Սարգիս Ա Սևանցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սարգիս Ա Սևանցի (ծ. թ. անհայտ – 1022, ամփոփվել է Հոռոմոսի վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 992–1019թ թվականին: Հաջորդել է Խաչիկ Ա Արշարունուն: Ուսանել է Սևանավանքում: Շողագավանքի, այնուհետև` Սևանավանքի վանահայրն էր: Սարգիս Ա Սևանցուն կաթողիկոս ընտրվելը տեղի է ունեցել Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու հովանավորությամբ: 992-ին կաթողիկոսական աթոռը Արգինայից տեղափոխում է Անի: 1006-ին Սյունյաց Վասակ թագավորի խնդրանքով և Կատրամիդե թագուհու (Գագիկ Ա Բագրատունու կինը, Սյունյաց Վասակ թագավորի դուստրը) միջնորդությամբ Սարգիս Ա Սևանցի վերահաստատել է Սյունիքի եպիսկոպոսության աթոռի նախկին առանձնաշնորհումները:

Մասնակցել է Ատրպատականի ամիրա Մամլանի Հայաստան հարձակման դեմ պայքարին (X դ. վերջ)` քաջալերելով ժողովրդին: Պայքարել է Ապահունիք, Մանանաղի, Հարք գավառներում հզորացող թոնդրակյան շարժման դեմ: Հայտնի է իր շինարարական գոծունեությամբ, 1010-ին Անիի Մայր տաճարի հարևանությամբ հիմնել է Ս. Հռիփսիմյանց վկայարան և Վաղարշապատից այստեղ փոխադրել սրբերի մասունքների մի մասը: Շարակնոցում նրա գրչին է պատկանում Հանգստյան կարգի «Սարսափելի որոտմամբ» սկզբնատողով, Ահեղ դատաստանի տեսարանները պատկերող Տեր երկնիցը, որը գրված է անվանական ակրոստիքոսի ձևով և հոդում է հեղինակի անունը:

Սարգիս Ա Սևանցին 1019 թվականին ինքնակամ հրաժարվել է կաթողիկոս. աթոռից և իր ձեռքով կաթողիկոս օծել Պետրոս Ա Գետադարձին:

Արտաքին հղումներ [խմբագրել]

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002
Հայոց պատմությունը Սարգիս Սևանցի կաթողիկոսի օրոք


Նախորդող՝
Խաչիկ Ա Արշարունի
Կաթողիկոս
992–1019
Հաջորդող՝
Պետրոս Ա Գետադարձ