Կյուրեղ Ալեքսանդրացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
POPE kyrellos.JPG

Կյուրեղ Ալեքսանդրացի (հուն.՝ Κύριλλος Α΄ Αλεξανδρείας) (376 - 444թ. հունիսի 27), նշանավոր եկեղեցական գործիչ, 412-44թթ. Ալեքսանդրիայի եպիսկոպոս, աստվածաբան, հունական հայրաբանության հիմնական ներկայացուցիչներից մեկը, քրիստոնյա եկեղեցու ընդհանրական տոնելի սուրբ։ Հայտնի է նեստորականության դեմ իր անզիջում կեցվածքով։ Կյուրեղի գրվածքները դեռևս վաղ միջնադարում թարգմանվել են հայերեն։ Կյուրեղի նշանավոր բանաձևը՝«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը[1]:

Կյուրեղ Ալեքսադրացու երկերը և Հայոց եկեղեցին[խմբագրել]

Կյուրեղ Ալեքսադրացու երկերը հայացվել են V–VIII դդ.: Մի շարք գործեր պահպանվել են միայն հայերեն թարգմանություններով: 714–715-ին Դավիթ Հյուպատոսի և Ստեփանոս Սյունեցու ջանքերով թարգմանվել է «Գիրք պարապմանցը», որի 44 ճառերի վերաբերյալ Գրիգոր Տաթևացին գրել է «Լուծմունք ի պարապմունս սրբոյն Կիւրղի» ընդարձակ և հմտալից մեկնությունը (տպագրվել է «Գիրք պարապմանցի» հետ)։ «Գիրք պարապմանցը» և «Գիրք գանձուցը» իբրև դավանաբանական կարևորագույն ձեռնարկներ մեկնաբանվել ու դասավանդվել են հայ միջնադարյան վարդապետարաններում, բարձրագույն դպրոցներում։ Կյուրեղ Ալեքսադրացու աշխատություններից հատվածներ կամ ամբողջական գործեր են տպագրվել «Գիրք թղթոց» և «Կնիք հավատո» ժողովածուներում։

Կյուրեղ Ալեքսադրացին և Հայ եկեղեցու քրիստոսաբանությունը[խմբագրել]

Կյուրեղ Ալեքսադրացու աստվածաբանությունը երեք տիեզերական ժողովների դավանական որոշումների կուռ ամբողջացումն է, ուստի և Հայ եկեղեցու քրիստոսաբանությունը համերաշխ է Կյուրեղ Ալեքսադրացու վարդապետությանը։ Հայ դավանաբանական մատենագրության մեջ լայնորեն կիրառվող «Քրիստոս յերկուց բնութեանց միացեալ» արտահայտությունը Աթանաս Ալեքսանդրացու ընդունած և Կյուրեղ Ալեքսադրացու կանոնակարգած «Մի է բնութիւն Բանին մարմնացելոյ» կամ «Յերկուց բնութեանց մի» բանաձևի բյուրեղացումն է։ Հայ եկեղեցին, ընդունելով Կյուրեղ Ալեքսադրացու քրիստոսաբանությունը, նրա ոգով և դավանական սկզբունքներով է պարզաբանել դավանական նոր խնդիրները, մերժել այն ամենը, ինչը շեղվել է նրանից։ Հայ դավանաբանները Կյուրեղ Ալեքսադրացու գրվածքներն օգտագործել են իրենց հակաճառությունների մեջ՝ Հայ եկեղեցու ուղղափառությունը պաշտպանելիս։

Հայ եկեղեցին սուրբ Կյուրեղ Ալեքսադրացու հիշատակը տոնում է տարին 2 անգամ. Սուրբ Ծննդյան երրորդ կամ երկրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ։

Կյուրեղ Ալեքսանդրացին և Հիպատիան[խմբագրել]

5-րդ դարի հույն պատմագիր Սոկրատես Սքոլաստիկոսի հաղորդմամբ ոմն Պետրոսի գլխավորությամբ Կյուրեղի կողմնակիցներից բաղկացած ամբողխը հարձակվել և սպանել է անտիկ հույն փիլիսոփա և գիտնական Հիպատիային։ Սոկրատես Սքոլաստիկոսը, որը դեպքերին ժամանակակից էր, հետևյալ կերպ է նկարագրում սպանությունը[2]

Aquote1.png Երբ նա (Հիպատիան) ինչ-որ տեղից տուն էր վերադառնում, նրան վայր իջեցրեցին, քարշ տվեցին եկեղեցի, որը կոչվում էր Կեսարիոն, հետո, մերկացնելով, սպանեցին քարերով, մարմինը մասերի բաժանեցին, իսկ մարմինը (մարմնի մասերը) տարան մի վայր, որ կոչվում էր Կինարիոն, և այնտեղ այրեցին։ Aquote2.png

Ըստ պատմիչի, Հիպատիայի սպանությունը Կյուրեղի կողմից արտոնված չի եղել։ Սոկրատես Սքոլաստիկոսը գրում է, որ այն մեծ վիշտ է պատճառել Կյուրեղին և Ալեքսանդրայի եկեղեցուն, քանի որ «սպանությունները, խժդժությունները և նման կարգի այլ երևույթները բոլորովին խորթ են Քրստոսի ոգով մտածող մարդկանց համար»։

Չնայած Սոկրատեսի պնդմանը, այլ ուշ շրջանի հեղինակներ Հիպատիայի մահվան մեջ մեղավորության բաժին են տեսնում նաև Կյուրեղի մեջ։ Պ.Ֆ. Պրեոբրաժենսկին նշում է, որ. «... Քրիստոնեական եկեղեցին որոշակի անհարմարություն էր զգում Հիպատիայի դեմ արյունարբու դատաստանի պատճառով։ Այն ստիպված էր մանրակրկիտ ձևով հովանու տակ առնել Կյուրեղ Ալեքսանդրացուն... Ճակատագրի տարօրինակ զավեշտով, այդ նախանձախնդիր ու անխոնջ մարտիկը... դարձավ աղջկա զազրելի պատառոտման գաղափարական ոգեշնչողը..»[3]։

Քննադատություն[խմբագրել]

Կյուրեղը նաև հայտնի է մի քանի այլ իրադարձություններում ներգրավված լինելու համար։ Ըստ եկեղեցական պատմիչ Սոկրատես Սքոլաստիկոսի, Ալեքսանդրիայում քրիստոնյա և հրեական բնակչության միջև բախումների արդյունքում Կյուրեղի միջնորդությամբ հրեաները արտաքսվել են քաղաքից։ Իր իշխանությունն օգտագործելով Կյուրեղը փակում էր նովաթականների եկեղեցիները և առգրավում նրանց ունեցվածքը։ Կյուրեղն ի վերջո Ալեքսանդրիայից արտաքսեց նաև նովաթականներին։

Հռոմի կայսր Թեոդոսիուս Երկրորդը քննադատում էր Կյուրեղին «հպարտ փարավոնի» պես իրեն պահելու համար։ Նեստորացի հոգևորականները Եփեսոսի Ժողովում նրան հայտարարեցին հերետիկոս, «հրեշ, որ ծնվել ու կրթվել է եկեղեցին կործանելու համար»[4]

Ի. Մեյենդորֆը նշում է, որ Կյուրեղ Ալեքսանդրացին, որը ծանր վիճակում էր գտնվում 431թ. Եփեսոսի ժողովում իր հակառակորդների դեմ ինքնակամ հաշիվներ մաքրելու համար, կարողացավ առաջարկել 2500 ֆունտ ոսկի Բյուզանդիայի մայրաքաղաքի դատարաններին կաշառելու նպատակով։[5]

Պատկերումը ժամանակակից մշակույթում[խմբագրել]

Կյուրեղը ներկայացված է եգիպտացի գիտնական Յուսեֆ Զիեդանի «Ազազիլ» վեպում։ 2009 թ.-ին վեպը շահեց Արաբական արձակագրության Միջազգային մրցանակ։ Վեպը պատմում է մ.թ. հինգերորդ դարում Եգիպտոսում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպես նաև քրիստոնեության վաղ շրջանի պատմությունն է ներկայացնում։ Գիրքն առացաջրել է հակասական վերաբերմունք կրոնական մոլեռանդության և քրիստոնյա ամբոխների կողմից խմբակային բռնությունների տեսարաններ ներկայացնելու համար։ Վեպում Կյուրեղը պատկերված է որպես մոլեռանդ, ով սպանում է հրեաներին և այլոց, ովքեր չեն մերժում իրենց կրոնն ու ժխտում են քրիստոնեությունը։ Կյուրեղին նման լույսի ներքո պատկերելը շատ քրիստոնյաների է զայրացրել։

Կյուրեղ Ալեքսանդրացին նաև ներկայացված է 2009 թ.-ին նկարահանված Ագորա ֆիլմում։[6] Այստեղ ևս նա պատկերված է որպես ծայրահեղական։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. http://www.araratian-tem.am/holdetails.php?id=2009
  2. Սոկրատես Սքոլաստիկոս, «Եկեղեցական պատմություն», VII, 13-15.
  3. Պ.Ֆ. Պրեոբրաժենսկի.Ներածություն // Չ. Քինգսլի, Ֆ. Մաունթեր, «Իպատիա», 1994
  4. Edward Gibbon, Decline and Fall of the Roman Empire, 47
  5. Ի. Մեյենդորֆ «Կայսրության միասնությունը և քրիստոնյաների բաժանումը»
  6. http://www.imdb.com/title/tt1186830/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png