Եփեսոսի Գ տիեզերական ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եփեսոսի Գ տիեզերական ժողով, քրիստոնյա եկեղեցու տիեզերական ժողով, գումարվել է 431թ. հունիսի 22-ին բյուզանդական Թեոդոսիոս Բ Փոքր կայսրի հրամանով Եփեսոս քաղաքում։ Մասնակցել է 200 եպիսկոպոս։ Առիթը Կ. Պոլսի պատրիարք Նեստորի (428–431) վարդապետությունն էր և Քրիստոսի մարդկային ու աստվածային բնությունների շուրջ դավանաբանական վեճը, որ եկեղեցու պատմության մեջ մտել է «Քրիստոսաբանական մեծ վեճ» անունով։ Վեճին սկիզբ էին դրել Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի ներկայացուցիչ, Ալեքսանդրիայի պատրիարք Կյուրեղ Ալեքսանդրացին և Անտիոքի աստվածաբանական դպրոցի ներկայացուցիչ, Կ. Պոլսի պատրիարք Նեստորը։ 430-ին երկու կողմերը դիմել են Հռոմին, նույն թվականին Հռոմում գումարված ժողովում Կղեստիանոս պապն իբրև Կյուրեղ Ալեքսանդրացու կողմնակից սպառնացել է բանադրել Նեստորին։ Դրանից հետո Կյուրեղ Ալեքսանդրացին Ալեքսանդրիայում ժողով է գումարել, դատապարտել Նեստորին և ժողովի որոշումին կցել իր 12 նշանավոր նզովքները։ Դրանց ի պատասխան Նեստորը հրապարակել է իր 12 հականզովքները։ Նեստորի կողմն են անցել Անտիոքի պատրիարք Հովհաննես Անտիոքացին, Սամոսատի Անդրեաս և Կյուրոսի Թեոդորետ եպիսկոպոսները։ Հայտնի է Թեոդորետ եպիսկոպոսի հակակյուրեղյան նամակը։ Ալեքսանդրիայի դեմ ոտքի է կանգնել ողջ Անտիոքի դպրոցը։ Հակամարտությունը գնալով բորբոքվել է, և բյուզանդական կայսրը հրավիրել է տիեզերական ժողով՝ հարթելու համար Ընդհանրական եկեղեցու ներսում ծագած վեճերը։ Կյուրեղ Ալեքսանդրացին, որի կողմն էր անցել Եփեսոսի Մեմնոն եպիսկոպոսը, չսպասելով Հռոմի և Ասորիքի եպիսկոպոսների ժամանելուն, բացել է ժողովը, բանադրել Նեստորին և նրա կողմնակիցներին՝ որպես ՙհայհոյիչ Որդւոյն Աստուծոյ Յիսուսի Քրիստոսի և սուրբ Աստուածածին Մարիմայ՚։ Մի քանի օր անց, հունիսի 26-ին, տեղ է հասել Հովհաննես Անտիոքացին Ասորիքի 34 եպիսկոպոսների հետ միասին, տեղի ունեցած ժողովը հայտարարել է անօրինական, գումարել առանձին ժողով, դատապարտել Կյուրեղ Ալեքսանդրացուն ու Մեմնոնին և իր որոշումն ուղարկել Թեոդոսիոս II կայսրին։ Կայսրը մի թղթով ընդունել է երկու ժողովների վճիռներն էլ և աթոռներից զրկել և՜ Նեստորին, և՜ Կյուրեղին, ինչպես նաև՝ Եփեսոսի եպիսկոպոս Մեմնոնին։ Սակայն Կյուրեղի կողմնակիցները, չհամաձայնելով այդ որոշման հետ և վստահ իրենց հաղթանակին, ստիպել են կայսրին վերանայել իր վճիռը։ Կայսրի վերջնական որոշման վրա ազդել է Կյուրեղի կողմնակիցների հզորությունը, նաև այն, որ Հռոմն այդ ժամանակ կողմ էր Կյուրեղ Ալեքսանդրացուն և հանձնարարել էր բանադրել Նեստորին։ Թեոդոսիոս II-ը ի վերջո ընդունել է Կյուրեղ Ալեքսանդրացու նախագահած ժողովի որոշումները, այն հռչակել է տիեզերական, աքսորել Նեստորին, իսկ Կյուրեղին և Մեմնոնին կրկին բազմեցրել իրենց աթոռներին։

Եփեսոսի Գ տիեզերական ժողովը Հավատո նոր հանգանակ չի հաստատել, այլ հավանություն է տվել Կյուրեղ Ալեքսանդրացու նզովքներին՝ որպես հավատքի սահման և ուղղափառ դավանանք։ Ժողովի որոշումներն ընդհանրապես անտիոքյան աստվածաբանության մերժումն էին, քան սոսկ Նեստորի վարդապետության դատապարտում։ Քրիստոս Որդին Աստված է ըստ բնության, թեև եղավ մարդ (մարդացյալ Աստված), և նրանում գործում են միավորված երկու բնությունները։ Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են Աստծո Բանին, անշփոթ, անխառն, անփոփոխ և անայլայլելի ձևով։ Ոչ թե երկու որդի և երկու Քրիստոս, մեկը՝ շնորհիվ որդեգրության՝ Աստված, ճշմարիտ և երկրպագելի (աստվածացած մարդ), մյուսը՝ ծնունդով մարդ, ոչ երկըրպագելի, ոչ թե երկու առանձին, իրարից անջատ բնություններ (Նեստոր), այլ՝ Աստվածամարդ՝ բնությունների անշփոթ և անբաժանելի միավորությամբ. մի Տեր, մի Հիսուս, մի դեմք և միացյալ աստվածամարդկային բնություն (ընդդեմ Նեստորի)։ Ս. Կույս Մարիամն Աստվածածին է և ոչ թե սոսկ մարդածին ու Քրիստոսածին (հակառակ Նեստորի), քանզի նա ոչ թե սկզբնավորեց Աստվածազգեստ մարդու, այլ՝ ծնեց Մարմնացյալ Բանին, այսինքն՝ մարդու կերպարանք տվեց հավիտենությունից առաջ ծնված Աստծո Որդուն՝ Հիսուսին (Կյուրեղ-եփեսոսյան դավանանք)։ Ժողովն ընդունել է 6 կանոն՝ բոլորն ուղղված Նեստորի և նրա համախոհների դեմ։ Կանոններն արգելել են որևէ մի հոգևորականի հաղորդություն ունենալ նրանց հետ կամ քարոզել նեստորականների գրվածքներ, հակառակ դեպքում օրինազանցներին սպառնում էր աստիճանազրկում և եկեղեցուց արտաքսում։

Եփեսոսի Գ տիեզերական ժողովը և Հայոց եկեղեցին[խմբագրել]

Հայ եկեղեցին չի մասնակցել Եփեսոսի Գ տիեզերական ժողովին, սակայն նախորդ երկու տիեզերական ժողովների հետ միասին ընդունել է նրա տիեզերական հեղինակությունը։ Կորյունի, Մովսես Խորենացու վկայությամբ, Հայոց Սահակ Ա Պարթև կաթողիկոսը և Մեսրոպ Մաշտոցը 435-ին, Աշտիշատի ժողովում ընդունել են Եփեսոսի Գ տիեզերական ժողովի 6 կանոններն ու որոշումները, որոնք Եփեսոսից բերել էին Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանության օրինակի հետ միասին։

Հայ եկեղեցին Եփեսոսի Գ տիեզերական ժողովի և 200 հայրապետների հիշատակը տոնում է Վարդավառի հինգերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը կամ Վարդավառին հաջորդող առաջին շաբաթ օրը՝ օգոստոս ամսին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png