Խորեն Ա Տփղիսեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորեն Ա Տփղիսեցի
Խորեն Ա Տփղիսեցի.jpg
Ն.Ս.Օ.Տ.Տ. Խորեն Ա
128-րդ Ծայրագույն Պատրիարք
և Կաթողիկոս Ամենայն Հայոց
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Ալեքսանդր Հովհաննեսի Մուրադբեկյան
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Խորեն Ա Մուրադբեկյան
Գահակալություն 1932-1938 թթ.
Իրավանախորդ Գևորգ Ե Սուրենյանց,
ազատ (1930-1932)
Իրավահաջորդ ազատ (1938-1945),
Գևորգ Զ Չորեքչյան (Նորնախիջևանցի)
Ծնվել է 1873 թ.
Ծննդավայր Թիֆլիս
Մահացել է Մարտի 6, 1938
Մահվան վայր Էջմիածին Վաղարշապատ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Այլ բարձրաստիճան պաշտոն
Armenian Apostolic Church logo.png
Հայ Առաքելական Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսներ

Խորեն Ա Մուրադբեկյան (ավազանի անունը՝ Ալեքսանդր Հովհաննեսի Մուրադբեկյան), (1873, Թիֆլիս - Մարտի 6, 1938, Էջմիածին), Տփղիսեցի - Ամենայն Հայոց Կաթողիկոս (1932-1938)։ Հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցին։

Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն ավարտելուց և ուսումը Շվեյցարիայում շարունակելուց հետո Վրասաանի հայկական դպրոցներում զբաղվել է մանկավարժությամբ։ 1901 թ.-ին ձեռնադրվել է վարդապետ, 1903—1910 թթ.-ին եղել Նոր Բայազետի, 1910—1923 թթ.-ին՝ Երևանի թեմի առաջնորդական փոխանորդ։ 1920 թ.-ին ձեռնադրվել է եպիսկոպոս և, իբրև Հայրապետական պատվիրակ, մեկնել Հյուսիսային Ամերիկա՝ տեղի թեմական կազմակերպչական խնդիրները կարգավորելու նպատակով։

1923 թ.-ին նշանակվել է կաթողիկոսի տեղապահ և Էջմիածնի տաճարի լուսարարապետ։ Գևորգ և Տփղիսեցու մահից հետո՝ 1930—1932 թթ.-ին ղեկավարել է Հայոց եկեղեցու գործերը։ 1932 թ.-ի նոյեմբերի 12-ին ընտրվել և 13-ին օծվել է կաթողիկոս։ Զբաղվել է եկեղեցու սահմանադրական, ծիսական, կազմակերպչական համակողմանի քննության ու բարեկարգման, Մայր տաճարի վերանորոգման, Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռների միջև սերտ հարաբերությունների ստեղծման հարցերով։ Գլխավորել է Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ։ Զգալի աշխատանք է կատարել սփյուռքահայության ազգային հայրենասիրական ոգին պահպանելու, սփյուռքահայությանը Հայոց եկեղեցու շուրջը համախմբելու և հայրենիքին Հայաստանի հետ սերտ կապ պահպանելու ուղղությամբ։ Թաղվել է Սբ. Գայանե եկեղեցու գավթում։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1873 թ. դեկտեմբերի 8-ին, Թիֆլիսում։

1892-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա ուսումը շարունակել Շվեյցարիայի համալսարաններում։

1897-ին Ներսիսյան դպրոցում նշանակվել է երգի ուսուցիչ։

1901-ին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվի դեկտեմբերին՝ աբեղա, և նշանակվել Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) եկեղեցիների բարեկարգիչ։

1902-ին ձեռնադրվել է վարդապետ։ 1903-ի հունիսին, եկեղեցական կալվածքների և ունեցվածքի բռնագրավման ժամանակ ցարական իշխանություններին դիմադրություն ցույց տալու համար ձերբակալվել և աքսորվել է Ռուսաստանի Օրյոլ քաղաք։

1905-ին վերադարձել է աքսորից և նշանակվել Գորի-Իմերեթի-Բաթումի և Արդվինի առաջնորդական փոխանորդ։ 1907-ի հունիսին Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Նոր Բայազետի և Դարաչիչակի (այժմ՝ Ծաղկաձոր) եկեղեցիների բարեկարգիչ։

1909-ի դեկտ. ձեռնադրվել է եպիսկոպոս։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Երևանի թեմի Եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահն էր, կազմակերպել է վիրավոր հայ զինվորների և փախստականների օգնության գործը։

1917-ին նրա նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է Հայոց Ազգային խորհուրդը։ 1919-ին Գևորգ Ե Սուրենյանցի կարգադրությամբ և Հայաստանի կառավարության հրահանգով որպես հայրապետական պատվիրակ մեկնել է Փարիզ՝ համերաշխություն հաստատելու Փարիզի խաղաղության կոնֆերանսին մասնակցող հայկական ազգային երկու պատվիրակությունների միջև։

1920-ին Փարիզից մեկնել է Ամերիկա՝ կարգավորելու պառակտված թեմական կյանքը։ Այստեղ կազմակերպել է հանգանակություն Հայաստանի պաշտպանության և վերաշինության համար, ինչպես նաև կատարել Հյուսիսային Ամերիկայի հոգևոր առաջնորդի ընտրություն՝ հանձին Տիրայր արք. Տեր-Հովհաննիսյանի։

1920-ի դեկտեմբեր 11-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով նրան շնորհվել է արքության տիտղոս և պատիվ։ 1923-ի մարտի 4-ին կարգվել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ և Գերագույն հոգևոր խորհրդի նախագահող։ Այս պաշտոնում նա պայքար է ծավալել «Ազատ եկեղեցական եղբայրության» խմբավորման դեմ։

Գևորգ Ե Սուրենյանցի մահից հետո, 1930–32-ին ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը։ 1932-ի նոյեմբերի 12-ին ընտրվել, իսկ 13-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

Նա պայքար է ծավալել փակված եկեղեցիները վերաբացելու օգտին, հանդես եկել եկեղեցիները քանդելու և ոչ իրենց նպատակին օգտագործելու, խորհրդային իշխանությունների՝ հայ հոգևորականներին բռնությունների ենթարկելու քաղաքականության դեմ։

Զբաղվել է եկեղեցու սահմանադրական, ծիսական, կազմակերպչական համակողմանի քննության ու բարեկարգման, Մայր տաճարի նորոգման, Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների միջև սերտ հարաբերությունների ստեղծման հարցերով։

Զգալի աշխատանք է կատարել սփյուռքահայությանը Հայ եկեղեցու շուրջ համախմբելու համար։ Սփյուռքում կազմակերպել է Աստվածաշնչի հայկական թարգմանության 1500-ամյակին նվիրված հանդիսություններ։

Պետանվտանգության ծպտյալ գործակալները 1938 թ. ապրիլի 6-ին Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում։ ‌[փա՞ստ] Նրա մարմինն ամփոփվել է նախ Սբ. Գայանե եկեղեցու գավթում, ապա՝ 1996-ի սեպտեմբերին աճյունը տեղափոխվել է Էջմիածնի Մայր տաճարի բակը։

Կաթողիկոսական աթոռին նրան հաջորդել է Գևորգ Զ Չորեքչյանը։

Նախորդող՝
Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)
Կաթողիկոս
1932–1938
Հաջորդող՝
Գևորգ Զ Չորեքչյան


Գրականություն[խմբագրել]

  • Ստեփանյանց Ս.։ Հայ առաքելական եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք. – Երևան. 1994 թ.։ 
  • Մանուկյան Ա.։ Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938 թթ. – Երևան. 1997 թ.։ 
  • «ՈՎ ՈՎ Է. ՀԱՅԵՐ» (կենսագրական հանրագիտարան։ Երկու հատորով). – Երևան. Հայկական հանրագիտարան. 2005 թ. — հատոր Ա. — (հանրագիտարան).։ 

Հղումներ[խմբագրել]

Այցելեք նաև[խմբագրել]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png