Գրիգոր Ժ Ջալալբեկյանց
Գրիգոր Ժ Ջալալբեկյանց (հայտնի է նաև որպես Մակվեցի, ծ. թ. անհայտ – 1465, Էջմիածին), Ամենայն հայոց կաթողիկոս 1443 թվականից: Հաջորդել է Կիրակոս Ա Վիրապեցուն: 1448-ին Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի աթոռակից է ընտրվել Արիստակեսը: Ծագումով ազնվատոհմիկ` աշակերտել է Տաթևի դպրոցում, եղել Արտազի եպիսկոպոսը: Կաթողիկոս Կիրակոս Ա Վիրապեցու ընտրությամբ Մայր աթոռում ազդեցություն են հաստատել Վասպուրականի հոգևորականները, ինչից դժգոհ՝ Հայաստանի արևելյան գավառների եպիսկոպոսները 1443-ին, դիմելով Երևանի Յաղուբ բեկին, կաթողիկոս են ձեռնադրել Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին: Վերջինս, ուժով և արտաքին միջամտությամբ մտնում է Էջմիածին և պաշտոնաթող անում Կիրակոս Ա Վիրապեցուն: Հայրապետության տարիներին շարունակել է Էջմիածնի նորոգությունը և բարեկարգումը, վերահաստատել Մայր աթոռի իրավունքները վանքապատկան գյուղերի վրա:
1460-ին Աղթամարի Զաքարիա կաթողիկոսն ու Սարգիս եպիսկոպոսը կարակոյունլուների իշխան Ջհանշահի օգնությամբ վտարում են Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին ու Արիստակեսին և տիրանում Էջմիածնի կաթողիկոսությանը: Սակայն 1461-ին Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին հաջողվում է կրկին վերահաստատվել Կաթողիկոսական գահի վրա:
Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին հաջորդել է Արիստակես Բ Աթոռակալը:
Արտաքին հղումներ [խմբագրել]
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002
| Նախորդող՝ Կիրակոս Ա Վիրապեցի |
Կաթողիկոս 1443–1465 |
Հաջորդող՝ Արիստակես Բ Աթոռակալ |