Դիոնիսիոս Արիոպագացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիոնիսիոս Արիոպագոսցիից)

Դիոնիսիոս Արիոպագոսցի (կամ Արիոպագացի, հուն.Διονύσιος ὁ Ἀρεοπαγίτης մ.թ. I դար), «Գործք Առաքելոցի» (Գործք 17. 16-34) համաձայն` Աթենքի դատարանի (Արեոպագոս) դատավոր, որը Պողոս առաքյալի քաղաք այցելության ժամանակ, նրա քարոզն ունկնդրելուց հետո, դարձել է քրիստոնյա։ Ըստ Եվսեբիոս Կեսարացու կողմից վկայված աղբյուրի` հետագայում դարձել է Աթենքի երկրորդ եպիսկոպոսը։ 5-6 դդ. ի հայտ են եկել խորհրդապաշտական (միստիկ) բնույթի մի քանի քրիստոնյա աստվածաբանական աշխատություններ (չորս տրակտատ` «Յաղագս երկնային քահանայապետութեան»,«Յաղագս երկրային քահանայապետութեան», «Յաղագս աստուածային անուանց», «Յաղագս խորհրդական աստուածաբանութեան», և տասը նամակ [1]), որոնց հեղինակությունը այդ ժամանակ վերագրվել է Դիոնիսիոս Արիոպագոսցուն։ Ներկայումս դրանց հեղինակին ընդունված է անվանել Դիոնիսիոս Կեղծ (Պսևդո)–Արիոպագոսցի։

Այդ երկերը ընդհանուր անունով կոչվում են «արեոպագիտիկաներ» («Կորպուս Արեոպագիտիկում»): Այդ գրվածքները կրում են նաև նորպլատոնական մտածողության ակներև ազդեցությունը: Արեոպագիտիկաները երկակի ընդունելություն են գտել Հույն եկեղեցում: Կ. Պոլսի 553-ի ժողովը մերժել է այդ գրվածքները` իբրև ապողինարիստական մեղանչումներ: Սակայն VII դ. բյուզանդացի աստվածաբան Մաքսիմոս Խոստովանողն իր մեկնություններում բացահայտել է այդ երկերի ուղղափառ իմաստը, իսկ VIII դ. աստվածաբան Հովհան Դամասկացին արեոպագիտիկաները (հատկապես` աստվածայինը պատկերների միջոցով ընկալելու ուսմունքը) օգտագործել է պատկերամարտության դեմ մղած պայքարում: Մաքսիմոս Խոստովանողի և Հովհան Դամասկացու շնորհիվ երկերը տարածվել և անվիճելի հեղինակություն են ձեռք բերել Արևելյան և Արևմտյան եկեղեցիների աստվածաբանական ավանդության մեջ:

Ազդեցությունը Հայոց եկեղեցու վրա [խմբագրել]

Դիոնիսիոս Արիոպագացուն վերագրված գործերի հայերեն առաջին թարգմանությունը կատարվել է VIII դ.` Ստեփանոս Սյունեցու և Դավիթ Հյուպատոսի ջանքերով: Արեոպագիտիկաները նախ թարգմանվել են ասորերեն, ապա` հայերեն և հետո միայն լատիներեն, ընդ որում հայերեն թարգմանությունը զուգակցվում է Մաքսիմոս Խոստովանողի մեկնությունների թարգմանությամբ: Երկերի երկրորդ հայ թարգմանիչը Ստեփանոս Լեհացին է, որը դրանք լատիներենից է թարգմանել։ Դիոնիսիոս Արիոպագացու երկերը մեծ ազդեցություն են թողել միջնադարի աստվածաբանական մտածողության վրա: Այդ ազդեցությունից անմասն չի մնացել նաև հայ աստվածաբանական, դավանաբանական, փիլիսոփայական միտքը: Արեոպագիտիկաների հետ ակնհայտ ընդհանրություններ կան Դավիթ Անհաղթի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու, Վանական Վարդապետի երկերում:

Դիոնիսիոս Արիոպագացու գործերից բազմաթիվ հատվածներ տեղ են գտել հայ դավանաբանական աշխատություններում և ժողովածուներում: Միջնադարի վանական դպրոցներում և վարդապետարաններում կիրառվել են Ստեփանոս Սյունեցու, Համամ Արևելցու, Եսայի Նչեցու, Վահրամ Րաբունու և այլոց գրած Դիոնիսիոս Արիոպագացու երկերի լուծմունքները և մեկնությունները:

Հայ եկեղեցին Դիոնիսիոս Արիոպագացու հիշատակը նշում է տարին երկու անգամ. Խաչվերացի վեցերորդ կիրակիին նախորդող հինգշաբթի օրը` Պողոս առաքյալի աշակերտներ Տիմոթեոսի ու Տիտոսի հիշատակի հետ, և հոկտ. վերջին շաբաթ օրը` «երկոտասան վարդապետաց» տոնին:

Գրականություն [խմբագրել]

  • Աստուածաբանականք. Յիշատակարան գրոց, հրտ. Կարապետ եպիսկոպոս, «Արարատ», 1913, էջ 600–604:
  • Աթենացիների Դիոնիսիոս Արեոպագացի եպիսկոպոսի [թուղթը] եփեսացիների Տիմոթէոս եպիսկոպոսին Խորհրդական աստուածաբանութեան մասին, աշխարհաբարի վերածեց Վ. Ղազարյան, «Գանձասար», 2, 1992:
  • The Armenian version of the works attributed to Dionysius the Areopagite, ed. by R.W. Thomson, Lovanii, 1987.
  • Կնիք հաւատոյ..., Էջմիածին, 1914:
  • Վարդան Այգեկցի, Գիրք հաստատութեան եւ Արմատհաւատոյ, աշխատասիր. Շահե քհն. Հայրապետյանի, Ե., 1998:
  • Ավգերյան Մ., Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց..., հ. 7, Վնտ., 1813:
  • Գրիգորյան Մ., Ստեփանոս Սյունեցի, Բեյրութ, 1958:
  • Հատիտյան Ա., Սուրբ Ռեթեոս Աթենացի, սուրբ Դիոնիսիոս Արիսպագացի և սուրբ Սեղբեստրոս հայրապետ Հռոմի, «Էջմիածին», 1979, դ 5:
  • Ղազարյան Վ., Արեոպագիտիկաները և նրանց նշանակությունը եկեղեցական վարդապետության մեջ, «Գանձասար», 2, 1992:
  • Գալուստյ ան Շ., Համաքրիստոնեական սուրբեր, Ե., 1997:

Ծանոթագրություններ [խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png