Արածանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արածանի
Murat Nehri
Արածանի գետը
Արածանի գետը
ISS011-E-10824 Murat.jpg
Բնութագիր
Երկարություն 722 կմ
Ջրի ծախս 1 մ3
Ջրահոսք
Ակունք Ծաղկանց լեռներ
 · Բարձրություն 3060 մ
Գետաբերան Եփրատ
Տեղակայում
Երկիր Թուրքիա Թուրքիա
Գետը Վիքիպահեստում

Արածանի, գետ Հայկական լեռնաշխարհում։ Հին հունա-հռոմեական աղբյուրներում կոչվել է Արսանիաս (լատ.՝ Arsanias), ներկայումս թուրքերը կոչում են Մուրատ (թուրք.՝ Murat Nehri)։ Միանալով Արևմտյան Եփրատին՝ առաջացնում է Եփրատ գետը։ Երկարությունը 722 կմ է, ավազանը՝ 40000 կմ2։ Հին ժամանակներում գետն ամբողջությամբ հոսել է Մեծ Հայքի թագավորության տարածքով։ Ներկայումս հոսում է Թուրքիայի տարածքով։

Հին մատենագիրները Արածանին հիշում են որպես ինքնուրույն գետ և ոչ որպես Եփրատի վտակ։ Սկիզբ է առնում Ծաղկանց լեռների հյուսիսային մասից՝ մոտ 3060 մ բարձրությունից։ Վերին հոսանքում անցնում է խոր կիրճով դեպի հյուսիս, ապա հյուսիս–արևմուտք, դուրս գալիս Ալաշկերտի դաշտ և հոսում հարավ–արևմտյան ուղղությամբ։ Արածանի գլխավոր վտակներն են Բագրևանդը, Խնուսը, Բյուրակնը (աջից), Մանազկերտը, Մեղրագետը, Ճապաղջուրը (ձախից)։ Հորդանում է ապրիլ–մայիսին, դաշտային մասերում ողողում շրջակա տարածությունները. ցածր մակարդակը՝ հուլիս–օգոստոսին։ Ձմռանը սառցակալում է։ Դեռևս ուրարտական ժամանակներից օգտագործվում է ոռոգման նպատակներով։

Արածանու ավազանում են գտնվում Վաղարշակերտ, Մուշ, Բալու, Խարբերդ քաղաքները։ Արածանին, որի հովիտը հայ ժողովրդի բնօրրաններից է, Հայաստանի սրբազան պաշտամունքի գետն է։ Նրա ակունքների մոտ էր գտնվում Հայոց զորքի գլխավոր բանակատեղին՝ Շահապիվանը, որտեղ գումարվում էին աշխարհաժողովներ և կատարվում նավասարդի տոները։ Մ.թ.ա. 68-ին Արածանի ափին տեղի ունեցավ Արածանիի ճակատամարտը՝ հայոց և հռոմեական զորքերի միջև։ Հայաստանում քրիստոնեությունը պաշտոնական կրոն հռչակելիս Արածանիում մկրտվեցին Հայոց թագավոր Տիգրան Գ, զորքը և ժողովուրդը։ Արածանի ավազանի բնակչությունը մինչև Մեծ եղեռնը հիմնականում կազմում էին հայերը։ Ըստ նրանց մեջ տարածված ավանդության, իբր Արածանու հովտում է եղել դրախտը։

Commons-logo.svg