Եղիազար Ա Այնթափցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիազար Ա Այնթափցի
Ծնվել է1612
Մահացել էօգոստոսի 8, 1691(1691-08-08)[1]
Մահվան վայրՎաղարշապատ
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Եղիազար Ա Այնթապցի (Հռոմկլայեցի, 1612 - օգոստոսի 8, 1691(1691-08-08)[1], Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1681 թվականից առ 1691 թվականը։ Հաջորդել է Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսին։

Ծնվել է 1612 թվականին, վարդապետ է ձեռնադրվել 1641 թվականին, իսկ եպիսկոպոս՝ 1647 թվականին։ 1649 թվականից Երուսաղեմի, 1651 թվականից Կ. Պոլսի հայոց պատրիարքն է եղել, իսկ 1657 թվականին Երուսաղեմի պատրիարքական փոխանորդ։ 1659-1667 թթ. շինարարական աշխատանքներ է ծավալել Երուսաղեմի հայոց կալվածքներում։ Եղիազար Ա կաթողիկոսի անունը կապվում է արևմտահայ և արևելահայ կաթողիկոսությունների միջև ծագած խռովությունների հետ՝ պայմանավորված նրանով, որ 1661 թվականին Երուսաղեմում հիմնելով ″Էջմիածին″ մատուռը, փորձել է ամենայն հայոց կաթողիկոսությունից անջատել թուրքահայ թեմերը և կազմել առանձին կաթողիկոսություն։

Պոլսահայ որոշ մեծամեծների և բարձրաստիճան հոգևորականների հետ միասին Եղիազար Այնթափցին փորձել է թուրքահայոց թեմերն անջատել ամենայն հայոց կաթողիկոսությունից և կազմել առանձին կաթողիկոսություն։ Թուրքական կառավարության թողտվությամբ 1664 թվականի հոկտեմբերին Հալեպի Սուրբ Քառասնից Մանկանց եկեղեցում Եղիազար Այնթափցին հրավիրում է եկեղեցական ժողով և ինքնագլուխ կաթողիկոս օծվում։ Այս բանը չէր կարող հանդուրժել Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը, որը պաշտպանում էր միասնական եկեղեցու շահերը։ Եղիազարյան-Հակոբյան վեճը շարունակվում է մինչև 1680 թ.` Հակոբ Դ Ջուղայեցու մահը։ Մեկ տարի հետո` 1681 թ. հակաթոռ կաթողիկոսության վտանգը չեզոքացնելու նպատակով, Ամենայն հայոց կաթողիկոս են ընտրում Եզիազար Ա Այնթապցուն։ Իր հայրապետության ընթացքում Եղիազար Ա կաթողիկոսը վերացնում է Մայր Աթոռի՝ նախորդների ժամանակներից մնացած պարտքերը, ինչպես նաև կատարում է մի շարք շինարարական, նորոգչական աշխատանքներ։ Կառուցում ու նորոգում է շատ եկեղեցիներ ու վանքեր, պարսպապատում է Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե վանքերը, հիմնում վերջինիս գավիթը, կառուցում միաբանական խցեր։ Մայր Աթոռի ներսում, Սուրբ Իջման տեղում կանգնեցնում է չորս սյուներով կաթողիկե։ Կառուցում է Մայր տաճարի պատարագ մատուցելու սեղանը, իսկ տաճարի տանիքին կառուցում է ևս երեք զանգակատուն՝ արևելյան, հյուսիսային և հարավային կողմերում, որոնցով տաճարի տանիքը դարձավ հինգ գմբեթ։ Ճարտար ու գործերում հաջողակ կաթողիկոսը ուրիշ բազում գործեր էլ արեց և վախճանվեց 1690 թ. թաղվելով Սբ. Գայանեի գավթի աջ կողմում։

Կաթողիկոսական գահին Եղիազար Ա Այնթափեցուն հաջորդում է Նահապետ Ա Եդեսացին։

Նախորդող՝
Հակոբ Դ Ջուղայեցի
Կաթողիկոս
1681–1690
Հաջորդող՝
Նահապետ Ա Եդեսացի

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմեոն կաթողիկոս Երևանցի Ջամբռ, Եր. 2003։
  • Մաղաքիա արք. Օրմանյան, Ազգապատում, հ 2, Եր. 2001։
  • Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր. 2002։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 505