Կղեմես Ալեքսանդրացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ClemensVonAlexandrien.jpg

Կղեմես Ալեքսանդրացի (հուն.՝ Κλήμης ὁ Ἀλεξανδρεύς, լատ.՝ Clemens Alexandrinus, Titus Flavius Clemens (Տիտոս Փլաբիոս Կղեմես), 150, Աթենք – 216, Կապադովկյան Կեսարիա), աստվածաբան, եկեղեցական մատենագիր, Ալեքսանդրիայի պատրիարք: Ծնվել է բարեկեցիկ հեթանոս ընտանիքում, Աթենքում ստացել բարձր կրթություն: Քրիստոնյա դառնալուց հետո ճանապարհորդել է Իտալիայում, Ասորիքում, Պաղեստինում, Եգիպտոսում և, ինչպես նշում է իր «Ստրոմատիս» երկում, աշակերտել ժամանակի նշանավոր քրիստոնյա մտածողներին: Կղեմես Ալեքսանդրացու ուսումնառության կարևորագույն հանգրվանն է եղել Ալեքսանդրիան, որտեղ ուսանել է տեղի նշանավոր աստվածաբան. դպրոցում, աշակերտել դպրոցի առաջին ուսուցիչ, սիցիլիացի փիլիսոփա Պանտենոսին: Վերջինիս մահից (200) հետո ստանձնել է Ալեքսանդրիայի դպրոցի տեսչի պաշտոնը, դարձել Ալեքսանդրիայի պատրիարք (200–203): Սեպտիմիոս Սևերոս կայսրի (193–211) հալածանքների ժամանակ, 203-ին ստիպված հեռացել է Ալեքսանդրիայից, տեղափոխվել նախ Կապադովկյան Կեսարիա և ապա՝ Երուսաղեմ, իր երբեմնի աշակերտ, Երուսաղեմի Ալեքսանդր եպիսկոպոսի մոտ: Կյանքի հետագա տարիների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Ըստ Եվսեբիոս Կեսարացու՝ Կղեմես Ալեքսանդրացին 215/216-ին Անտիոք է տարել Ալեքսանդր Երուսաղեմացու մի նամակը:

Բովանդակություն

Ուսմունքը[խմբագրել]

Կղեմես Ալեքսանդրացին Որոգինեսից հետո Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի III դ. ամենանշանավոր ներկայացուցիչն է, առաջին քրիստոնյա գիտնականը, գիտական աստվածաբանության հիմնադիրը: Նա քրիստ. հավատին ու վարդապետությանը հաղորդել է աստվածաբանական բնույթ՝ գիտական հիմքով, հելլենիստական կրթությունը և փիլիսոփայությունը ծառայեցրել քրիստոնեական հավատին: Ըստ նրա՝ փիլիսոփայությունն օժանդակ միջոց է հավատին հասնելու, նախապատրաստություն հավատացյալին՝ ճշմարտությունն ընդունելու և ի Քրիստոս առաջնորդելու համար: Հելլենիստական բարձր կրթություն ստացած Կղեմես Ալեքսանդրացին փիլիսոփայությունը համարել է «Աստծո գործ», աստվածային նվեր մարդուն և, հետևաբար, «բարի»: Այն տրվել է հույներին այնպես, ինչպես Օրենքը՝ հրեաներին, Ավետարանը՝ ողջ աշխարհին: Ձգտելով հույներին (հեթանոսներին) դարձի բերել՝ Կղեմես Ալեքսանդրացին ոչ միայն ապացուցել է քրիստոնեության առավելությունը հեթանոսությունից, այլև, նրանց չվիրավորելու համար, դրական վերաբերմունք է ցույց տվել հունական փիլիսոփայության նկատմամբ, այն համարել օգտակար և ձգտել քրիստոնեությունը բարձրացնել կրթված հույներիմոտ հարգված փիլիսոփայության աստիճանի: Ալեքսանդրիայի զարգացած քաղաքակրթության համար եկեղեցու ավետարանական տիպարը համարվել է պարզամիտ և անբավարար: Կղեմես Ալեքսանդրացին փորձել է ավետարանական կամ եկեղեցական քրիստոնյային բարձրացնել «գնոստիկ» (իմացական, գիտուն) քրիստոնյայի մակարդակին, որը կդիմագրավեր հունական փիլիսոփայության և գնոստիկականության քննադատություններին: Ըստ նրա, հավատացյալների մի մասը, որոնք հասել են գիտությանը, կարող են լինել «գնոստիկներ»: «Գնոստիկ» քրիստոնյան Տիրոջ միակ ճշմարիտ աշակերտն է և Տիրոջ խորհուրդների ու վարդապետության միակ ճանաչողը, միակ բարեպաշտը, անմեղանչողը:

Նա է կատարյալ քրիստոնյան, որ մահից հետո ուղղակիորեն գնում է երկնային արքայություն: Կղեմես Ալեքսանդրացին իրեն անվանել է «գնոստիկ»: Նրա ուսմունքը թեև մեծ դեր է խաղացել հեթանոսության և հելլենիստ. մտածողության հանդեպ քրիստոնեության հաղթանակի գործում, սակայն նրա «գիտական քրիստոնեությունը» պարունակել է գնոստիցիզմի տարրեր: Վարդապետ. մի շարք հարցերում թույլ է տվել սխալներ (նյութի հավիտենականության, Որդու արարած լինելու, Լոգոսի երևութական մարմնացման, հոգեփոխության ևն), որոնք հետագայում քննադատել են եկեղեցու հայրերը:

Երկերը[խմբագրել]

Կղեմես Ալեքսանդրացու խորագիտակությունն անտիկ և քրիստոնեական գրականությանը, Աստվածաշնչին, ինչպես նաև գնոստիկյան և հերետիկոսական հեղինակների գործերին, մեծ հետք է թողել նրա մատենագիտ. վաստակի վրա: Նրա երեք գլխ. աշխատությունները՝ «Բան յորդորական առ Հելլենս», «Դաստիարակ» և «Ստրոմատիս», կազմում են միասնական եռագրություն և ամփոփում հեղինակի աստվածաբանական հասկացություններն ու հայացքները: Առաջին աշխատությունն ուղղված է հեթանոսների (հույների) դեմ, սակայն իրականում ջատագովական բնույթի ձեռնարկ է քրիստոնյաների համար, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել հեթանոսների քննադատությունից և ամրապնդվեն իրենց հավատի մեջ: Հեղինակը ներկայացրել է հեթանոսական կրոններն ու խորհրդապաշտություններն իրենց անիմաստությամբ և անբարոյականությամբ: Միակ ու ճշմարիտ կրոնը քրիստոնեությունն է՝ հիմնված Բանի (Լոգոս) Մարդեղության և աստվածային բարձրագույն հայտնության վրա:

«Դաստիարակ»[խմբագրել]

«Դաստիարակը» ևս եռագրություն է: Հեղինակի նպատակն է եղել հեթանոսությունից քրիստոնյա դարձածներին դաստիարակել նոր կրոնի հավատով ու բարոյականությամբ: Ճշմարիտ դաստիարակն աստվածային Բանն է (Լոգոսը), որը լուսավոր վարդապետությամբ և փրկագործ. կյանքով դաստիարակում է հավատացյալին և բարձրացնում բարոյապես: Հիմնական սկզբունքը, որով Լոգոսը դաստիարակում է իր որդիներին, գութն է և սերը և ոչ թե Հին կտակարանի երկյուղը: «Դաստիարակ» երկը նաև մեծարժեք աղբյուր է Ալեքսանդրիայի բնակչության այն ժամանակվա կենցաղի և բարքերի ուսումնասիրության համար: Աշխատությունն ավարտվում է Քրիստոսին ուղղված գովաբան. աղոթքով:

«Ստրոմատիս»[խմբագրել]

Կ. Ա-ու եռագրության վերջին մասը՝ «Ստրոմատիս» (Ձեռնարկներ, Գործեր) աշխատությունը, բաղկացած է ութ մասից, որտեղ կրկնվում են բազմաթիվ թեմաներ նախորդ երկու երկերից: Արծարծվում են կատարյալ կյանքի, ամուսնության օրինականության, Աստծո մասին գիտելիքի, Բանի (Լոգոսի) վարդապետության, Ս. Գրքի մեկնաբանության և այլ հարցեր: Երկի հիմն. նյութը քրիստոնեության և հուն. փիլիսոփայության փոխհարաբերությունն է: Կ. Ա. գրել է նաև մեկնող., դավանաբան., քարոզխոս. աշխատություններ, նամակներ: Պահպանվել են նաև տարբեր երկերից առանձին հատվածներ և ցայսօր կորած համարվող մի շարք գործերի վերնագրեր մատենագիրների մոտ:

Գրականություն[խմբագրել]

  • Եվսեբիոս Կեսարացի, Պատմութիւն եկեղեցւոյ, Վնտ., 1877:
  • Տեր-Մինասյան Երևան, Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Էջմիածին, 1908:
  • Հատիտյան Ա., Ալեքսանդրիայի եկեղեցու մեծ հայրապետները Բ–Ե դարերում, «Էջմիածին», 1981, դ 8:
  • Պետրոսյան Երևան, Հայրաբանություն, մաս 1, Էջմիածին, 1996, էջ 116–130:
  • Nautin P., Biographie de Clռment d’Alex., “Lettres et ռcrivains chrռtiens des II et III siecles”, P., 1961;
  • Quasten J., Patrology, v. II Utrecht (Antwerp), 1966.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png