու դիրքորոշումը հստակեցնելու համար գումարել է եկեղեցական ժողովներ (Աշտիշատի եկեղեցական ժողովներ, Շահապիվանի եկեղեցական ժողով 444 թվականին, Դվինի եկեղեցական ժողովներ, Մանազկերտի եկեղեցական ժողով 726թ և այլն)։ Այդ ժողովներում ընդունվել են նաև բազմաթիվ կանոններ ներքին աղանդավորական շարժումների (մծղնեություն, պավլիկյաններ, թոնդրակեցիներ և այլն) դեմ։ Քաղկեդոնի ժողովի որոշումները մերժելուց հետո Ամենայն հայոց կաթողիկոսությունը իր հեղինակությումբ և գործունեությամբ ղեկավար դիրք է ձեռք բերել Արևելյան ուղղափառ եկեղեցիների մեջ, որոնք կարևորել են Հայոց կաթողիկոսության կարծիքը դավանական վճիռներ կայացնելիս, հաճախ էլ պաշտպանություն գտել նրա հովանու ներքո։

Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռանիստերը[խմբագրել]

Պատմական պայմանների թելադրանքով Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռանիստը հաճախ տեղափոխվել է երկրի մի վայրից մյուսը։ Վաղարշապատից հետո աթոռը հաստատվել է Դվինում (484-931), Աղթամարում (931-944), Աևգինայում (944-992), Անիում (992-1065)։ Բագրատունյաց թագավորության անկումից (1045թ) հետո, Կիլիկիայում հայկական իշխանությունների առաջացման պայմաններում, կաթողիկոսական աթոռը նույնպես տեղափոխվել է Կիլիկիա։ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը 1066 թվականին աթոռանիստ է դարձրել Կիլիկիայի սահմաններին մոտ գտնվող Ծամնդավը։ Ավելի ուշ աթոռանիստը փոխադրվել է Շուղրի (Քեսունի գավառում) Սև լեռան Կարմիր վանք (1105-16), ապա՝ Գրիգոր Գ Պահլավունու օրոք՝ Ծովք (1116-49), այնուհետև, գարձյալ Գրիգոր Գ Պահլավունու օրոք՝ Հռոմկլա (1149-1292), Գրիգոր Է Անավարզեցու օրոք՝ Սիս (1293-1441)։

Կիլիկյան հայկական պետության ժամանակաշրջանում (13-14դդ), նաև դրանից վաղ (11-12 դդ.), Ամենայն հայոց կաթողիկոսության գործունեությունը դրսևորվել է հոգևոր, կրթական, մշակութային, ինչպես նաև քաղաքական-միջպետական, դավանական-միջեկեղեցական կյանքի ոլորտներում։ Այդ շրջանը նշանավորվել է հայ-հույն և հայ-կաթոլիկ միջեկեղեցական հարաբերություններով, ծիսադավանական խնդիրների շուրջ ընթացող երկարատև վեճերով ու բանակցություններով։ Սկզբում, Հույն եկեղեցին, ապա՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցին փորձել են Ամենայն հայոց կաթողիկոսությունը ենթարկել մի դեպքում Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությանը, մյուս դեպքում՝ Հռոմի պապին։ Թեև որոշ դեպքերում Ամենայն հայոց կաթողիկոսության գահակալներից ոմանք երբեմն նահանջել են Հայ եկեղեցու ծիսադավանական ավանդույթներից՝ հուսալով, թե այդպիսով կկարողանան շահել Բյուզանդիայի կամ Կաթոլիկ Եվրոպայի քաղաքական համակրանքն ու աջակցությունը, սակայն Ամենայն հայոց կաթողիկոսությունը կարողացել է այդ դժվարին պայքարում անաղարտ պահել իր դավանանքը և Հայ եկեղեցու ամբողջական անկախությունը։

Ամենայն հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից հետո[խմբագրել]

Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375թ) հետո ծանր ժամանակաշրջան է սկսվել Ամենայն հայոց կաթողիկոսության համար։ Եկեղեցական և աշխարհիկ շրջաններում ավելի է ամրապնդվել կաթողիկոսական աթոռը հայրենիք տեղափոխելու գաղափարը։ 1441 թվականի Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովը Մայր Աթոռը վերահաստատել է Սբ. Էջմիածնում, որտեղ և գտնվում է առ այսօր։ Աթոռի տեղափոխությանը հաջորդած երկու դարերում, թուրքմենական ցեղերի ասպատակությունների հետևանքով, Հայոց կաթողիկոսությունը ծանր կացության է մատնվել և միայն 17-րդ դարից սկսած մտել տնտեսական, նյութական, կրոնական, մշակութային համեմատաբար բնակակոն հունի մեջ։ Մովսես Գ Տաթևացի, Փիլիպոս Ա Աղբակեցի, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսների ջանքերով Ամենայն հայոց կաթողիկոսությունը զգալի առաջընթաց է ապրել, վերականգնել Մայր Աթոռի տնտեսությունը, վանական-միաբանական կյանքը. Հիմք է ստեղծվել ազգային-եկեղեցական, մշակութային ու կրթական արդյունավետ գործունեության համար։ Հիմնվել են մի շարք դպրոցներ և վաևդապետարաններ Սյունիքում, Էջմիածնում, Վանա լճի Աղթամար, Լիմ և Կտուց կղզիներում, Բաղեշի Ամրդոլու վանքում, Նոր Ջուղայում և այլուր։ 17-19-րդ դդ. Ամենայն հայոց կաթողիկոսությունը դարձել է հայ ազատագրական շարժումների ղեկավար մարմինը։ Նրա հովանավորությամբ մշակվել ու զարգացել են հայ-ռուսական և հայ-եվրոպական հարաբերությունները։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կաթողիկոսությունն օժանդակել և նպաստել է Արևմտյան Հայաստանի ֆիդայական և ազգային-ազատագրական շարժումներին, Հայկական Հարցի լուծման քաղաքական ձեռնարկումներին։ Այդ շրջանում նաև կազմակերպել, հովանավորել ու ղեկավարել է ազգային-հասարակական, քաղաքական, կրոնաեկեղեցական, գիտամշակութային, ուսումնակրթական բազմաթիվ ձեռնարկումներ և հաստատություններ Հայաստանում և հայ գաղթավայրերում։ Մեծ Եղեռնի ժամանակ և հետագա տարիներին օգնել է բազմահազար աղետյալների ու գաղթականների, միևնույն ժամանակ մեծ գործունեություն ծավալել աշխարհասփյուռ հայության ազգապահպանման և դաստիարակության ասպարեզում։ 1918 թվականի մայիսին, Սարդարապատի ճակատամարտի բախտորոշ օրերին, չնայած զինվորական ղեկավարության պահանջին, Ամենայն հաոց կաթողիկոսությունը և Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը չեն տեղափոխվել ապահով վայր, իսկ Մայր Աթոռի միաբաններն իրենց անմիջական մասնակցությամբ հայ մարտիկներին քաջալերել են ռազմաճակատի առաջին գծում։

Ամենայն հայոց կաթողիկոսությունը XX դարում[խմբագրել]

1920 թվականին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումով չափազանց ծանր պայմաններ են ստեղծվել Ամենայն հայոց կաթողիկոսության համար։ Ստալինյան հակաեկեղեցական հալածանքների շրջանում Մայր աթոռն ամփոփվել է միայն Սբ. Էջմիածնի վանքի պատերի մեջ, կտրվել է կապը Հայ եկեղեցու թեմերից, նվիրապետական աթոռներից և հավատացյալներից։ Իշխանությունը հաշվեհարդար է տեսել հոգևորականների հետ, փակել, ավերել հարյուրավոր եկեղեցներ, խլել եկեղեցական կալվածքներն ու ունեցվածքի մեծ մասը։ Մայր Աթոռն անշքացել է, Սբ. Էջմիածնի միաբանական կյանքը՝ դադարել, և Ամենայն հայոց կաթողիկոսության վրա կախվել է վերանալու սպառնալիքը։ 1938 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի՝ կասկածելի հանգամանքներում վախճանից հետո, մինչև 1945թ-ը, կաթողիկոսական գահը մնացել է թափուր։ Դրությունը մի փոքր բարելավվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Պատերազմի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսությունը իր սուղ միջոցներից, ինչպես նաև սփյուռքահայության օժանդակությամբ օգնել է ռազմաճակատին։ Փոխվել է վարչակարգի վերաբերմունքը Ամենայն հայոց կաթողիկոսության և Հայ եկեղեցու նկատմամբ։ Սկսվել է իրավունքների մասնակի վերականգնումը։ Սակայն կաթողիկոսությունը շարունակել է մնալ սոսկ հանդուրժվածի վիճակում։ Ամենայն հայոց կաթողիկոսության վերազարթոնքը սկսվել է Գևորգ Զ Չորեքչյան (1945-1954) կաթողիկոսի օրոք, իսկ ավելի նպաստավոր պայմաններում շարունակվել Վազգեն Ա Պալճյան (1955-1994թթ) կաթողիկոսի երկարատև աթոռակալության շրջանում, երբ զարգացել են միջեկեղեցական հարաբերությունները, խորացել արտասահմանյան թեմերի հետ կապերը, վերաբացվել կամ վերանորոգվել հարյուրավոր վանքեր ու եկեղեցներ։ Հայկական պետականության վերականգնումից (1991 թվականի սեպտ. 21) հետո Ամենայն հայոց կաթողիկոսության առջև բացվել են գործունեության նոր և ավելի լայն հնարավորություններ։ Եկեղեցական, միաբանական, թեմական, հոգևոր-մշակութային կյանքն աշխուժացել է Գարեգին Ա Սարգիսյան (1995-1999թթ) կաթողիկոսի օրոք։ ՀՀ-ում վերափոխվել է թեմական կառուցվածքը, կառուցվել ու վերաբացվել են նոր եկեղեցիներ ու վանքեր։ Մայր Աթոռում հիմնվել է Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը, վերանորոգվել է Գևորգյան ճեմարանի շենքը և հանձնվել Սբ. Էջմիածնին, բարելավվել են հոգևոր ճեմարանի ուսումնական պայմանները։ Մայր Աթոռում ստեղծված Մամլո դիվանը, «Խորան լուսոյ» ստուդիան, «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը սկսել են համակարգված քարոզչական և տեղեկատվական աշխատանք կատարել։

Ամենայն հայոց կաթողիկոսության ներկա դրությունը[խմբագրել]

1999 թ. Ամենայն հայոց կաթողիկոս ընտրված Գարեգին Բ Ներսիսյանն իր գահակալման սկզբից ձեռնամուխ է եղել Մայր Աթոռի հոգևոր կրթարանների վերաաշխուժացմանը, եկեղեցիների ու վանքերի նորոգմանը, նորերի կառուցմանը։ Նրա նախաձեռնությամբ պետությունը որպես սեփականություն Մայր Աթոռին է վերադարձրել 150 վանք ու եկեղեցի, հողային տարածքներ ու շենքեր։

Ներկայումս Ամենայն հայոց կաթողիկոսության «Ի հոգևորս» ենթակայության ներքո են գտնվում Հայ եկեղեցու երեք մասնավոր նվիրապետական աթոռները՝ Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (կենտրոնը՝ Անթիլիաս, Լիբանան), Երուսաղեմի հայոց պատրիքարքություն (Իսրայել) և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն (Ստամբուլ, Թուրքիա)։ Հայաստանում և սփյուռքում Ամենայն հայոց կաթողիկոսության անմիջական հոգևոր-վարչական իրավասությանն է ենթակա մոտ 40 առաջնորդություն (թեմեր, հայրապետական պատվիրակություններ, հովվություններ, շրջաններ), հինգ վանահայրություն (Սբ. Հռիփսիմեի, Սբ. Գայանեի, Սբ. Շողակաթի, Սբ. Գեղարդի, Խոր Վիրապի)։ Ամենայն հայոց կաթողիկոսությունը ունի Հայ եկեղեցու ներկայացուցիչներ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքության, Քենթրբերիի և Համայն Անգլիո արքերպիսկոպոսության մոտ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսության աթոռանիստերը[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հայ եկեղեցու պատմություն, Էջմիածին, 2002, էջ 180