Ներսես Ե Աշտարակեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Ե Աշտարակեցի
Ներսես Ե Աշտարակեցի
Կառավարում
Տիտղոս Ամենայան Հայոց Կաթողիկոս (122-րդ)
Ժամանակամիջոց 1843-1857 թթ.
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Էջմիածնի ժառանգավորաց դպրոց
Անունը ծնվելիս Թորոս Հարությունի Շահազիզյան
Ծնվել է 1770 թ., փետրվարի 13 (1770-02-13)
Ծննդավայր Աշտարակ
Մահացել է Փետրվարի 13, 1857 թ.
Մահվան վայր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն Էջմիածին
Թաղված է Հայաստան Հայաստան Վաղարշապատ Վաղարշապատ
Ձեռնադրում 1843 թ.
Հովհաննես Ը    Armenian Apostolic Church logo.png    Մատթեոս Ա

Ներսես Ե Աշտարակեցի, Ամենայն Հայոց Կաթողիկոս (1843-1857 թթ.), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հաջորդել է Հովհաննես Ը Կարբեցուն։

Կենսագրություն[խմբագրել]

Իսկական անունն է Թորոս Հարությունի Շահազիզյան։ Ծնվել է 1770 թ-ի փետրվարի 13-ին Աշտարակում, սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում և ստացել հոգևոր կոչում։1808 թ. նա դառնում է նորաստեղծ Սինոդի անդամ և ազդեցիկ դիրք գրավում Էջմիածնի հոգևորականության մեջ։ Ապա գործուն մասնակցություն է ունենում 1804-1813 թթ. ռուս-պարսկական և 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմներին՝ նպաստելով Մայր աթոռի հետ ցարական կառավարության քաղաքական կապերի ամրապնդմանը։

1814-ին Ներսես արքեպիսկոպոսը նշանակվում է Վրաստանի հայության հոգևոր առաջնորդ և տեղափոխվում Թիֆլիս։ Նա ձեռնամուխ է լինում բարեկարգելու իր խնամքին հանձնված թեմը և Թիֆլիսը դարձնելու հայության մտավոր կենտրոն։ Նրա ջանքերով 1824 թ. այստեղ բացվում է հայկական դպրոց, որը հետագայում կոչվում է Ներսիսյան։ Նորաբաց դպրոցում հիմնվում է նաև տպարան։ Սկիզբ է առնում հրատարակչական գործը։

Ներսես Աշտարակեցին Թիֆլիսում սերտ կապեր է հաստատում Կովկասի ռուսական իշխանությունների ու ղեկավար գործիչների հետ։ Աշտարակեցու բեղմնավոր գործունեության շնորհիվ Վրաստանի հայ համայնքը դառնում է հայոց հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքի ազդեցիկ կենտրոններից մեկը։

1826 թ-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ կազմակերպել է հայկական կամավորական խմբեր, անձամբ մասնակցել Երևանի, Էջմիածնի, Սարդարապատի ազատագրմանը։

Նշանակալից դեր է կատարել Պարսկաստանից հայերի ներգաղթի կազմակերպման գործում։ Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արք. Աշտարակեցու ձգտումները շուտով հարուցել են ցարական կառավարության դժգոհությունը, և նա հեռացվել է Անդրկովկասից՝ նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ (1828

Ընտրվելով կաթողիկոս՝ Ներսես Աշտարակեցին վերադարձել է Էջմիածին, դիմադրել Հայ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ։ Նրա ջանքերով կարգավորվել են Մայր աթոռի և Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարքարանի հարաբերությունները։

Մահացել է 1857 թ-ի փետրվարի 13-ին Թիֆլիսում։

Էջմիածնում, Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված է՝ «Պաշտպան հայրենյաց»։

Նրան հաջորդել է Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին։

Գործունեությունը[խմբագրել]

1840-ական թթ. կեսից Ներսես Աշտարակեցու ուշադրության կենտրոնում առավելապես տնտեսական խնդիրներն էին։ Նրա առաջնահերթ նպատակն է դարձել վերականգնել կաթողիկոսի՝ «Պոլոժենիե»-ով ոտնահարված իրավունքները։ Դրա համար հարկ էր կայունացնել Հայ եկեղեցու տնտեսական վիճակը։ Նրա գահակալությունը եղել է անզիջում պայքար Հայ եկեղեցու ազգային ավանդական կարգի պահպանման համար, և այդ պայքարում կաթողիկոսը հաճախ է անտեսել «Պոլոժենիե»-ն և գործել ինքնուրույն։ Իր ձեռքում կենտրոնացնելով եկեղեցական ողջ իշխանությունը՝ Ներսես Կաթողիկոսը չի համալրել Սինոդի կազմը, ամլության է մատնել նրա գործունեությունը՝ չհաստատելով Սինոդի արձանագրությունները։ Թեմերում իր նշանակած ներկայացուցիչների միջոցով սահմանափակել է թեմակալ առաջնորդների իրավունքները և աչալրջորեն վերահսկել աթոռապատկան եկամուտները։

Չբավարարվելով այդ ամենով՝ կազմել է տվել Հայ եկեղեցու նոր կանոնադրություն, որով Հայ եկեղեցու գործերի վարչությունը կենտրոնացվել է կաթողիկոսի ձեռքում։ Իր հիմքում ունենալով Հայ եկեղեցու ավանդական կարգը, այն իրենից ներկայացրել է «Պոլոժենիե»-ին բոլորովին հակադիր մի կանոնադրություն։ Այդ պատճառով այն չի ներկայացրել ցարական կառավարության հաստատմանը՝ քաջ գիտակցելով, որ վերջինս հավանություն չի տալու դրան, սակայն գործել է համաձայն Հայ եկեղեցու կանոնադրության իր տարբերակի։ Դրանով նա ի չիք է դարձրել ցարական կառավարության հետապնդած նպատակները։ Կաթողիկոսը, շատ շուտ հասու լինելով ցարիզմի իրական նպատակներին և ազատվելով Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու պատրանքներից, իր տիրական ձեռքով ուղղություն է տվել ազգային-պահպանողական մի հոսանքի, որի խնդիրն ամենից առաջ Հայ եկեղեցու ազգային ոգու և ավանդական կարգի պահպանումն էր։

1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի առաջին օրերից սկսած՝ Ներսես Աշտարակեցին կազմակերպչական մեծ աշխատանք է կատարում հայության մեջ։ Պատերազմի սկզբին նա մի հայրենասիրական կոչ է ուղղում բովանդակ հայ ժողովրդին։, որով հարդորում էր զենք վերցնել և ռուս զինվորների հետ ուս ուսի տված կռվել թշնամու դեմ։ Թիֆլիսում կազմակերպելով հայկական կամավորական ջոկատներ՝ մասնակցում է ռուսական զորքերի երևանյան երրորդ արշավանքին։ 1827 թ. ռուսական զորքերը կամավորական ջոկատների հետ միասին գրավում են Երևանը։ Մի քանի օր անց ստեղծվում է Երևանի ժամանակավոր վարչություն, որի կազմի մեջ ընդգրկվում է նաև Ներսես Աշտարակեցին։ Նրա ջանքերով անմիջապես կազմվում է 1000 հոգուց բաղկացած հայկական մի զորամաս, որը ռուսական զորքերի հետ ապահովելու էր կարգ ու կանոնը երկրում։ Ներսես արքեպիսկոպոսի ռուսանպաստ դիրքորոշումը, ռուսական զորքերին ու իշխանություններին ցույց տված ծառայությունները բազմիցս արժանանում են ցարական կառավարության բարձր գնահատականին։ 1828 թ. հունվարին Ներսես Աշտարակեցուն շնորհվում է Ալեքսանդր Նևսկու շքանշան։ Ներսես Աշտարակեցին իր եռանդուն գործունեությունը շարունակում է նաև ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացվում է Ռուսաստանին։ Նրա գլխավոր հոգսը դառնում է պարսկահայերի ներգաղթի կազմակերպումը։ Գիտակցելով ներգաղթի կարևորությունը հայերի ազգահավաքման գործում՝ Ներսես Աշտարակեցին հատուկ պատվիրակների միջոցով բացատրական լայն աշխատանք է ծավալում պարսկահայերի շրջանում՝ հորդորելով նրանց գաղթել Արևելյան Հայաստան։ Իսկ երբ սկսվում է գաղթը, նա ջանք չի խնայում՝ հայկական մարզում գաղթականների ընդունման, բնակեցման և կյանքի համար քիչ թե շատ տանելի պայմանների ստեղծման համար։ Ռուս-պարսկական պատերազմից հետո Կովկասում ռուսական բանակի հրամանատար գեներալ Ի. Պասկևիչը հալածանքներ է սկսում Հայաստանի ինքնավարության համար պայքարող հայ գործիչների դեմ, որոնցից ամենանշանավորը Ներսես Աշտարակեցին էր։ Անտեսելով Աշտարակեցու մատուցած ծառայությունները՝ Պասկևիչը ամեն ինչ անում է՝ նրան պատերազմից հեռացնելու համար։ Աշտարակեցին մեղադրվում է մուսուլման բնակչությանը հալածելու, արքունի գանձարանի հաշվին Էջմիածնի հարստությունները մեծացնելու, հայկական բանակ կազմակերպելու կեղծ մեղադրանքների մեջ։ Նա շուտով ազատվում է Երևանի ժամանակավոր վարչության անդամությունից, իսկ 1828 թ. մայիսին որպես թեմի առաջնորդ ուղարկվում է հեռավոր Բեսարաբիա։ Այս քայլով ցարական իշխանությունները ցանկանում էին անվանի հոգևորականին հեռու պահել հայոց պետականության վերականգնման համար պայքարից։

Եկեղեցու և կառավարության հարաբերություններում արմատական դիրքորոշում որդեգրած Ներսես Աշտարակեցին վարել է շատ ավելի զգուշավոր քաղաքականություն, երբ խոսքը հայ ժողովըրդի և տվյալ տերության (Ռուսաստան, Թուրքիա, Պարսկաստան) փոխհարաբերությունների մասին էր։ Իր կոնդակներով, գրություններով շարունակաբար հորդորել է հայության տարբեր հատվածներին զերծ մնալ անխոհեմ քայլերից, որոնք առաջ կբերեին տվյալ տերության դժգոհությունը և հակազդեցությունը։


Նախորդող՝
Հովհաննես Ը Կարբեցի
Կաթողիկոս
1843–1857
Հաջորդող՝
Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցի


Պատկերներ[խմբագրել]


Արտաքին հղումներ[խմբագրել]