Աբրահամ Գ Կրետացի
Աբրահամ Գ Կրետացի (ծ. թ. անհայտ, ք. Կանդիա, Կրետե կղզի – 1737թ. ապրիլի 18), Ամենայն հայոց կաթողիկոս 1734 թ-ից, պատմագիր: Նախքան կաթողիկոսական գահը ստանձնելը եղել է Երուսաղեմի միաբան և նվիրակ, 1709–34 թթ.՝ Թրակիայի Թեքիրդաղ (Ռոդոսթո) քաղաքի թեմի առաջնորդ, որի համար կոչվել է նաև Թեքիրդաղցի: Կրետացու օրոք Անդրկովկասի քաղաքական դրությունն անկայուն էր։ Իրանում ասպարեզ իջած Թահմազ Ղուլի խանը (ապագա Նադիր շահը), պատերազմելով Թուրքիայի դեմ, վերանվաճել է Իրանի կորցրած հողերը, այդ թվում՝ Անդրկովկասը։ Աբրահամ Գ Կրետացին շահելով Իրանի արքա Նադիր շահի վստահությունը, վերականգնել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածատիրական իրավունքները և գերությունից ու աքսորից փրկել բազմաթիվ հայերի: Կրետացու միջնորդությամբ խանը թույլատրել է Մելիք Հակոբջանին Երևանում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ։ Գրել է «Պատմագրութիւն անցիցն իւրոց և ՆատրՇահին պարսից» երկը (բաղկացած է 53 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1796թ. Կալկաթայում), որտեղ շարադրել է 1734–36թթ. Հայաստանում և հարակից երկրներում տեղի ունեցած իրադարձությունները:
Աղբյուրներ [խմբագրել]
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
| Նախորդող՝ Աբրահամ Բ Խոշաբեցի |
Կաթողիկոս 1734-1737 |
Հաջորդող՝ Ղազար Ա Ջահկեցի |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |