Գրիգոր Նյուսացի
Գրիգոր Նյուսացի (հունարեն՝ Γρηγόριος Νύσσης, լատիներեն՝ Gregorius Nyssenus; շուրջ 335 — 394թթ.), երևելի աստվածաբան, փիլիոսոփա, եկեղեցական գործիչ (եպիսկոպոս), Հայ և ընդհանրական եկեղեցու սուրբ, եկեղեցական հայր, Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նազիանզացու հետ կազմում է «երեք մեծ կապադովկիացիների» եռյակը, Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրն է:
Բովանդակություն |
Կյանքը [խմբագրել]
Ծնվել է Կապադովկիայի Նեոկեսարիա քաղաքում շուրջ 335 թ. հույն մեծահարուստ և ազնվական ընտանիքում, որն աչքի էր ընկնում իր աստվածապաշտությամբ: Երիտասարդ հասակում դպիր է կարգվում, սակայն, առժամանակ թողնում է հոգևոր ոլորտը և հռետորության ուսուցիչ դառնում, ուսումնասիրում հեթանոսական գրականություն, ամուսնանում` դառնալով երկու զավակների հայր: 365թ. կնոջ մահից հետո վերադառնում է հոգևոր ոլորտ, հեռանում է անապատ` զբաղվելով Սուրբ Գրքի ուսումնասիրությամբ: 372 թ. Բարսեղ Կեսարացին, կապադովկյան Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս ձեռնադրվելով, իր դիրքերն ամրապնդելու համար եղբորը կարգում է հայաբնակ[1] Նյուսա գյուղի և Սեբաստիա քաղաքի եպիսկոպոս: Այդ պաշտոնում Գրիգոր Նյուսացին աջակցել է եղբորը՝ աղանդների (ապոլինարիզմ և արիոսականություն) դեմ պայքարում, որի համար էլ բյուզանդական Վաղես կայսեր կողմից աթոռազրկվել և աքսորվել է՝ վերադառնալով Նյուսա միայն նրա վախճանվելուց հետո: 378թ. Բարսեղ Կեսարացու մահից հետո ավարտին է հասցնում և հրատարակում ավագ եղբոր անավարտ երկը` «Վեցօրեայքը»:
379 թ. մասնակցում է Անտիոքի եկեղեցական ժողովին, որը դատապարտում է միլեթիանական աղանդը: Իր կամքին հակառակ նշանակվում է Սեբաստիա քաղաքի միտրոպոլիտ և ուղարկվում Պաղեստին և Արաբիա՝ աղանդների դեմ պայքարելու նպատակով:
Մասնակցել է 381թ. Կ.Պոլսի երկրորդ տիեզերական ժողովին: Մայրաքաղաքում Գրիգորը ձեռք է բերում հեղինակավոր աստվածաբանի և քարոզիչի համբավ, կայսերական հրովարտակով նրա անունը ներառվում է այն եպիսկոպոսների ցանկի մեջ, որոնց հետ շփումը «պարտադիր է ուղղափառների համար»:
Գրիգոր Նյուսացու կյանքի վերջին տարիների մասին գրեթե ոչինչ չի ավանդված, միայն հայտնի է, որ 394թ. նա ներկա է գտնվել Կ.Պոլսում հրավիրված տեղական նշանակության եկեղեցական ժողովին:
Հայացքները [խմբագրել]
Նյուսացին հայտնի է իբրև մտահայեցող աստվածանան և խորհրդապաշտ հեղինակ, ում միտքը հատկորոշվում է և՛ խորությամբ, և՛ համարձակությամբ: Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Որոգինեսի աստվածաբանությունը, նորպլատոնականությունը և Փիլոն Ալեքսանդրացու գործերը: Պատկանել է Սուրբ Գրքի մեկնողական այլաբանական դպրոցին: Գրիգոր Նյուսացին ունեցել է մի քանի մասնավոր կարծիքներ, որոնք ընդունելի չեն Ընդհանրական Եկեղեցու համար, ինչպես օրինակ` դժոխքի ժամանակավոր տանջանքների մասին ուսմունքը, կամ ապոսկատաստիսը (Քրիստոսի Երկրորդ գալստից հետո արդարների և մեղավորների, ինչպես և սատանայի ու դևերի համընդհանուր վերականգնումը):
Գրվածքները [խմբագրել]
Թեև Գրիգոր Նյուսացին հիմնականում ստեղծագործել է իր կյանքի վերջին տարիներին (380–394թթ)՝ նրա մատենագրական ժառանգությունը բազմազան և հարուստ է: Թողել է դավանաբանական, մեկնողական, բարոյախրատական գրվածքներ, քարոզներ, նամակներ, ողբեր և այլն: «Ընդդէմ Եվնոմիոսի» աշխատության մեջ հաստատել է Սուրբ Երրորդության ուղղափառ վարդապետությունը: Երրորդաբանական տեսությունը շարադրված է «Սուրբ Հոգու մասին» աշխատությունում, «Առ Եւստաթէոս բժիշկ. Յաղագս Սրբոյ Երրորդութեան» թղթում, ճառերում, որոնցից նշանավոր է «Ոչ երեք Աստուածք»-ը և այլ գրվածքներում: «Հրահանգ քրիստոնէական հաւատքի» գործը հորդոր է ուղղված նորադարձ հեթանոսներին ու հրեաներին, պարունակում է նաև հերետիկոսությանը հակաճառելու եղանակներ: «Ընդդէմ Ապողինարիոսի» երկում հերքել է Ապողինար Լաոդիկեցու ուսմունքը, իսկ «Ընդդէմ մանիքեցիների» երկում քրիստոնեության տեսանկյունից փորձել է ապացուցել, որ Աստված չարի պատճառ չէ: «Մարդու արարչագործման մասին» երկասիրության մեջ խոսվում է մարդու մեջ Աստծո պատկերի նախաստեղծ արժանիքների, հոգու ոգեղենության, նրա զորությունների, հարության, մարդու բնության մեջ սողոսկած արատի, դրա ծագման մասին: Նյուսացու դավանաբանական գլխավոր երկը «Քրիստոնեական»-ն է («Ճառ յաղագս մեծին քրիստոնէականին»), որը հեղինակի ուղղափառ վարդապետության ամփոփումն է: Նյուսացու գրչին են պատկանում նաև Աստվածաշնչի մեկնություններ, որոնք հիմնականում այլաբանական խորհրդածություններ են: Հեղինակել է նաև ծիսապաշտական քարոզներ՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության, Զատկի և Հարության, Համբարձման, Հոգեգալստյան տոներին, գրել բարոյախրատական բնույթի ճառեր, ներբողներ, դամբանականներ, խրատներ, նամակներ[2]:
Ազդեցությունը Հայ եկեղեցու վրա [խմբագրել]
Նյուսացին եղել է Հայ եկեղեցու սիրված և ընդունված հայրապետներից: Նրա գործերի զգալի մասը հայերեն է թարգմանվել V-VIII դդ. («Առ այնոսիկ որք ասեն, եթէ մեծ է Հայր քան զՈրդի», «Մեկնութիւն Ժողովողի», «Խաւսք յինն երանութիւնսն», «Ի Հայր մեր որ յերկինսն», «Տեսութիւն ի մարդոյն կազմութիւնն», «Յաղագս կուսութեան», «Յաղագս Երգոյ երգոցս», «Բան խոստովանութեան հաւատոյ» և այլ աշխատությունները)՝ լայն ճանաչում գտնելով և լայնորեն օգտագործվելով միջնադարյան հայ վարդապետանոցներում[3]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Գրիգոր Նյուսացի, Մեկնություն Ժողովողի, Էջմիածին, 2007, էջ 6
- ↑ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 244:
- ↑ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 245:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ս. Գրիգոր Նյուսացի «ՏԵՍՈՒԹԻՒՆ Ի ՄԱՐԴՈՅՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ»
- Ս. Գրիգոր Նյուսացի «Մովսեսի կյանքը»
- Ս. Գրիգոր Նյուսացի «Մեկնություն Ժողովողի»