Ալեքսանդրիայի գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ancientlibraryalex.jpg

Ալեքսանդրիայի գրադարան, անտիկ ժամանակաշրջանի մեծագույն գրադարաններից մեկը, գործել է Ալեքսանդրայի մուսեոնին կից: Հիմնադրվել է մ.թ.ա 3-րդ դարում Պտղոմեոս Բ Ֆիլադելփոսի իշխանության տարիներին: Գրադարանում պահվել են ենթադրաբար 400 հազարից 700 հազար պապիրուսի գալարների վրա գրված ձեռագրեր: Գրադարանի առաջին պահապանը Զենոդոտոս Եփեսացին էր (մինչև մ.թ.ա. 234թ.), նրանից հետո՝ Էրատոսթենես Կիրենացին (մ.թ.ա. 236 -ից առ 195 թթ.), Արիստոփանես Բյուզանդացին (մ.թ.ա. 185—180թթ) և Արիստարքոս Սամոփրակիացին (մինչև մ.թ.ա. 146թ.): Գրադարանում աշխատել են հելլենիստական դարաշրջանի այլ նշանավոր գիտնականներ, այդ թվում Եվկլիդեսը:

Մ.թ.ա. 48—47 թթ. Հուլիոս Կեսարի կողմից Եգիպտոսում վարած ռամզական գործողությունների ընթացքում գրադարանում տեղի է ունենում հրդեհ, որի հետևանքով գրքերի մի մասը ոչնչանում է: Հետագայում գրադարանի շենքը վերականգնվում է և Մարկոս Անտոնիուսը վերականգնում է նրա գրքային ֆոնդը հելլենիստական աշխարհի մեկ այլ խոշոր գրաքային հավաքածուի՝ Պերգամոնի գրադարանի հաշվին:

Հետագա դարերին գրադարանը մի քանի անգամ ենթարկվում է հրդեհների, որոնց հետևանքով նրա գրքային ֆոնդը հետզհետե նվազում է: Այսպես, Ալեքսանդրայի գրադարանը հրդեհվել է մ.թ. 216թ., երբ հռոմեական կայսր Կարակալլան թույլ է տվել իր զինվորներին ավարի ենթարկել Ալեքսանդրան, նաև 273 թ., երբ հռոմեական կայսր Ավրելիանոսը գրավել է Ալեքսանդրիան Պալմիրայի Զենոբիա թագուհուց: IV դարում պահպանված գրքերի մի զգալի մասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս:

Ներկա վիճակը [խմբագրել]

2002 թվականին Ալեքսանդրիայում` նախկին գրադարանի տեղում, հիմնվել է նոր Ալեքսանդրիայի գրադարանը, որը պետք է վերականգնի նախկինի համբավը և բոլոր գիտելիք ձեռք բերել ցանկացողներին ազատ մուտք տա իր հարստությանը: