Հովհան Ոսկեբերան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Johnchrysostom.jpg

Հովհան Ոսկեբերան (հուն.՝ Ιωάννης ο Χρυσόστομος; շուրջ 347թ., Անտիոք407թ. սեպտեմբերի 14, Կոմանա, Պոնտոս), Կոստանդնուպոլսի պատրիարք, աստվածաբան, քրիստոնյա եկեղեցու հայրապետ, քրիստոնյա ընդհանրական եկեղեցու սուրբ:

Բովանդակություն

[խմբագրել] Կյանքը

Հովնան Ոսկեբերանը ծնվել է շուրջ 347 թվականին Անտիոքում: Ուսանել է Անտիոքի աստվածաբանական դպրոցում, ճարտասանության մեջ հմտացել հռետոր Լիբանիոսի մոտ: Դեռ երիտասարդ տարիքում իրեն նվիրել է ճգնողական կյանքին: 381 թվականին ձեռնադրվել է սարկավագ, իսկ 386 թվականին` քահանա: Այս ընթացքում իր սքանչելի ու պերճախոս քարոզների շնորհիվ արժանացել է «Ոսկեբերան» տիտղոսին:

398 թվականին ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք: Թեև դա կատարվել էր հակառակ իր կամքի նա եռանդով ու նախանձախնդրությամբ լծվում է քրիստոնեական կենցաղից հեռացած և անբարո ու վեճերով լի կյանքով ապրող մայրաքաղաքի բնակչության բարքերի ուղղման գործին: Ամեն տեսակ անբարոյականություն կշտամբող Ոսկեբերանը իր վրա է հրավիրում Եվդոքսիա կայսրուհու զայրույթը: Սուրբ հայրապետի դեմ է դուրս գալիս նաև Ալեքսանդրիայի Թեոփիլոս պատրիարքը, որը ձգտում էր Կ. Պոլսի պատրիարք դառնալ: 403 թվականին եկեղեցական ժողովի կողմից անհիմն ամբաստանություններով պաշտոնաթող է արվում և աքսորման դատապարտվում, սակայն աքսոր մեկնելու գիշերն երկրաշարժ ու հրդեհներ են տեղի ունենում: Ենթարկվելով Կ.Պոլսի բնակչության ճնշմանը` կայսրուհին ետ է կանչում Ոսկեբերանին իր աթոռը:

Հովհան Ոսկեբերանը շարունակում է նույն խստությամբ քննադատել արքունական զեխությունները: Հակառակ ժողովրդի համակրանքին և Արևմտյան եկեղեցու պաշտպանության` Արկադիոս կայսրն ու Եվդոքսիա կայսրուհին կրկին նրան աքսորելու հրաման են արձակում: Ոսկեբերանն աքսորվում է Պոնտոս և մահանում 407 թվականին, Կոմանա քաղաքում:

438 թվականին, Հովհան Ոսկեբերանի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերում և ամփոփում են Կ. Պոլսի Ս. Առաքելոց եկեղեցում:

[խմբագրել] Գրվածքները

Հովհան Ոսկեբերանը թողել է մատենագրական հարուստ ժառանգություն (մեկնություններ, դավանաբանական և հակաճառական գրվածքներ, ճառեր, քարոզներ, ներբողներ, նամակներ և այլն), որը կարևոր դեր է կատարել քրիստոնեական մտքի պատմության մեջ: Նրա երկերից շատերը թարգմանվել են հայերեն դեռևս հայ վարդապետների կողմից V դարում՝ գրերի գյուտից և Աստվածաշնչի թարգմանությունից անմիջապես հետո:

[խմբագրել] Աղբյուրներ

[խմբագրել] Արտաքին հղումներ