Եղիշե Ա Ռշտունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եղիշե Ա Ռշտունի (ծննդյան թվականը՝ անհայտ - 946, Աղթամար), Ամենայն հայոց կաթողիկոս 941 թ. առ 946թ., Թեոդորոս Ա կաթողիկոսի եղբայրն ու հաջորդողը, գահակալել է Աղթամարում՝ Վասպուրականի թագավոր Աշոտ Դերենիկի նախաձեռնությամբ։

Նախքան կաթողիկոս դառնալը եղել է Ռշտունիքի եպիսկոպոսը։ Անունն աղբյուրներում հանդիպում է Եղիսե գրությամբ, սակայն Մ. Օրմանյանը գերադասում է Եղիշե գրությունը։ Պատմիչները կաթողիկոսին վերագրում են 5 կամ 7 տարվա աթոռակալություն։ Մ. Օրմանյանը իրավացիորեն հիմք ունենալով Ե և Է տառերի շփոթը հայ մատենագրության մեջ, գտնում է, որ Եղիշեն պաշտոնավարել է 5 տարի, ուստի նրա աթոռակալությունը տևել է մինչև 946 թվականը։ Եղիշեի օրոք Հայաստանը գտնվում էր խաղաղության մեջ, իսկ Աբաս և Աշոտ Դերենիկ թագավորներն իշխում էին առանց մրցակցելու։

Գնալով թուլանում էր Արաբական խալիֆայությունը, իսկ Ռոմանոս Լեկապենոս կայսրը 945-ին իր որդի Կոստանդին Ը-ի կողմից գահընկեց արվեց և ուղարկվեց Պրոտի կղզու վանքը։ Սակայն մյուս տարի նա սպանվեց, և նորից սկսեց գահակալել Կոստանդին Ծիրանածինը։ Մինչև 945թ. իշխած Ռոմանոս Լեկապենոսը, գայթակղված իր ռազմական հաջողություններով, փորձեց կայսրության սահմաններում ապրող հայերին քաղկեդոնացնել։ Հատկապես խստություններ կիրառվեցին հոգևորականների նկատմամբ։ Շատ հայեր գաղթեցին Հայոց թագավորությունների սահմանները՝ եկեղեցիներ հիմնելով կամ եղածները շենացնելով Շիրակում, Սյունիքում, և այլուր։

Ենթադրվում է, որ Եղիշե կաթողիկոսը մահացել է Վասպուրականում, սակայն նրա մահվան հանգամանքների, ինչպես նաև գերեզմանի տեղի վերաբերյալ աղբյուրները ոչինչ չեն հայտնում։

Արտաքին հղումներ[խմբագրել]


Նախորդող՝
Թեոդորոս Ա Ռշտունի
Կաթողիկոս
941-946
Հաջորդող՝
Անանիա Ա Մոկացի