Դիդախե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Տիրոջ ուսմունքը 12 առաքյալների միջոցով փոխանցված» կամ Տասներկու առաքեալների վարդապետութիւնը (հուն.՝ Διδαχὴ Κυρίου διὰ τῶν δώδεκα ἀποστόλων), կրճատ՝ Դիդախե, վաղ քրիստոնեական անանուն երկ։ Թվագրվում է մ.թ. I դարի վերջով - II դարի սկզբով։ Երկում շարադրվում է քրիստոնեական վարդապետությունը, ներկայացվում է եկեղեցական կյանքը՝ մկրտությունը, պահքը, աղոթքները, առաքյալների և եպիսկոպոսների մասին կանոններ։

«Դիդախեն» Վաղ քրիստոնեական եկեղեցու կյանքում լայն տարածում է ունեցել։ Կղեմես Ալեքսանդրացին այն դասում էր Նոր Կտակարանի Սուրբ Քրքերի կանոնի շարքին՝ որևէ կասկած չունենալով երկի առաքելական պատկանելության մեջ։

Երկար ժամանակ համարվում էր կորսված։ Գտնվել է Կոստանդնուպոլսի եկեղեցական գրադարաններից մեկում Նիկոմիդիայի միտրոպոլիտ Թեոփիլոս Վիրենիոսի կողմից 1873թ.։ Հրատարակվել է 1883թ.։ Ամբողջական կերպով պահպանվել է միայն 1056–ով թվագրվող մեկ հունարեն ձեռագրի մեջ։ Տեքստն ունի 3 մաս և վերջաբան:

Բարոյական ուսուցում[խմբագրել]

Պարունակում է երկու ճանապարհների՝ կյանքի և մահվան մասին արտաքրիստոնեական ուսմունքը, որը ծանոթ է հունական և հուդայական աղբյուրներից: Կյանքի ուղին առաքինությունների ուղին է, որ պահանջում է. Սիրել աստծուն՝ մեր արարչին, և սիրել մեր մերձավորներին այնպես, ինչպես ինքներս մեզ ենք սիրում: Խուսափել սպանությունից, շնությունից, գողությունից, մոգությունից, դաժանությունից, չարախոսությունից, քինախնդրությունից և այլն: Լինել հեզ, ողորմած, աղքատասեր, աստվածապաշտ, վեհանձն ստորադասների նկատմամբ և այլն: Դաստիարակել երեխաներին Աստծո նկատմամբ սիրով և երկյուղով: Հեղինակը թելադրում է ետ մնալ մեղքերից և քայլել աստծո ճանապարհներով:

Ծիսական ցուցմունքներ[խմբագրել]

Խոսվում է մկրտության, պահքի, աղոթքի և Ս. հաղորդության մասին: Մկրտությունը պետք է կատարել Հոր, Որդու և Ս. Հոգու անունով: Մկրտությունից առաջ թե մկրտվող և թե մկրտողը պետք է ծոմ պահեն: Պահքը պետք է պահել չորեքշաբթի և ուրբաթ օրերին և ոչ թե երկուշաբթի և հինգշաբթի: Պետք է աղոթել այնպես, ինչպես տերն է սահմանել ավետարանում: Խոսքը տերունական աղոթքի մասին է:

Կարգապահական բաժին[խմբագրել]

Խորհուրդներ է տալիս զանազանելու իրական առաքյալներին և մարգարեներին կեղծ առաքյալներից և մարգարեներից: Ցուցմունքներ է տալիս վավերական քարոզիչներին արժանի կերպով ընդունելու և ճանապարհելու համար: Հանձնարարում է ձեռնադրել եպիսկոպոսների և սարկավագների և նրանց մատուցել նույն պատիվը, ինչ որ շրջող քարոզիչներին և ուսուցիչներին: Հստակ է, որ Դիդախեի ժամանակ չկար եպիսկոպոս-քահանա-սարկավագ նվիրապետական կառույցը: Դիդախեն ավարտվում է մի վերջաբանով, որ պարունակում է վախճանաբանական պատկերներ և միշտ արուն մնալու թելադրություններ, քանի որ չգիտենք այն ժամը, երբ տերը պիտի գա: