Մովսես Գ Տաթևացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մովսես Գ Տաթևացի, (աղբյուրներում հիշատակվում է նաև որպես՝ Մովսես Գ Սյունեցի, Աճանանցի, Խոտանանցի, ծնվել է 1578, գ. Խոտանան (Սյունիք) – 1632, Երևան, ամփոփվել է Կոզեռնի գերեզմանոցում), Ամենայն հայոց կաթողիկոս 1629 թվականից։ Հաջորդել է Դավիթ Դ Վաղարշապատցուն։

Կենսագրություն[խմբագրել]

Կրթություն ստանալով Տաթևի վանքում՝ 1592 թվականին ձեռնադրվում է կուսակրոն աբեղա, մեկնում Ամիդ և մինչև 1606 թվականը աշակերտում Սրապիոն Եդեսացուն (Ուռհայեցի)։ 1610 թվականից Երուսաղեմում դարձել է Սբ. Հարություն տաճարի լուսարար։ 1613 թվականին վերադառնում է Տաթև, մտնում Սյունյաց Մեծ անապատ։ Նախքան կաթողիկոս դառնալը՝ հիմնել է դպրոցներ, զբաղվել դրանց բարեկարգման հարցերով, կարգավորել Սյունիքի վանքերը։

Մոտ 1620 թվականին Երևանում քարոզում է Սբ. Կաթողիկե եկեղեցում, վերաշինում Երևանի Սբ. Անանիա առաքյալ անապատը, կարգավորում է Այրարատի եկեղեցիներն ու վանքերը, վերաբացում Հովհաննավանքի և Սաղմոսավանքի վանական դպրոցները։ 1623 թվականին ձեռնադրվում է եպիսկոպոս, 1626 թվականին Սպահանում է։ Պարսից շահ Աբբաս I-ը, 1627 թվականի հունվարին ներկա գտնվելով և հիանալով Սբ. Ծննդյան տոնի՝ նրա կատարած արարողությամբ, պարգև է առաջարկել և տվել խնդրածը՝ Սբ. Էջմիածնի վանքի լուսարարի պաշտոն և վանքը նորոգելու թույլտվություն-հրովարտակ։ 1627 թվականի հունիսից վերանորոգում է Սբ. Էջմիածնի վանքը, Վեհարանը, օժանդակ կառույցները և պարիսպները։ 1628 թվականի սկզբից հիշատակվում է որպես «ընտրեալ կաթողիկոս», պաշտոնապես օծվում է 1629 թվականի հունվարի 13-ին։

Մովսես Գ Տաթևացին շահից ստանում է իր կաթողիկոսության հաստատման և Ս. Էջմիածնի վանքի պարտքի զիջման հրովարտակներ։ Իր աշակերտների և հետևորդների (Փիլիպոս Աղբակեցի, Խաչատուր Կեսարացի, Եսայի Կարճավանցի և ուրիշներ) հետ վերակենդանացնում է ավերված Արևելյան Հայաստանի մշակութային, կրթական, լուսավորական և գրական կյանքը, վերականգնում ու բարվոքում եկեղեցիներն ու վանքերը։

Կաթողիկոսական գահին Մովսես Գ Տաթևացուն հաջորդում է Փիլիպոս Ա Աղբակեցին։


Նախորդող՝
Դավիթ Դ Վաղարշապատցի
Կաթողիկոս
1629–1632
Հաջորդող՝
Փիլիպոս Ա Աղբակեցի

Աղբյուրներ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png